Health Corner

Չկա անբուժելի հիվանդություն, կա անդարձ կորցրած ժամանակ։ Մեր հյուրն է Անդրանիկ Ոսկանյանը

Նոյեմբերի առաջին ուրբաթը ողջ աշխարհում նշվում է որպես թոքերի քրոնիկ օկստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի օր: Նման ձևակերպումը թույլ է տալիս ուշադրության արժանացնել այդ շարքի հիվանդությունները, անց կացնել մեծամասշտաբ հետազոտություններ`   հայտնաբերելու թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, և դրանով իսկ հնարավորություն տալու կանխել դրա զարգացումը, քանի դեռ հիվանդությունը չի զարգացել:

Թոքերի  քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, Հայաստանում առկա անձավաբուժության միջոցով դրանց կանխարգելման, հիվանդի վիճակի բարելավման, ինչպես նաև Հայաստանում բնաբուժության զարգացման ճանապարհի, ձեռքբերումների ու խնդիրների մասին զրուցեցինք «Բնաբուժություն» ՍՊԸ նախագահ, «Անձավաբուժություն» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանի հետ:

–  Պարոն Ոսկանյան, կպատմե՞ք, թե ինչպես են դրվել բնաբուժության հիմքերը Հայաստանում:
 
–  Եթե ընդունենք, որ «առողջարան» հասկացությունն ինքնին բնաբուժական տարրեր է պարունակում, ապա պետք է ասենք, որ այս ճյուղը մեզանում շատ հին պատմություն ունի, սակայն, իբրև առանձին միավոր, բնաբուժությունն առաջին անգամ հանդես եկավ այն ժամանակ, երբ սկսեց գործել աղի հանքի ստորգետնյա առողջարանը`   1987 թվականին: Այդ տարվա մայիսի 5-ին մենք ընդունեցինք առաջին հիվանդներին:
 
–  Համապատասխանու՞մ է արդյոք աղի հանքի ստորգետնյա առողջարանը միջազգային ստանդարտներին:
 
–  Աշխարհի գրեթե բոլոր անձավաբուժարանները կառուցված են փորվածքների մեջ, այսինքն՝ հանածոն ժամանակին հանվել է, և հետագայում առաջացած խորշը կիրառվել է բուժական նպատակներով: Մեզ մոտ աղի հանքի ստորգետնյա առողջարանը կառուցված է հատուկ նախագծով ու համապատասխանում է բուժական հիմնարկների բոլոր ստանդարտներին: Նշեմ նաև, որ մենք ունենք, չեմ վախենա ասել,  աշխարհի լավագույն քարաղը: Ինձ համար համոզիչ է այն միտքը, որ կյանքը երկրի վրա սկիզբ է առել հենց Հայկական լեռնաշխարհից, քանի որ այստեղ աղի բաղադրությունը իդեալական է:
 
–  Նոյեմբերի 16-ին նշվեց թոքերի քրոնիկ օկստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի օրը: Ի՞նչ նպատակի է ծառայում նման օրերի հռչակումը: Արդյոք բերու՞մ է որևէ շոշափելի արդյունք այդ հիվանդություններով տառապող մարդկանց:
 
–  Այս օրերին բոլոր բժիշկների ու ողջ հասարակության ուշադրությունը հրավիրվում է խնդրի վրա: Ինչու՞ չկա, օրինակ, թոքաբորբի դեմ պայքարի օր. քանի որ թոքաբորբը սուր բորբոքում է, որն անցնում է 14 օրվա ընթացքում, իսկ օբստրուկտիվ հիվանդություններն ունեն քրոնիկ բնույթ: Նման հիվանդությունների քայքայիչ ազդեցությունը վերացնելը բարդ է, դրանք թոքերը ենթարկում են անդառնալի փոփոխությունների, և նման դեպքում կարելի է միայն բարելավել հիվանդի վիճակը կամ ավելացնել կյանքի տևողությունը: Բացի այդ,  այս հիվանդությունները զարգացող են, այսինքն՝ բուժես, թե ոչ, միևնույն  է, հիվանդի վիճակը շարունակ վատանալու է: Սա է պատճառը, որ արտերկրում, որտեղ արդեն զարգացած է ապահովագրական բժշկությունը, շատ բժիշկներ հրաժարվում են ընդունել քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով մարդկանց, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ապահովագրական ընկերությունը վճարել է նրանց բուժման դիմաց, բայց վերջում պարզվել է, որ փաստացի հիվանդությունը բուժված չէ, և ապահովագրական ընկերությունը դատի է տվել բժշկին ու հետ վերցրել գումարը: Ես սկզբում զարմանում էի, երբ արտերկրից նման հիվանդները գալիս էին մեզ մոտ բուժվելու։ Փաստորեն, պարզ դարձավ, որ պատճառն այդ խնդրի բացակայությունն էր մեզ երկրում և որ բժիշկները կընդունեն ու կբուժեն նրանց: Հիմա պարզ է դառոնւմ նաև, որ ապահովագրական բժշկության զարգացումը Հայաստանում ևս կարող է բերել նմանատիպ հետևանքների: Ահա ինչու այսօր գերխնդիր է. ոչ թե բուժել այս հիվանդությունները, այլ կանխարգելել, գտնել խոցելի խմբերն ու աշխատել նրանց հետ այնպես, որ հիվանդության չնչին ռիսկն անգամ վերանա: Պետք է նաև ստեղծել հատուկ ֆոնդ նման հիվանդների բուժման համար, քանի որ այդ գումարը վստահաբար հետ չի գալու պետությանն այն պարզ պատճառով, որ նման հիվանդները երբեք ի զորու չեն լինելու ինչ-որ կերպ աշխատելու ու փոխհատուցելու պետությանը: 
 
–  Խոսեցիք խոցելի խմբի մասին: Կմանրամասնե՞ք:
 
–  Այո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով հիվանդանալու ռիսկային խմբում են նախևառաջ նրանք, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն. (A(II) արյան խումբ, IgA բացակայություն, IgA բարձր աստիճան, աղտոտված շրջապատ (SO2, NO2, O3), C վիտամինի պակաս, նաև նրանք, ովքեր հաճախ են հիվանդանում վիրուսային վարակներով, ապրում են սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում, ծխում են կամ պասիվ ծխողներ են մանուկ հասակից: Ծխախոտն, առհասարակ, կարող է դառնալ նախանշանների ազդարար նման հիվանդության դեպքում: Հիշու՞մ եք`   ինչպես էր հայտնի հեքիաթում. շաղգամը չկարողացան հանել պապիկը, տատիկը, թոռնիկը... և մկնիկի գործոնը շաղգամը դուրս բերեց: Ծխախոտինը`   մկնիկի դերն է, մի փոքր ներգործություն, և կարող է արթնացնել հիվանդությունը:
 
–  Այսինքն՝ եթե այս ռիսկային խմբի մարդիկ կատարեն հետազոտություններ`   մինչև հիվանդության գլուխ բարձրացնելը, բուժումը հնարավո՞ր է:
 
–  Միանշանակ: Ես սիրում եմ այս դեպքում մի խոսք ասել՝ չկա անբուժելի հիվանդություն, կա անդարձ կորցրած ժամանակ: Մի անգամ մենք կատարել ենք հետազոտություն: Զննել ենք Շենգավիթի տարածաշրջանի 28 դպրոցների 1-3 դասարանների բոլոր երեխաներին ու պարզել, որ, չնայած Հայաստանում քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով գրանցված է երեխաների 1-1,9%-ը, իրականում այդ թիվը 12,6% է։ Ավելին, թիվն աճում է`   կախված ընտանիքում ծխող անձանց քանակից: Եթե ընտանիքում ծխում է մեկը, սպառնացող թիվը մոտ 22% է, երկուսը`   28% է, 3-ը`   38%, 4 և ավելի ծխողների դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը դառնում է 50%:  Մենք հայտանբերեցինք նաև, որ եթե ոչինչ չանենք, հիվանդության 12,6% նախատրամադրվածությամբ ապրող այդ երեխաների մոտավորապես 1/3-ն առողջ են մեծանում, իսկ եթե միջամտենք, հնարավոր կլինի առողջ մեծանալու հավանականությունը դարձնել 85-88%:
 
–  Ինչպիսի՞ն է բուժման Ձեր մեխանիզմը:
 
–  Շատերին թվում է, թե մեկ անգամ իջնելով ու մի քիչ քայլելով աղի հանքում, հնարավոր է առողջանալ: Այդպես չէ: Մենք անց ենք կացնում բուժում հանգստի միջոցով: Այսինքն, մարդն ախտոտված վերգետնյա աշխարհից մտնում է մի տեղ, որտեղ չկա փոշի, մագնիսական դաշտ, աղմուկ, ալերգեններ, ի վերջո, չկա զոքանչ ու սկեսուր… Մարդը լիակատար հանգստանում է, և երբ դուրս է գալիս, նրա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան ասես սկսում է զրոյից աշխատել, վերակառուցվել: Այլ կերպ ասած, մենք ոչ թե բուժում ենք մարդուն, այլ հնարավորություն ենք տալիս բնությանն ուղղել սեփական սխալը: Այս մեթոդով բուժվելու լավագույն  հնարավորություն ունեն երեխաները, քանի որ նրանց օրգանիզմը`   մինչև սեռական հասունացման շրջանը, դեռևս դյուրափոփոխ է, ու նրանց դեպքում այս մեթոդն աշխատում է գրեթե անսխալ: Մեթոդն առավել անսխալ է աշխատում, եթե բուժումը սկսվում է մինչև երեխայի ծնունդը: Այս հավաստմանը մենք եկանք այն ժամանակ, երբ ասթմայով հիվանդ հղի կանայք, ովքեր չէին կարող դեղորայք ընդունել, դիմեցին բնաբուժության: Աղի հանքի առողջարանում անցկացրած բուժումն օգնեց ո´չ միայն բարեհաջող ավարտել հղիությունը, այլև պարզվեց, որ փաստացի հիվանդ մորից ծնվեց առողջ երեխա: Սա վաղվա խնդիրն է: Պետք է հասնել նրան, որ ռիսկային խմբում գտնվող բոլոր ապագա ծնողներն ինքնակամ անցնեն ռեսպիրատոր հետազոտություն, անհրաժեշտության դեպքում բուժվեն ու լույս աշխարհ բերեն լիակատար առողջ երեխաներ:
 
–  Բացի աղի հանքի ստորգետնյա առողջարանից ունեք նաև հատուկ գալաէրոզոլ-քրոմոքվանտային մոդուլացիոն պալատ, որտեղ կան մարզասարքեր, կանխարգելիչ լուսամփոփներ, կաղնու փայտից բուժական-կազդուրիչ տակառ և այլն: Ո՞րն է դրանց նշանակությունը:
 
–  Երբ ունեցանք ստորգետնյա առողջարանի առաջին հաջողությունները, ի հայտ եկան նաև բարդություններ: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իջնել աղի հանք։ Հատուկ նրանց համար որոշեցինք ու ստեղծեցինք այդ պալատը, որն իզոլացված է արտաքին աշխարհից և որտեղ լամպերի ու որոշ այլ փոխարինող էներգիայի աղբյուրների միջոցով ստեղծված են բոլոր պայմանները: Այդ  պալատը նույնքան արդյունավետ է, որքան աղի հանքի ստորգետնյա առողջարանը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company