Health Corner

Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը:

 

Մատնահետքերը ձևավորվում են սաղմնային զարգացման 24-րդ շաբաթվա ընթացքում, սակայն Երկրի վրա ապրում է առնվազն 4 ընտանիք, որոնց անդամների մատները զուրկ են մատնահետքերից: Նմանատիպ երևույթն անվանվում է ադերմատոգլիֆիա:

 

Գիտնականները հետազոտել են մի ընտանիք, որի անդամների մի մասի մոտ մատնահետքեր չեն նկատվում, իսկ մյուս մասի մոտ դրանք առկա են: Համեմատելով մատնահետքերով և առանց դրանց մարդկանց գենոմները`   մասնագետները պարզել են, որ մուտացիան առաջացել է 4-րդ քրոմոսոմում:

 

Մինչ օրս գիտնականները չեն կարողանում պարզել մատնահետքերի կենսաբանական ֆունկցիան: Երկար ժամանակ համարվում էր, որ դրանք օգնում են մարդուն ավելի հեշտ աշխատել տարբեր առարկաների հետ, սակայն այժմ մասնագետները կարծում են, որ մատնահետքերը մաշկի ու առարկաների շփումը նվազեցնելու, ինչպես նաև մատների զգայունությունը բարձրացնելու ֆունկցիա են իրականացնում:

 

Նոր բացահայտում

 

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր: 

 

ԱՄՆ-ի Վերմոնտի համալսարանի կենսաբանները`   համագործակցելով Ճապոնիայի Կարմիր Խաչի արյան կենտրոնի և Ֆրանսիայի Արյան փոխներարկման ազգային ինստիտուտի  գիտնականների հետ, արյան անհամատեղելիության մեծամասշտաբ հետազոտություններ են կատարել:

 

Փորձարարությունների ընթացքում մասնագետները էրիթրոցիտների մակերեսին հայտնաբերել են երկու սպիտակուց`   ABCB6 և ABCG2, որոնք պատասխանատու են նախկինում անհայտ արյան խմբերի համար և այդ սպիտակուցներով էլ որոշվել են լանգերայս (Langereis blood types) և ջունիոր (Junior blood types) տիպերի արյան խմբերը: 

 

Կենսաբանները կարծում են, որ այդ խմբերի հայտնաբերումը որոշ մարդկանց համար կարող է «կյանքի և մահվան հարց» համարվել, գրում է Science Daily-ն:

 

Հետազոտության ղեկավարի խոսքերով`   արյան փոխներարկման ժամանակ լանգերայս և ջունիոր խմբերի դեպքում անհամապատասխանության խնդիրը հազվադեպ է հանդիպում: Սակայն որոշ էթնիկ խմբեր մեծ վտանգի են ենթարկվում:

 

«Ավելի քան 50 հազար ճապոնացի ունի բացասական ռեզուսով ջունիոր խմբի արյուն, որի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ արյան փոխպատվաստման և մոր ու պտղի արյան անհամատեղելիության ժամանակ»- նշել է հետազոտության ղեկավարը:

 

Մինչև վերջերս հայտնաբերված էր արյան խմբերի համար պատասխանատու 30 սպիտակուց, բայց այժմ դրանց քանակը ավելացել է ևս երկուսով: Նման վերջին բացահայտումը կատարվել էր 10 տարի առաջ:

 

«Հայտնաբերված սպիտակուցներից երկուսն էլ կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար (մասնավորապես կրծքագեղձի)»- շեշտել են գիտնականները:

 

Այնուհետև գիտնականների խումբը գենետիկ թեստեր է անցկացրել, որոնք փաստում են նոր սպիտակուցների կապը`   լանգերայս և ջունիոր արյան խմբերի ձևավորման հարցում:

 

Արյան փոխներարկման միջազգային ընկերությունն առանձնացնում է արյան 28 լրացուցիչ խմբեր`   դաֆֆի, կիդդ, դիեգո, լյուտերան և այլն, և այդ ցուցակում մինչ այսօր ըդգրկված չեն եղել լանգերայսը և ջունիորը:

 

Ըստ Sciencedaily–ի նյութերի

 

 


Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company