Health Corner

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…

– Հիվանդի համաշխարհային օրը լավ առիթ է`   անդրադառնալու բժիշկ-հիվանդ հարաբերությունների առանձնահատկություններին, խնդիրներին մեր երկրում և մեր օրերում: Թեմայի շրջանակում առաջին հերթին ի՞նչ հարցեր կառանձնացնեք Դուք:

 

–  Երբ ուսանող էի, մի դեպք տեղի ունեցավ, որը հիշում եմ ամբողջ կյանքում: Պրոֆեսորներից մեկը, ով վիրաբուժության ամբիոնի վարիչն էր, համայց էր կատարում, և երբ բուժող բժիշկը զեկուցեց՝ «հիվանդ Պետրոսյան», նա ընդհատեց և ասաց՝ ՊԱՑԻԵՆՏ: «Պացիենտ» բառի հիմքում համբերությունն է. մարդ, ով համբերատար տանում է իր հիվանդության պատճառած հոգսերը: Եվ եթե պացիենտի ու բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլև հոգեբանական շփմամբ: Հետևաբար յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի և բժշկի միջև համաձայնություն և համագործակցություն՝ ուղ­ղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երևույթների հաղթահարմանը:


–   Ունեք երկար տարիների կլինիկական փորձ, մշտական շփում երեկվա, այսօրվա ուսանողի հետ, նաև տևական ժամանակ ծառայել եք ընտա-նեկան բժշկության զարգացմանը Հայաստանում, ըստ Ձեզ`   ինչպե՞ս են զարգացել այդ հարաբերությունները ժամանակի մեջ: Կա՞ ակնհայտ փոփոխություն:


–  Իհարկե՛: Քանի որ մեր թեման բժիշկ-պացիենտ հարաբերություններին է վերաբերում, ես կփորձեմ տալ դրանց զարգացումը ժամանակի մեջ՝ իմ տեսածի, սեփական փորձի վրա հիմնվելով: Գոյություն ունի առողջապահական-բժշկական ծառայությունների մատուցման երեք աստիճան՝ առաջնային օղակ (պոլիկլինիկա), երկրորդային (մասնագիտացված բաժանմունքներ, հիվանդանոցներ) և երրորդային (բարձր տեխնոլոգիաների օգտագործումը բժշկության մեջ): Ես, ղեկավարելով ընտանեկան բժշկության ամբիոնը, եղել եմ բարեփոխումների համահեղինակ կրթական բաղադրիչում և որպես թոքաբան՝ աշխատել եմ նաև երկրորդային օղակում: Կարծում եմ՝ մեր թեմայի շրջանակում պետք է կանգ առնել հատկապես առաջնային օղակի վրա. բժիշկ-պացիենտ հարաբերություններն այստեղ չափազանց կարևոր են: Եթե պացիենտը դիմում է բուժօգնության`   ուշացած ժամկետում, դա առաջնային օղակի խնդիրն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ առողջական խնդիրների ութսուն տոկոսը պետք է լուծվի առաջնային օղակում: Կարծում եմ՝ ընտանեկան բժշկության մոդելի ներդրումն այդ հարցերի պատասխանը կարող է տալ: Ընտանեկան բժիշկը ոչ միայն բուժում է իրականացնում, այլև`   առողջության պահպանում, մշտական հսկողություն: Ստացվում է՝ շփումը պացիենտի հետ ավելի հաճախ է, և՝ ոչ միայն բուժօգնության կարիքի դեպքում։


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Ձեր դիտարկմամբ՝ բացի համբերատարությունից, էլ ի՞նչ է պահանջվում պացիենտից այդ հարաբերություններում:


–  Վստահությո՛ւն բժշկի նկատմամբ: Իհարկե, այդ վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ անգամ արտաքին տեսքով… Իրականում ամեն բան մեծ նշանակություն ունի:


Պացիենտից պահանջվում է նաև համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին: Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և եթե բուժումը կրի տարերային բնույթ, անօգուտ է: Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:


–   Բժշկի դերում`   Ձեր խոսքը բժշկին. ի՞նչ խորհուրդ կտաք, մանավանդ որ Ձեր հսկողությամբ ապագա բժիշկների մի ողջ սերունդ է այսօր կրթվում:


–  Օ՜,  շատ բան: Դա չէի անվանի հսկողություն, այլ պատասխանատվություն և մասնակցություն: Եթե մեր բուհը ստանձնել է այդ պարտականությունը, պատասխանատվությունը մեր հասարակության նկատմամբ, մենք պետք է պատրաստենք որակյալ կադրեր ո՛չ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև հետևենք նրանց վարքին, արտաքին տեսքին, ամեն-ամեն բանի…Մենք ունենք և՛ նախադիպլոմային, և՛ հետդիպլոմային, և՛ շարունակական կրթության շրջան: Յուրաքանչյուրի դեպքում գործ ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: 16 տարեկան առաջին կուրսեցին և 45 տարեկան վերապատրաստվող բժշիկն ունեն միանգամայն տարբեր փորձ, վերաբերմունք, աշխարհայացք… Ես կուզեի, որ այս հանգամանքը նկատի ունենալով՝ պեդագոգիկային զուգահեռ, շրջանառության մեջ մտներ ԱՆԴՐՈԳՈԳԻԿԱ տերմինը, ինչը նշանակում է մեծահասակների ուսուցում:


–   Ձեզ հետ շփվելիս չես կարող չզգալ այն վստահությունն ու հանգստությու-նը, որ Դուք եք ներշնչում: Դրանք հատկություններ են, որոնց տիրապե-տում եք մասնագիտությա՞ն բերումով: Ձեր կարծիքով՝ հոգեբանական ի՞նչ հատկանիշներ են պետք բժշկին:


–  Կարծում եք՝ հանգի՞ստ մարդ եմ: Փա՜ռք Աստծո… Իրականում շատ անհանգիստ բժիշկ եմ, բայց եթե անգամ շատ մտահոգված եմ լինում պացիենտի վիճակով, նրա հիվանդության զարգացման հեռանկարով, պետք է պահպանեմ այս հանգիստ վիճակը, որ նա դրանից լիցքավորվի: Եթե անհանգստություն, խուճապ, անհամբերություն ցուցաբերեմ, չեմ նվաճի ամենակարևորը՝ նրա վստահությունը և չեմ կարողանա օգնել: Գիտե՞ք՝ ինչն է պրոֆեսիոնալին տարբերում ոչ պրոֆեսիոնալից… Մի տեղ կարդացել եմ ու շատ է դուր եկել. պրոֆեսիոնալը, գալով աշխատանքի, հետը չի բերում իր տրամադրությունը, իրավունք չունի՛: Ինչպես, օրինակ, դերասանը, ով բեմից ուրախացնում է մարդկանց, բայց հոգում կարող է մեծ տխրություն ունենալ:


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Հնարավո՞ր են ապագայում դասընթացներ բժիշկ բուժ­քույր-հի­վանդ փոխհարաբերության էթիկայի մասին։


–  Շատ արդիական հարց է: Էթիկան մենք հիմա դասավանդում ենք ցածր կուրսերում: Բայց, որպես երեսուն տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ, համոզված եմ, որ նման դասընթացներ պետք է ներառվեն նաև բարձր կուրսերում, որովհետև անընդհատ գործընթաց է`   հասկանալու, թե ով է պացիենտը, ինչ է հիվանդության ծանր ընթացքը… Ուշադիր եղե´ք՝ չեմ ասում ծանր հիվանդ, այլ՝ հիվանդության ծանր ընթացք պացիենտի մոտ:


–   Ձեր խոսքը, մաղթանքը պացիենտի հարազատներին…


–  Թող առողջ լինեն նրանց հարազատները, որ իրենք չդառնան պա­ցի­ենտի հարազատ… Բայց եթե արդեն իսկ դարձել են, թող իրենց կող­մից էլ լինի միտում՝ բժիշկների հետ ստեղծելու բարյացակամության, հա­մա­գոր­ծակցության մթնոլորտ:


Մի մաղթանք էլ բժիշկներին… Բժիշկները պե՛տք է ցանկանան, որ բոլորը լինեն առողջ: Այդ մաղթանքս շատ հիմնավորված է: Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է և բուժումը, այլև առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը…

 

Հեղինակ. Տաթև Մադաթյան

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company