Encyclopedia

Շառլ Ազնավուր

Համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսահայ մեծ երգիչ, դերասան, հայրենասեր-պատրիոտ, բարերար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական դեսպան, ՀՀ ազգային հերոս:

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
 
Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:
 
Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:։ 
 
Ազնավուրը մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության 60-ամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ 
 
1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 
 
1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ 2008-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2004թ.: Պարգևատրվել է նաև Հայրենիքի շքանշանով:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.