Encyclopedia

Քրիստափոր Իվանյան

Քրիստափոր Իվանի Իվանյան- Հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Խորհրդային բանակի հրետանու գեներալ-մայոր (1970): ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1993): Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.):

 

Իվանյան Քրիստափոր Իվանի (20.12.1920, Թիֆլիս - 30.8.1999, Ս. Պետերբուրգ):
 Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1940), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1949) և Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն դասընթացները (1962): 1938-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): 1941-42-ին`   ԽՍՀՄ ԶՈՒ հրետանային գնդի շտաբի պետի խորհրդական, 1942-43-ին`   195-րդ ականանետային գնդի, 1943-44-ին`   348-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու, ՈՒկրաինայի ռազմաճակատի 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (մարտերով հասել է մինչև Չեխոսլովակիա):
 
1949-52-ին եղել է հրետանային կորպուսի մարտական պատրաստության բաժնի պետ, 1952-55-ին`   Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ զորախմբի 280-րդ գվարդիական կործանիչ հակատանկային գնդի, 1956-58-ին`   Առանձին գվարդիական կործանիչ հակատանկային բրիգադի հրամանատար, 1958-61-ին`   Օդեսայի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի պետ, 1962-68-ին`   Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար, 1968-73-ին`   նույն օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու պետ, 1973-78-ին`   Անդրբայկալյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ:
 
1992-97-ին եղել է ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ապա`   ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, ապա`   տեղակալ: Զգալի ավանդ ունի ԼՂՀ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի ստեղծման աշխատանքներին: Ղեկավարել է հակառակորդի մի շարք կրակակետերի (Ստեփանակերտի հարակից շրջանների, Մարտունիի ևն) ճնշման ռազմական գործողությունները:
 
Պարգևատրվել է Լենինի (1941 և 1943), Կարմիր դրոշի, Սուվորովի 3-րդ աստիճանի, §Ոսկե արծիվ¦ և ԼՂՀ §Մարտական խաչ¦ 1-ին աստիճանի շքանշաններով: Իվանյանի անունով է կոչվել Ստեփանակերտի ռազմական ուսումնարանը և Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.