Encyclopedia

Աշոտ Ղուլյան (Բեկոր)

Բեկոր Աշոտ (իսկական անունը`   Աշոտ Ղուլյան) ,
(1959-1992) Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր:

 

Աշոտ Հմայակի Ղուլյան (Օսկոլկա-Բեկոր)- ծնվել է Բաքվում, 1959 թվականի հոկտեմբերի 6-ին: 1975 թվականին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ և ավարտում է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուս. տարում թիվ 1 միջնակարգ (երեկոյան) դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: 1985 թվականին ամուսանանում է: Ունի 3 որդի՝ Արթուր, Հմայակ, Բեկոր:
 
Աշոտը բազմարհեստ, ‹‹ոսկի ձեռքեր›› ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվում է: Նրա ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացանն էր: Իսկ երբ հասել է պահը, նա գաղտնի զբաղվել է Արցախ զենքեր փոխադրելու գործով և կանգնել ֆիդայական շարժման ակունքներում:
 
Մարտական մկրտությունը ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություն էր անում: Մինչ ‹‹բուն›› պատերազմական գործողությունների սկիզբը մասնակցել է հայդուկային պարտիզանական շատ գործողությունների: Հատկապես կարևոր դիվերսիոն գործողություն էր Քելբաջարում տեղակայված օմօնականներին ռազմական օգնություն տանող ադրբեջանական ռազմական շարասյան վրա հարձակումը և նրա գլխովին ոչնչացումը:
Շատ շատերից վաղ նա հանգեց այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել մշտական կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով և երկաթյա կարգապահությամբ:
 
1991թ., երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը հենց իր ջոկատն էր: Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտերի մեծ մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…
 
Ա.Ղուլյանն օժտված անձնավորություն էր՝ բնածին զինվորական, առաջամարտիկ, նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ:
Նրա հրամանատարական տաղանդը փայլեց հատկապես 1992թ. Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ. առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում հայկական գերյալ քաղաքը և սկիզբ դնում նրա ազատագրմանը:
 
1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ… Այս անգամ գնդակը մահացու էր, և նա հեռացավ՝ համալրելով հայոց սրբերի շարքը…
 
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է (հետմահու) ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի և ‹‹Ոսկե արծիվ›› շքանշաններով, արժանացել է ‹‹Արցախի հերոս›› կոչման:
Հայրենի հողի պաշտպանության սուրբ գործը, որի համար իր կյանքը զոհաբերեց Աշոտ Ղուլյանը, շարունակում են նրա մարտական ըներները: ԼՂՀ կենտրոնական պաշտպանության շրջանի առաջին գումարտակը, որն ստեղծվել է առաջին վաշտի բազայի վրա, այսօր կրում է Բեկորի անունը: Այստեղ է նա հոգեպես՝ որպես հուշ ու սրբություն, իսկ նրա հուշարձանը Ստեփանակերտում դարձել է ուխտավայր…
 
Աշոտ Ղուլյանի կենդանի ոգին սերունդներին հուշում է շարունակել ազատության պայքարը կորուսյալ պատմական հայրենիքի համար… 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.