Health Corner

Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին`   համարելով դա գաղտնիք»:

 

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին`   համարելով դա գաղտնիք»:

ՀԻՊՈԿՐԱՏ

 

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառի ներկայիս կարևոր հիմնախնդիրներից է բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրման, պահպանման և փոխանցման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման, ինչպես նաև բժշկական գաղտնիքի պահպանմանն ուղղված համապատասխան մեխանիզմների մշակման հիմնախնդիրը: 

 

Այս առումով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն իրավական զարգացած համակարգ ունեցող այլ երկրների, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լատվիան և այլն, այս խնդրի կարգավորմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում:

 

Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս խնդիրն իրականում ունի հիմնարար նշանակություն, քանի որ առողջապահության բնագավառում համապատասխան ծառայությունների մատուցման որակական և քանակական բնութագրիչների, պացիենտ-բժիշկ հարաբերություններում առավել սերտ համագործակցության ապահովման տեսանկյունից այն ունի եթե ոչ որոշիչ, ապա հիմնարար նշանակություն:

 

Հետաքրքիր է նաև այն իրողությունը, որ բժշկական գաղտնիք պետք է համարել ոչ միայն հիվանդի բուժման, հետազոտման և ախտորոշման արդյունքում ստացված տվյալները, այլև անձի անգամ բժշկական օգնության դիմելու փաստը:

 

Եթե մեր երկրում ձևավորվեն պատշաճ մեխանիզմներ հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ուղղությամբ և այցելուն լիարժեքորեն համոզված լինի, որ իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են և, հետևաբար, ենթակա են իրավական պաշտպանության, մենք կունենանք բժշկական ծառայությունների մատուցման առավել պատշաճ որակ, առավել սերտ համագործակցություն և, ինչու չէ, մատուցվող բժշկական ծառայությունների առավել մեծ ծավալ, ինչում էլ շահագրգռված պետք է լինեն ոչ միայն բժիշկները, այլև առողջապահության բնագավառի իրավասու մարմինները:

 

Մեր հանրապետությունում մինչ օրս բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների իրավական կարգավորմանն ուղղված առանձին ներպետական իրավական ակտ չի ընդունվել: Այս հարցում կարևորվում է 1996 թ. ընդունված«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման մասին ստացված տվյալների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:

 

Հիվանդի այս իրավունքին համապատասխանում է բժշկի պարտականությունը`   ապահովել այդ տեղեկությունների գաղտնիությունը, ինչն էլ ամրագրում է ստացել վերը նշված օրենքի 19-րդ հոդվածում: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվում է բժշկական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն`   ընդհուպ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում: Այսինքն, օրենսդիրն իր հերթին մեծ կարևորություն է հատկացրել բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանմանը, որի պատճառով էլ սահմանել է ոչ թե կարգապահական կամ վարչական, այլ քրեական պատասխանատվություն`   դրա առավել խիստ տեսակը:

 

Բժշկական հաստատություններն իրենց հերթին պարտավոր են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն բժշկական գաղտնիքի պահպանությունը:

 

Այս ամենը հաշվի առնելով`   ներկայումս այդ ուղղությամբ կատարվում են դրական քայլեր ՀՀ առողջապահության նախարարության և համապատասխան հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներում: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրմանը, պահպանմանն ուղղված նախագծերի մշակման և հասարակական համապատասխան լսումների և քննարկումների շնորհիվ այդ ոլորտում շահագրգիռ մարմինների և հասարակությանը հետաքրքրող հարցերի պարզաբանման ուղղությամբ:

 

Իհարկե, այս ամենը հաշվի առնելով հանդերձ`   չպետք է մոռանալ այն կարևոր իրողությունը, որ անգամ կատարյալ օրենքների առկայությունը չի կարող երաշխիք լինել ցանկալի արդյունքի հասնելու համար: Դրան կարելի է հասնել համապատասխան օրենսդրական դաշտի, օրենքների կենսագործմանն ուղղված մեխանիզմների և ձևավորված հասարակական իրավագիտակցության առկայության պարագայում:

 

 

Հեղինակ. Ս.Ղ. Քրմոյան, Շ.Լ. Ղուկասյան, Ռ.Վ. Բաբայան ՀՀ առողջապահության նախարարություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company