Encyclopedia

Թվաբանություն

Թվերի հետ կատարվող թվաբանական հիմնական գործողությունները չորսն են՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում:

Եթե շատ պարզ արտահայտվենք, ապա գումարումը ընդամենը իրար հետևից թվերը հաշվելն է՝ մի թվից մինչև մյուսը. օրինակ՝ 3-ին 3 գումարելը նույնն է, ինչ 3-ին հաջորդող երեք թիվ հաշվելը՝ 4, 5, 6: Իսկ բազմապատկումը պարզապես գումարման կրկնությունն է. օրինակ՝ 4-ը բազմապատկած 6-ով նույն է, ինչ 4+4+4+4+4+4 (կամ 6+6+6+6):

Հանումը գումարման հակառակ գործողությունն է. օրինակ՝ 13-ից հանած 7 նույնն է, թե գտնենք՝ 7-ին ի՞նչ թիվ պետք է գումարել 13 ստանալու համար:
 
Իսկ բաժանումը պարզապես բազմակի հանումն է: Ուստի մաթեմատիկական ցանկացած բարդ հաշվում կարելի է փոխարինել պարզ գործողությունների՝ գումարման և հանման երկար շղթայով:
 
Թվաբանական պարզ գործողությունները կատարվում են մտքում՝ բանավոր հաշվի ձևով, սակայն աստղագիտության, նավագնացության, մեքենաների նախագծման կամ էներգիայի ծախսերի և մարդկային գործունեության բազմաթիվ այլ բնագավառներում անհրաժեշտ է լինում ճշգրտորեն բազմապատկել մեծ կամ շատ մեծ թվեր: Այդպիսի հաշվումները ներկայումս կատարում են համակարգիչներով: Սակայն համակարգիչների գյուտից շատ ավելի առաջ մարդիկ հորինել էին բազմապատկման տարբեր եղանակներ: Դրանցից ամենապարզը բազմապատկման աղյուսակն է: Որոշակի բարդության հաշվումների համար ստեղծվել են համրիչ և հաշվիչ:
 
Հայաստանում թվաբանության զարգացման և ուսուցման գործը մեծապես կապված է VII դարի գիտնական Անանիա Շիրակացու անվան հետ: Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները թվաբանություն են սովորել Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները կառուցված են պատմության, աշխարհագրության և տարբեր արհեստների հետաքրքիր տեղեկությունների վրա: Որոշ խնդիրներ ունեն զվարճալի բնույթ և կոչվել են խրախճանականներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.