Encyclopedia

Գոլֆ

Գոլֆը միջազգային մարզաձև է:
Գոլֆ (անգլերեն`   golf) — մարզախաղ ռետինե գնդակի (քաշը`   42,5 գրամ) և մականների (երկարությունը 85-100 սմ) օգնությամբ, որը տեղի է ունենում կանաչածածկ դաշտում։

Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ: Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի): Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը: 

 

Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով: Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով: Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը:
 
Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա: Պատվանդանից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ): Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը: Կարճ խուզած խոտի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը: Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ առվակները կամ ավազածուղակները (բունկերները):
 
Գոլֆի խաղադաշտը բաժանված է 18 հավասար մասերի՝ մրցուղիների, որոնց վերջում գտնվում են փոսիկները: Այդ 18 փոսիկների գրավումը կազմում է խաղի 1 ռաունդը: Յուրաքանչյուր փոսիկի արդյունքի հաշվման միավորը փարն է՝ հարվածների այն թիվը, որ հաջող խաղի դեպքում գոլֆ խաղացողը պետք է կատարի յուրաքանչյուր կոնկրետ փոսիկի համար կամ ամբողջ դաշտում: Յուրաքանչյուր փոսիկի համար տրվում է 3–5 հարված: Բոլոր փոսիկների փարերի գումարը կազմում է դաշտի ընդհանուր փարը: 18 փոսիկով ստանդարտ խաղադաշտի համար, որպես կանոն, այն հավասար է 70–72-ի:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.