Health Corner

Մեղվաբուժություն

Ապիթերապիան մարդու հիվանդությունների բուժումն է մեղվի խայթոցով և մեղվաբուժության կենսաբանորեն ակտիվ մթերքով: Մեղրի և դրանից պատրաստած մթերքի բուժիչ հատկությունների մասին հիշատակել են դեռևս անտիկ շրջանի գիտնականները 7-9 հազար տարի առաջ: Մեղվաբուժությունը զարգացած էր Ասորեստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, Հռոմում, Պաղեստինում, Արաբիայում, Հայաստանում:
Հայերը դեռևս հին ժամանակներից զբաղվել են մեղվաբուժությամբ: Հին Հայաստանում օգտագործվել է ոչ միայն կովկասյան ցեղին պատկանող դեղին մեղուների արտադրանքը, այլև կիսավայրի մեղուներինը, որոնք մինչև օրս էլ հանդիպում են հանրապետության որոշ տարածքներում:
 
Ապիթերապիան ներկայումս ինտենսիվ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձևեր: Ամեն տարի անցկացվում են ապիթերապևտների միջազգային համաժողովներ: Առաջինը տեղի է ունեցել 1897թ., 100 տարի անց միայն`   35-րդ հոբելյանականը, 1997-ին`   Անտվերպենում (Բելգիա): 
 
Մեղվաբուժության զարգացման հիմք են ծառայել մեղվամթերքի մի շարք արժեքավոր հատկությունների հայտնագործումը: Նման հատկություններով է պայմանավորված այս մթերքի բուժական բարձր արդյունքը սիրտանոթային, նյարդային-կաթվածային, ստամոքսաաղիքային, թոքերի հիվանդությունների դեպքում:
 
Մեղվամթերքն ունի նյութափոխանակությունը կարգավորող, արյունաստեղծումն ինտենսիվացնող, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներն ամրապնդող, երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումն արագացնող հատկություն և այլն:
 
Մեղվի կաթում կան բաղադրիչներ, որոնք չեն հանդիպում ուրիշ բնական մթերքներում և որոնք մեղվին հնարավորություն են տալիս երկարակյաց պտղատու մայր դառնալ, ինչն արդարացնում է այդ կաթի օգտագործումը գերիատրիայում:
 
Մեղրի քիմիական և կենսաբանական բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար կարևոր 70-ից ավելի նյութեր ու տարրեր: Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան և ճաշին ուտել 30-ական, երեկոյան`   40 գրամ մեղր:
 
Սկզբնաղբյուր`   Առողջապահություն 1.2010 (286)
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company