Health Corner

Լոլիկ. բաղադրությունն ու հատկությունները

Մեր մանկության սինյոր պոմիդորը, լոլիկը կամ տոմատը ծնունդով Լատինական Ամերիկայից է, իսկ այսօր այն տարածված է ողջ աշխարհում, ինչպես և նրա հայրենակից կարտոֆիլը: Դժվար է հավատալ, որ ժամանակին այն համարվել է թունավոր և դրա օգնությամբ, նույնիսկ փորձել են թունավորել չարակամներին թշնամիներին:

Հայտնի է, որ լոլիկի թունավոր հատկության մասին մոլորությունը երկար ժամանակ Եվրոպայում դրա կիրառումն արգելելու պատճառ է դարձել: Իսկ իրականում թունավոր են ոչ թե պտուղները, այլ բույսի ցողունները: Լոլիկը Ռուսաստանի համար բացահայտել է Եկատերինա Երկրորդը: Ճիշտ է, մինչև բանջարեղենը հասնում էր Ռուսաստան, արդեն կորցնում էր համային հատկությունները, գուցե դա էր պատճառը, որ այն անհամ կամ, ավելի ճիշտ`   տհաճ համով պտուղ էր համարվում: Եվ միայն XIX դարում դրա մշակությունը գյուղատնտեսության մեջ տարածում ստացավ: Ու արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, թե ինչ էինք անելու այս սեզոնին առանց կարմիր, հյութեղ ու կերակուրների անբաժան բաղադրիչ հանդիսացող լոլիկի կամ էլ տոմատի մածուկի:

 
Լոլիկի օգուտն ու հատկությունները
 
Լոլիկը կամ, ավելի ճիշտ`   տոմատի մածուկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:
 
Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո): Սակայն պետք է բացառել մարինացված ու աղը դրած վարունգը: Ընդունել երկու շաբաթ, ապա 10-օրյա դադար տալ ու կրկնել 2-շաբաթյա բուժումը: Սա`   ստամոքսի խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ լյարդի ու լեղաքարային հիվանդությունների դեպքում բարերար է ազդում հետևյալ միջոցը. 200 գ հասուն շոգեխաշած դդումը պատառաքաղով տրորել, ավելացնել մի փոքր կարագ ու խառնել: Ապա ստացված զանգվածին ավելացնել թարմ տոմատի հյութ: Խառնել, ընդունել ուտելուց կես ժամ հետո, օրական 2 անգամ, մեկ շաբաթ: Որից հետո մեկ շաբաթ ընդմիջում տալ, ապա կրկնել. ընդունել 6 շաբաթ`   շաբաթական ընդմիջումով:
 
Սիրտանոթային համակարգի բուժումը լոլիկներով
 
Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ`   նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե°վ թարմ, և° ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:
 
Ավիտամինոզի բուժումը տոմատով
 
Ավիտամինոզի հետևանքները ակներև են մաշկի վրա: Ավիտամինոզը, որը հիմնականում լինում է վաղ գարնանը, ազդում է մաշկի, մազերի, եղունգների և արտաքինի վրա: Կարևոր են А, В1, В2, С վիտամիններն ու ֆոսֆատական աղերը, երկաթն ու կալիումը: Այդ ամենը պարունակվում է լոլիկի մեջ: Ձմռանն ավիտամինոզը կարելի է բուժել հետևյալ կերպ. վերցնել հավասար քանակությամբ թթու կաղամբի աղաջուր ու տոմատի հյութ, 2 բաժին պակաս խնձորի հյութ (թարմ կամ պահածոյացված):
 
Համի համար կարելի է մի փոքր շաքար ավելացնել: Ստացված հյութը խմել ամեն օր, 2 շաբաթ:
 
Այրվածքների ու վերքերի բուժումը լոլիկով
 
Լոլիկը քերծվածքներն ու պատռվածքները բուժելու արդյունավետ միջոց է: Բավական է վնասված տեղին կիսած լոլիկ դնել կամ էլ լոլիկի թարմ հյութ լցնել: Տոմատի հյութն ունի մանրէասպան ու հակաբորբոքային ազդեցություն:
 
Այրվածքների դեպքում կես բաժակ տոմատի հյութը խառնել ձվի սպիտակուցի հետ և անմիջապես լցնել այրվածքի վրա: Իսկ վրայից թանզիֆով ծածկել, որ և ցավը նվազի, և մաշկի վերականգնողական պրոցեսն արագանա:
 
Պոտենցիայի ուժեղացման միջոց
 
Հնդկացիական ցեղերը օգտագործում էին լոլիկը որպես տղամարդու պոտենցիայի բարելավման միջոց: Տոմատն իրոք նպաստում է սեռական գեղձերի աշխատանքին: Իզուր չէ, որ ֆրանսիացիներն այն անվանում են սիրո խնձոր`   la pomme de l’amour:
 
Լոլիկի բաղադրությունը
 
Լոլիկի պտուղները տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ, գույնով, լինում են կարմիր կամ դեղին: Պարունակում են շաքար, հանքային աղեր, պեկտինանյութեր, ալկալոիդներ, կարոտին, կալիում ու մեծ քանակությամբ B, P վիտամիններ, բջջանյութ, խնձորաթթու, կիտրոնաթթու և ասկորբինաթթու: Վերջինն անգամ պահածոյացնելիս մեծ քանակությամբ պահպանվում է, իսկ ընդհանուր պարունակությունն այնքան է, որքան մանդարինի ու կիտրոնի մեջ:
 
Սննդանյութերի պարունակության շնորհիվ լոլիկը փրկում է պոլիվիտամինոզից ու օժտված է բուժիչ բարձր հատկություններով:
 
Հակացուցումներ
 
Լոլիկը չպետք է չարաշահեն լեղաքարային հիվանդություններ ունեցողները, քանի որ այն օժտված է ուժեղ լեղամուղ հատկությամբ, կարող է քարերի դուրսմղման պատճառ լինել: Չարժի ռիսկի դիմել, երբ չգիտեք լեղաքարերի չափսերը, քանի որ դրանք պարզապես կարող են խցանել լեղուղիները: Բացի դրանից, եթե դրանք օքսալատային կամ ֆոսֆատային քարեր են, կարող են մեծանալ: Արյան բարձր ճնշում ու սիրտանոթային և երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մարինացված կամ էլ պահածոյացված ու աղը դրած լոլիկ օգտագործել: Ապուրում եփած լոլիկը կամ նույնիսկ պահածոյացված լոլիկը նպաստում է միզապարկում ու երիկամներում քարերի առաջացմանը:
 
Լոլիկը պետք է զգուշությամբ օգտագործեն բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված խնդիրներն ունեն: Քարերը միանգամից չեն առաջանում, դրա համար ամիսներ ու տարիներ են հարկավոր: Ուստի չզարմանաք, երբ պարզվի, որ քար ունեք: Մի բան էլ հիշեք. լոլիկն ու հացը, միսն ու ձուն անհամատեղելի են: Այս մթերքներն ընդունելիս ընդմիջում արեք:
 
Տոմատի հյութ
Պետք է խմել միայն սնունդ ընդունելուց կես ժամ հետո: Այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում ու օգտակար է կոսմետոլոգիական առումով: Բայց ճիշտ կլինի այն պատրաստել տանը, քանի որ խանութի հյութի մեջ նաև քացախ կա:
 
Լոլիկը դիմահարդարման մեջ
 
Լոլիկի այդ հատկությունները հայտնաբերել են եվրոպացիները, որոնք սկսեցին դրանք կիրառել դիմակների, քսուքների ու լոսյոնների մեջ: Լոլիկի մեջ պարունակվող սննդանյութերը հիանալի թարմացնում են մաշկը, դարձնում ողորկ ու վերականգնում առաձգականությունը, մաշկին առողջ գույն հաղորդում: Ընդ որում, լոլիկը կարելի է կիրառել բոլոր տեսակների մաշկի համար:
 
Ամենապարզ ձևը բամբակե խծուծով մաքուր մաշկին տոմատի հյութ քսելն է: 12-20 րոպեից դեմքը լվանալ գոլ ջրով: Խանութից գնած հյութն այդ նպատակի համար պիտանի չէ, քանի որ դրա բաղադրության մեջ քացախ կա, որը կարող է գրգռել մաշկը: Տոմատի հյութ կարելի է ինքնուրույն պատրաստել. հասուն լոլիկները ճզմել, ավելացնել հացի փշուր կամ ցորենի ալյուր:
 
Չոր ու նորմալ մաշկի համար օգտակար է կաթնաշոռով դիմակը: 2 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ տոմատ ու մի փոքր աղ, 1 ճաշի գդալ չզտված ձեթ, ապա խնամքով խառնել ու օգտագործել: Այս դիմակը սնուցում է մաշկն ու թարմ և առողջ գույն հաղորդում:
 
Որքան լոլիկ կարելի է ուտել
 
Լոլիկը ցածրկալորիական է, ու այն համարձակ կերպով կարելի է դիետիկ սննդակարգի մեջ ներառել, իհարկե, եթե չկան հակացուցումներ: Հանքային ու վիտամինային բաղադրության շնորհիվ լոլիկը գերազանց միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարում: Քաշը գցելուն օգնում են կալիումական աղերը, որոնք նվազեցնում են հյուսվածքներում հեղուկը պահելու հատկությունը: Օգտակար է միայն լոլիկով բեռնաթափման օրեր սահմանելը: Լոլիկը բազմաթիվ ուտեստների բաղադրիչ է`   կետչուփ, աղցան, ապուր, խյուս: Լոլիկը տապակում են, խորովում, խաշում, նույնիսկ`   չորացնում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company