Encyclopedia

Մարգարեները իսլամում

Մահմեդականության կրոնական համոզմունքների համաձայն մարգարեներն Աստծո կողմից (Ալլահի) ընտրված այն անձինք են, ովքեր պետք է մարդկանց հաղորդեին Աստծո հայտնությունը։

Մահմեդական ուսմունքի համաձայն, մարգարեները աստվածատուր հատուկ կարգավիճակ ունեն, և նրանց պաշտամունքը մահմեդական աշխարհում շատ բարձր նշանակություն ունի և համատարած է։ Ղուրանում հիշատակված մարգարեների մեծագույն մասը, բնականաբար, հուդայականությունում պաշտվող մարգարեներն են, քրիստոնեության կողմից զգալի ազդեցությամբ և իսլամի դոգմաներին համապատասխանեցված։ Ղուրանի մարգարեների անունները լայն տարածում ունեն մահմեդական աշխարհում՝ որպես արական անձնանուններ։

Ղուրանում հիշատակվում են հետևյալ մարգարեները (բիբլիական անունները՝ փակագծերում).

Ադամ آدم

Ադամը մահմեդականության առաջին մարգարեն է (ժամանակագրական առումով), և, մահմեդական ավանդության համաձայն, Ալլահի կողմից ստեղծված և Երկիր առաքված առաջին մարդն է։ Համապատասխանում է Հին Կտակարանի Ադամին։
 
Այուբ (Հոբ) أيوب
Մահմեդական ավանդության համաձայն, ի հատուցումն Ալլահին անխոնջորեն ծառայելու՝ Այուբին շնորհվել էր «երիտասարդության աղբյուրը», որը նրան զերծ էր պահում բոլոր ցավերից և ախտերից, մահից բացի։
 
Դաուդ (Դավիթ) داود
Մահմեդական ավանդության համաձայն, Ալլահը Դաուդին է բացահայտել Զաբուրը (ըստ կրոնագետների, «Զաբուրը» «Սաղմոսների» իսլամական տարբերակն է)։ Դաուդը նույնպես հայտնի է (ինչպես նաև հուդայականությունում և քրիստոնեությունում՝ Դավիթը) Գողիաթին հաղթելու սխրանքով։
 
Զուլ-Քիֆլ (հավանաբար՝ Եզեկիել) ذو الكفل
Զուլ-Քիֆլի կարգավիճակը մահմեդականությունում (որպես մարգարե) հաճախ բանավեճի առարկա է մահմեդական աստվածաբանների միջև, թեև երկու կողմերն էլ համամիտ են, որ նա եղել է աստվածավախ և առաքինի մարդ, Ալլահի պատգամներին անխոնջորեն հետևող։ Ոմանք Զուլ-Քիֆլին նույնացնում են Գաուտամա Բուդդայի հետ, իսկ որոշների կարծիքով՝ նա Հին Կտակարանի Եզեկիել մարգարեն է։
 
Իբրահիմ (Աբրահամ) ابراهيم
Իբրահիմը Հին Կտակարանի Աբրահամն է։ Մահմեդական կրոնում նա համարվում է ամենակարևոր մարգարեներից մեկը և արժանանում է հատուկ պաշտամունքի, նրան է վերագրվում Քաաբայի կառուցումը Մեքքայում։ Մահմեդականների համաձայն, Իբրահիմի ընտանիքը, այդ թվում՝ նրա որդի Իսմաիլը Մեքքայի շուրջ ազգաբկակություն են հիմնել, որից էլ սերել է ինքը Մահմեդը։
 
Իդրիս (Ենոք) ادريس
Ըստ Ղուրանի, Իդրիսն ապրել է Ալլահի կողմից մարդկանց վրա բերված երաշտի տարիներին։ Իդրիսն աղոթել էր Ալլահին՝ երաշտը և մարդկանց տանջանքները վերջացնելու համար, և նրա աղոթքների շնորհիվ Ալլահն աշխարհին անձրև ուղարկեց։ Մահմեդականությունը Իդրիսին է նաև վերագրում գրի, աստղագիտության և մաթեմատիկայի ստեղծումը։
 
Իլյաս (Եղիա) إلياس
Իլյասը, Հարունի սերնդից, տիրապետեց Արաբական թերակղզու հարավային շրջաններին՝ Սուլեյմանի թագավորության անկումից հետո։ Մահմեդական ավանդության համաձայն, նա փորձեր էր կատարում համոզել թերակղզու բնակիչներին, որ միայն մեկ աստված կա (միաստվածություն), բայց երբ նրանք Իլյասին չլսեցին, Ալլահը նրանց պատժեց՝ վրա բերելով ահավոր երաշտ և սով։
 
Իսա (Հիսուս) عيسى
Իսան՝ Մարիամի որդին, մահմեդականության ամենահարգված մարգարեներից մեկն է։ Նրա առաքելությունն էր ճիշտ ուղի ցույց տալ հավատացյալներին։ Ղուրանն աներկբայորեն նշում է, որ նա ոչ թե Աստծո որդին էր, ինչպես Հիսուսը՝ քրիստոնեությունում, այլ՝ Աստծո մարգարե։ Իսան նաև կարող էր հրաշքներ գործել, բայց միայն՝ Աստծո կամքով։ Մահմեդականները հավատում են, որ Իսան ոչ թե խաչվել է, այլ՝ գտնվում է երկնքում, սպասելով երկիր վերադարձին, Իմամ Մահդիի հետ միասին։
 
Իսհակ (Իսահակ) اسحاق
Իշակը՝ Իբրահիմի երկրորդ որդին, մարգարե դարձավ Քանաանում։ Նա իր եղբոր՝ Իսմաիլի հետ շարունակում էր իրենց հոր գործը, տարածելով «ուղղափառ հավատքի» տարածումը անհավատների միջև։
 
Իսմաիլ (Իսմայել) اسماعيل
Իսմաիլը՝ Իբրահիմի անդրանիկ որդին, մահմեդականության ամենաակնառու մարգարեներից մեկն է՝ Ալլահին զոհաբերվելու իր պատմության շնորհիվ։ Ղուրանի համաձայն, Իբրահիմը պատրաստվել էր նրան զոհաբերել Ալլահին, բաոյց Իսմաիլը մազապուրծ եղավ նահատակվելուց՝ Ալլահի միջնորդությամբ։ Ըստ մահմեդական ավանդության, նրա և իր մոր՝ Ագարի Մեքքայի շրջակայքում ջուր փնտրելու ջանքերը պսակվեցին հաջողությամբ, նորոից՝ Ալլահի միջամտությամբ, և Իսմաիլը ի հայտ բերեց Զեմզեմ աղբյուրը։ Հայկական միջնադարյան գրականության մեջ Իսմաիլը (Իսմայելը) ավանդաբար համարվում է արաբների նախահայրը։
 
Լութ (Ղովտ) لوط
Հին Կտակարանի Ղովտն է։ Մահմեդական Լութի և բիբլիական Ղովտի արարքները գրեթե նույնությամբ են նկարագրվում Աստվածաշնչում և Ղուրանում։ Լութը փորձեր էր կատարում Սոդոմի և Գոմորայի բնակչությանը արվամոլության դեմ քարոզելու, բայց արդյունքում դարձավ ծաղրանքի առարկա։ 15-րդ սուրայում նկարագրվում է, թե ինչպես Ալլահի հրեշտակները ավերեցին Սոդոմը՝ նրա բնակչության անբարոյականության պատճառով։
 
Հարուն (Ահարոն) هارون
Հարունը ծառայում էր իր ավագ եղբորը՝ Մուսային որպես օգնական։ Ղուրանի համաձայն, նրան նույնպես (Մուսայի պես) հանձնարարված էր գերևարված եգիպտացիներին Եգիպտոսի փարավոնից ազատելու գործը։
 
Հուդ (Եբեր) هود
Մահմեդական ավանդության համաձայն, Հուդը այն սակավաթիվ մարդկանցից մեկն է, որը վերապրել է Ջրհեղեղից հինգ սերունդ հետո տեղի ունեցած մեկ այլ աղետ՝ կործանիչ փոթորիկը, որով Ալլահը պատժեց մարդկությունը՝ իրեն մոռացության մատնելու համար։
 
Մահմեդ محمد
Մահմեդը (նաև՝ Մուհամմադ, Մոհամեդ, և այլն) մահմեդականության ամենակարևոր և ամենապաշտվող մարգարեն, կրոնի հիմնադիրը։ Իր անունով է այդ կրոնը (իսլամը) հայերենում կոչվում «մահմեդականություն»։ Մանրամասնությունները՝ «Մահմեդ» հոդվածում։
 
Մուսա (Մովսես) موسى
Մուսայի անունը Ղուրանում հիշատակվում է ավելի հաճախ, քան որևէ այլ մարգարեի անունը։ Մահմեդական կրոնում Մուսան նշանակալից է նրանով, որ ինքն է կատարել Թորայի հայտնությունը եգիպտացիներին։ Ղուրանն ասում է, որ Մուսան հայտնաբերեց իր կապն Ալլահի հետ, երբ նա Սինայ լեռան մոտ Ալլահից պատվիրաններ ստացավ։ Ապա նա սկսեց եգիպտացիներին ստրկությունից ազատելու իր արշավը, երբ նրան չհաջողվեց համոզել Փարավոնին Ալլահի զորության մեջ։ Ապա Մուսան առաջնորդեց ազատագրված եգիպտացիներին դեպի «ավետյաց երկիր»՝ Քանան, Սինայի անապատում 40 տարի թափառելուց հետո։ Այդ երկարատև ճանապարհորդության ընթացքում նա նորից այցելեց Սինայ լեռը և Ալլահից ստացավ Թորան և Տասը պատվիրանները։ Մահմեդական ավանդության համաձայն, իր կյանքի վերջում Մուսան նախընտրեց մահը՝ Ալլահին մոտ լինելու համար, իր կյանքը երկարաձգող մի առաջարկի փոխարեն։
 
Յաղուբ (Հակոբ) يعقوب
Ղուրանի համաձայն, Յաղուբը «ընտրյալների և բարիների» կարգից էր, և շարունակեց իր հոր (Իսհակի) և պապի (Իբրահիմի) արդար գործը, շարունակելով պաշտել և երկրպագել միայն մեկ աստծուն՝ Ալլահին։
 
Յուսուֆ (Հովսեփ) يوسف
Յուսուֆը՝ Յաղուբի որդին և Իբրահիմի ծոռը՝ դարձավ Եգիպտոսի փարավոնի նշանակավոր խորհրդատուն, քանի որ կարող էր գուշակել ապագան։ Կյանքի մեծ մասը նա անցկացրեց իր տասնմեկ եղբայրներից հեռու, որոնք, նախանձելով իր հաջողություններին, իրենց հորը (Յաղուբին) ասել էին, որ Յուսուֆն իբր մահացել է։ Բայց իրականում նրանք գցել էին Յուսուֆին հորի մեջ, իսկ շապիկը թաթախել էին ոչխարի արյան մեջ՝ որպես նրա մահվան ապացույց։
 
Նուհ (Նոյ) نوح
Թեև Նուհը մահմեդականության մեջ ավելի հայտնի է Ջրհեղեղի առասպելի կապակցությամբ, նրան է նաև վերագրվում միաստվածություն քարոզելու և այդ սկզբունքն ամրապնդելու պատիվը։
 
Շոայբ (Հոթոր) شعيب
Շոայբը անմիջականորեն Իբրահիմի սերնդից էր։ Ըստ Ղուրանի, Ալլահն իրեն էր պատվիրել տնօրինել Սինայ լեռան շրջակայքում բնակվող ժողովուրդներին։ Երբ այդ շրջանի բնակիչները չունկնդրեցին Շոայբի նախազգուշացումներին, Ալլահը ոչնչացրեց նրանց բնակավայրերը։ Ավանդորեն Շոայբը նույնացվում է բիբլիական Հոթորի հետ։
 
Սալեհ (Սելովմ) صالح
Ըստ Ղուրանի, Ալլահը հրամայեց Սալեհին հեռանալ իր ազգակիցներից, երբ նրանք չհնազանդվեցին Ալլահի հրամանին և մորթեցին ու կերան Ալլահի կողմից իրենց վստահված ուղտը։ Երբ Սալեհը հեռացավ, Ալլահը պատժեց իր անհնազանդ ազգականներին մի ավերիչ երկրաշարժով։
 
Սուլեյման (Սողոմոն) سليمان
Սուլեյմանը շատ բաներ սովորեց և ժառանգեց Դաուդից (Սուլեյմանի հայրը), նախքան Ալլահի կողմից մարգարեի պատվին արժանանալը։ Մահմեդական ավանդության համաձայն, Սուլեյմանին շնորհվել էր արտակարգ զորություն՝ վերահսկում ամեն ինչի վրա, այդ թվում՝ ջիների վրա, հողմերը կառավարելու կարողություն և կենդանիների հետ խոսելու ունակություն։ Նա հայտնի էր իր բերեխղճությամբ և ազնվությամբ, և նրան էր տրվել մի լայնատարած թագավորություն, որը տարածվում էր Պաղեստինից մինչև Արաբիայի հարավը։ Իր 19 եղբայրների միջև Սուլեյմանն ամենակրտսերն էր և ընդամենը 13 տարեկան էր, երբ դարձավ մարգարե։ Նա ժառանգեց հոր գահը, որովհետև իմաստուն որոշումներ էր կայացնում և ընդհանրապես «իմաստունի» հռչակ ուներ ամենուրեք։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.