Encyclopedia

Կենդանիներ

Կենդանիները (լատիներեն՝ Animalia, Metazoa) օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա է, որը ներկայումս ունի թագավորության աստիճան: Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան:

Կենդանիները կազմում են բջջային օրգանիզմների կայսրության կորիզավորների վերնաթագավորության 3 (մյուս 2-ը՝ սնկերն ու բույսերն են) թագավորություններից մեկը:
Ի տարբերություն բույսերի՝ կենդանիներն աճում են կյանքի միայն սկզբնական շրջանում, ինքնուրույն չեն կարող օրգանական նյութեր սինթեզել, օժտված են ակտիվ շարժունակությամբ ու բարձր զգայունությամբ և ունեն կառուցվածքային ու կենսաքիմիական մի շարք առանձնահատկություններ: Կենդանիները հավանաբար առաջացել են շուրջ 1–1,5 մլրդ տարի առաջ՝ ծովում: Ցամաքային կենդանիները սկիզբ են առել ծովային և քաղցրահամ ջրային ձևերից: Երկրի վրա կենդանիներն ապրում են գրեթե ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև շոգ, չոր անապատներն ու խոնավ մերձարևադարձային անտառները:

 
Կենդանիները բաժանվում են միաբջիջների և բազմաբջիջների: Միաբջիջներից են նախակենդանիները (մտրակավորներ, սպորավորներ, կնիդիոսպորիդներ, ինֆուզորիաներ): Մնացած բոլոր կենդանիները պատկանում են 2-րդ խմբին, որոնց մարմնի կազմությունը խիստ բարդացել է, բջիջները տարբերակվել են, և գոյացել են հյուսվածքներ, օրգաններ ու օրգանների համակարգեր (օրինակ՝ մարսողության, արտաթորության, բազմացման, նյարդային և այլն): Ի հայտ են եկել օրգանիզմի ներքին միջավայրն ապահովող հատուկ հարմարանքներ:
Կենդանիների մեծամասնությունը խխունջների կամ ձիերի նման բուսակեր է: Մյուսները, օրինակ՝ առյուծներն ու շնաձկները, գիշատիչներ են (սնվում են ուրիշ կենդանիներով): Երրորդները, ինչպես մարդը և որդերը, ամենակեր են: Գոյություն ունեն նաև լեշակերներ, ինչպես անգղերը և որոշ սարդեր (սնվում են սատկած կենդանիներով կամ բույսերի մահացած մասերով):
 
Ողնաշարավորներ և անողնաշարավորներ
Ողնաշարավոր կենդանիների մարմինը պահում են առանցքային կմախքը և ուրիշ ոսկրեր: Ողնաշարավորները բաժանվում են 5 հիմնական խմբերի`   ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ: Ողնաշարավորների շարքն են դասվում գրեթե բոլոր խոշոր մարմնակազմվածք ունեցող կենդանիները: Գոյություն ունեն նաև բազմատեսակ անողնաշարավոր կենդանիներ (օրինակ՝ միջատները, կաղամարները, խխունջները, մեդուզաները), որոնք թեպետ ներքին կմախք չունեն, սակայն նրանց մարմինը պահում է ներքին կամ արտաքին կարծր ծածկույթը:
Հայտնի է ողնաշարավոր կենդանիների մոտ 50 հզ. տեսակ: Հնարավոր է, որ դա Երկրի վրա գոյություն ունեցող կենդանիների 1%-ից էլ քիչ է:
 
Ջերմակարգավորումը
Կենդանիները, ըստ մարմնի ջերմաստիճանի կայունության, բաժանվում են տաքարյունների և սառնարյունների: Կենդանիները (օրինակ՝ թռչունները և կաթնասունները) ունեն մարմնի կայուն ջերմաստիճան և ակտիվ են՝  անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Դրա համար այդ կենդանիները պետք է կանոնավոր սնվեն ու կարողանան օրգանիզմն ապահովել անհրաժեշտ էներգիայով: 
Կենդանիների մեծ մասը՝ ձկները, երկկենցաղները, ինչպես նաև անողնաշարավորները սառնարյուն են. նրանց մարմնի ջերմաստիճանը կախված է արտաքին պայմաններից՝ մեկ նվազում է, մեկ բարձրանում: Երբ արևը դուրս է գալիս, ու շոգ է, նրանց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և կենդանիները կարող են լիովին ակտիվ լինել (դրանով է բացատրվում, օրինակ, օձերի ակտիվությունն ամռանը), իսկ գիշերը կամ ձմռանը նրանց մարմնի ջերմաստիճանը կտրուկ իջնում է, և շարժունակությունը նվազում է: Այդպիսի կենսակերպի առավելությունն այն է, որ կերի մեծ քանակություն չի պահանջվում:
 
Բազմացումը
Կենդանիների մեծամասնությունն ունի 2 սեռ, և զուգավորումից հետո ծնում են սերունդներ: Սակայն որոշ տեսակների (օրինակ՝ լվիճների, ջրալվերի) մեծամասնությունն էգեր են, որոնք կարող են բազմանալ առանց արուների: Գոյություն ունեն նաև կենդանիների ոչ մեծ թվով տեսակներ (օրինակ՝ խաղողի խխունջը), որոնց 1 անհատը կարող է արտադրել և՜ իգական, և՜ արական սեռական բջիջներ: Մյուսները (օրինակ՝ ոստրեները և որոշ ձկներ) կյանքի որոշակի փուլերում և ապրելավայրի փոփոխությունների դեպքում կարող են սեռափոխվել: Եվ, վերջապես, ծովային ակտինիայի նման կենդանիները կարող են բազմանալ պարզ կիսման ճանապարհով՝ մի քանի մասերի բաժանվելով: Կենդանիների որոշ տեսակներ արտադրում են հսկայական թվով սերունդներ, որոնց մեծ մասը ոչնչանում է՝ չհասնելով սեռական հասունացման: Նրանք, որոնց կյանքի տևողությունը երկար է և որոնք խնամք են տանում սերունդների նկատմամբ, սակավ պտղաբեր են: Սովորաբար էգն է կրում սերնդի աճման ու զարգացման հոգսը: Սակայն կան տեսակներ, որոնց էգերն ու արուները հոգում են հավասարապես, իսկ որոշ տեսակների էլ արուներն  են իրենց վրա վերցնում ձագերի խնամքը:
Չափազանց մեծ է կենդանիների դերը մարդու կյանքում: Հնագույն ժամանակներից ի վեր որոշ կենդանիներ օգտագործվել են որպես սննդի աղբյուր: Կան նաև մակաբույծ տեսակներ, տարբեր հիվանդություններ տարածողներ, գյուղատնտեսական վնասատուներ, սննդամթերքը փչացնողներ և այլն: Կենդանիների նկատմամբ անհաշվենկատ սպառողական վերաբերմունքը հանգեցրել է այն բանին, որ վայրի կենդանիների շատ տեսակներ իսպառ վերացել են: Եղածը պահպանելու նպատակով վերջին շրջանում ստեղծվել են արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, և հետեվողականորեն վերահսկվում է դրանց գործունեությունը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.