Encyclopedia

Դահուկային սպորտ

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1924 թ-ին և միավորում է շուրջ 50 ազգային ֆեդերացիաներ:Դահուկային սպորտը միավորում է դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, ոստնահարթակից դահուկացատկը, բիաթլոնը, դահուկային երկամարտը (դահուկավազք ու դահուկացատկ) և դահուկապարը (ֆրիսթայլ):

Դահուկավազքն ամենահայտնի մարզաձևերից և ակտիվ հանգստի ամենատարածված եղանակներից է: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Դահուկավազքի մրցումներում տղամարդիկ մրցում են 15, 30, 50 կմ վազքի և 4 x 10 կմ փոխանցավազքի, կանայք`   5 և 10 կմ վազքի և 4 x 5 կմ փոխանցավազքի մրցատարածություններում: 

 
Լեռնադահուկային սպորտն ընդգրկում է արագընթաց վայրսահքի, ոլորասահքի (սլալոմ) և հսկա ոլորասահքի մրցաձևերը, որոնց մրցումներն անցկացվում են լեռնալանջերին: Մարզիկները մեկնարկում են մեկը մյուսից որոշակի ժամանակ հետո. հաղթում է մրցատարածությունն ամենակարճ ժամանակում անցնողը: Արագընթաց վայրսահքի մրցումներում դահուկորդները լեռնալանջով ցած են սլանում ուղղագիծ սահուղով, ոլորասահքի մրցումներում՝ դրոշակներով կամ դարպասներով նշված ոլորապտույտ մրցուղով: Տղամարդիկ մրցում են 500–600 մ, կանայք՝ 450–500 մ մրցատարածությունում: Մարզիկներին տրվում է 2 փորձի իրավունք: Հսկա ոլորասահքի մրցումներում տղամարդկանց մրցուղու երկարությունը 1200–1500մ է, կանանցը՝ 700–800 մ, իսկ դրոշակների կամ դարպասների թիվը`   համապատասխանաբար՝ 50–60 և 45–50:
 
Ոստնահարթակից դահուկացատկի մրցումներում մարզիկները, լեռնալանջով վար սլանալով, արագություն են հավաքում և ընթացքից ցատկում 70 և 90 մ բարձրության ոստնահարթակից: Դահուկացատկի պաշտոնական մրցումներին մասնակցում են միայն տղամարդիկ: Ցատկը գնահատվում է 2 ցուցանիշներով՝ հեռավորությամբ և կատարման տեխնիկայով:
 
Բիաթլոնը դահուկավազքից և հրաձգությունից բաղկացած մարզաձև է: Պաշտոնական մրցումներն անցկացվում են 10 և 20 կմ տարածության դահուկավազքի և 4 x 7,5 կմ փոխանցավազքի մրցատարածություններում, որտեղ մարզիկները նաև կրակում են, համապատասխանաբար՝ 2 անգամ (կանգնած և պառկած) և 4 անգամ (2-ական անգամ՝ կանգնած և պառկած):
 
Դահուկապարը կամ ֆրիսթայլը լեռնադահուկային սպորտի տարատեսակ է, որը ներառում է մոգուլ, դահուկաբալետ և դահուկացատկեր մրցաձևերը:
 
Մոգուլ մրցաձևն արագընթաց վայրէջք է բլրապատ տեղանքով անցնող սահուղով:
 
Դահուկաբալետը թեք սահուղով վայրէջք է, որի ժամանակ մարզիկը կամ մարզուհին, հենվելով 1 կամ 2 դահուկաձողի վրա, կատարում է ձևավոր քայլեր, պտույտներ, շրջադարձեր:
 
Դահուկացատկերը`   պտույտներ, շրջադարձեր, սալտո և այլ վարժություններ, կատարվում են 2 մ բարձրության դահուկահարթակից: 
 
Դահուկային երկամարտի հաղթողը որոշվում է առանձին մարզաձևերում (դահուկավազք և դահուկացատկ) մարզիկի ստացած միավորների գումարային արդյունքներով: 
 
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.