Encyclopedia

Բռնցքամարտ

Բռնցքամարտը մենապայքարային մարզաձև է:
Այն հատուկ կանոններով ընթացող բռունցքներով մենամարտ է երկու մրցակիցների միջև: Բռնցքամարտիկները մենամարտում են հատուկ փափուկ ձեռնոցներով:

 

Մարզաձևում մրցակիցները պետք է ունենան նույն քաշը: Մարտն անցկացվում է ռինգում՝ ձգված պարաններով շրջափակված քառակուսի հարթակում, և ընթանում է 3 րոպե տևողությամբ մի քանի ռաունդով՝ մարտահերթով: Յուրաքանչյուր ռաունդից հետո մարզիկները հեռանում են իրենց անկյունները՝ 1-րոպեանոց ընդմիջման: Սիրողական բռնցքամարտում մարտն ընթանում է 3 ռաունդով, պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ 10–12 ռաունդով: 
 
Բռնցքամարտիկը հավաքում է միավորներ՝ հարվածներ հասցնելով և պատասխան հարվածներից խուսափելով: Հաղթում է մարտի ավարտին ավելի շատ միավորներ հավաքած մարզիկը: Մարտը կարելի է շահել ժամկետից շուտ՝ նոկաուտով, այսինքն`   երբ հակառակորդի հարվածից գետին տապալված բռնցքամարտիկը չի կարողանում 10 վայրկյանի ընթացքում ոտքի կանգնել, կամ երբ մրցավարը կանգնեցնում է մրցամարտը՝ բռնցքամարտիկներից մեկի վնասվածք ստանալու, մարտը շարունակելու անկարողության և բացահայտ առավելության պատճառով:
 
Չնայած ժամանակակից բռնցքամարտում մրցամարտերը կարգավորված են խիստ կանոններով, այնուամենայնիվ, մարզիկները գլխին հասցված հարվածներից հաճախ ծանր վնասվածքներ են ստանում: Հայտնի են դեպքեր, երբ բռնցքամարտիկները ռինգում ստացած ծանր վնասվածքներից նույնիսկ մահացել են: Այդ պատճառով կարծիք կա, որ բռնցքամարտը դաժան մարզաձև է, և այն հարկավոր է արգելել: Հռչակավոր բռնցքամարտիկներ էին Ս. Լիստոնը, Մ. Ալին, Է. Հոլիֆիլդը, Ա. Շոցիկասը, Վ. Պոպենչենկոն:
 
Բռնցքամարտի հայկական դպրոցը ճանաչվածներից մեկն է միջազգային ասպարեզում: Հայ բռնցքամարտիկներ Լ. Թեմուրյանը, Է. Արիստակեսյանը, Վ. Ենգիբարյանը, Դ. Թորոսյանը, Ս. Խաչատրյանը, Ի. Հակոբկոխյանը և ուրիշներ դարձել են սիրողական բռնցքամարտի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, իսկ Արթուր Աբրահամը և Վախթանգ (Վիկ) Դարչինյանը նվաճել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.