Encyclopedia

Գիտություն

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։

Գիտության պատմություն

«Գիտություն»- science և «գիտնական» -scientist հասկացությունները առաջին անգամ օգտագործվել են Ուիլյամ Ուևելի կողմից 1840 թ.-ին իր «Ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայությունը» աշխատության մեջ:
 
Գրի զարգացմանը զուգընթաց հին քաղաքակիրթ երկրներում կուտակվում և իմաստավորվում էին բնության, մարդու և հասարակության վերաբերյալ էմպիրիկ գիտելիքները, առաջ եկան մաթեմատիկայի, բանականության, երկրաչափության, աստղագիտության, բժշկության մասին պատկերացումներ։ Ժամանակակից գիտնականների նախնիներն են եղել Հին Հունաստանի և Հռոմի փիլիսոփաները, որոնց համար խորհելն ու ճշմարտության բացահայտումը դարձել էին հիմնական զբաղմունքը։ Հին Հունաստանում ի հայտ եկան գիտելիքների դասակարգման տարբերակներ։
Գիտությունը ժամանակակից մտածողության մեջ ձևավորվել է 16-17-րդ դարերում։ Պատմական զարգացման ընթացքում նրա ազդեցությունը դուրս է եկել տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման շրջանակներից։ Գիտությունը դարձել է կարևորագույն սոցիալական, հումանիտար ինստիտուտը, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։ 17-րդ դարից սկսած գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվություն, գիտական աշխատողների թվաքանակը)։
 
Գիտական հանրություն
 
Գիտական հանրությունը կազմված է գիտությամբ զբաղվող մարդկանց ամբողջությունից։ Գիտական հանրությունը իրենից ներկայացնում է բարդ ինքնակարգավորվող համակարգ, որում գործում են և՛ պետական ինստիտուտներ, և՛ հասարակական կազմակերպություններ, և՛ մասնագիտական միություններ և՛ ոչ ձևական խմբեր։ Այս հանրության առանձնահատկությունն է համարվում գիտական հաջողություններով ձեռքբերված հեղինակության բարձր աստիճանի գնահատումը և իշխանավորի հեղինակության ցածր աստիճանի գնահատումը, որը երբեմն հանգեցնում է պետության և գիտական հանրության հակամարտությանը։ Պետք է նշել նաև ոչ ձևական խմբերի և հատկապես առանձին անհատների առավել բարձր արդյունավետությունը այլ սոցիալական ոլորտների համեմատությամբ։ Գիտական միության կարևորագույն գործառույթն է գիտելիքների զարգացումն ապահովող նոր գաղափարների և տեսությունների հերքումը կամ ընդունումը, ինչպես նաև կրթական համակարգի խթանումը և նոր գիտական մասնագետների պատրաստումը։
 
Գիտական հանրությանը պատկանող մարդկանց աշխարհայացքն ու կենսակերպը կարող է էապես տարբերվել հասարակության մեջ տարածում գտած նորմերից։ Համարվում է, որ այսօր գիտական հանրության մեջ գերակշռում է աթեիստների և թերհավատների հայացքները։ Անցյալ դարի 90 - ական թվականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի միայն 7% - ը և Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների 3.3% - ն են հավատացյալ։ Հենց այդ ժամանակ, համաձայն համազգային հարցմանը, իրենց հավատացյալ են համարում երկրի բնակչության 68.5% - ը։ Եթե վերցնենք ամերիկացի գիտնականներին ամբողջությամբ, ապա հավատացյալների թիվը կազմում է մոտավորապես 40% և ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Ամերիկյան համալսարաններում դասավանդողների մեջ հավատացյալների մասնաբաժինը կազմում է 73%։ Չիկագոյի համալսարանի հետազոտողների կողմից 2005թ. հունիսին հրապարակված տվյալներով պարզվում է, որ ամերիկացի դոկտորների 76% - ը իրենց համարում են հավատացյալ։ Գիտության պատմությունը վկայում է իշխող պատկերացումների և գիտական դրույթների փոփոխականության մասին, ինչպես նաև նրանց կախվածությունը պատմական շրջանից և պետական համապատասխան քաղաքական իրավիճակից (կոնյուկտուրայից)։
 
Գիտնականներ
 
Գիտնականը գիտության ներկայացուցիչն է, որն իրականացնում է աշխարհի գիտական պատկերի ձևավորման իմաստավորված գործունեություն, ում գիտական գործունեությունը և որակավորումը գիտական միության կողմից ճանաչում է ստացել։ 
 
Որակավորման ճանաչման հիմնական հատկանիշը գիտական հեղինակավոր հրատարակություններում հետազոտության արդյունքների հրապարակումն է և հեղինակավոր գիտական կոնֆերանսների զեկուցումը։ Ռուսաստանում փորձ է արվել բաժանել հեղինակավոր գիտական հրատարակությունները մյուսներից՝ հրատարակությունների ցուցակի տեսքով, որում հրապարակումները հայտնի են որպես ԲՈՀ։ Սակայն հեղինակավոր հրատարակությունների և կոնֆերանսների միջև անգամ գոյություն ունի ոչ միանշանակ գերակայության համակարգ։ Որպես կանոն ավելի մեծ առաջնայնություն ունեն միջազգային հրատարակություններն ու կոնֆերանսները, և միջազգային մակարդակով ճանաչումն ավելի բարձր է քան ազգայինինը։ Գիտնականի հեղինակությունը և որակավորման ճանաչումը կապված է մասնագետների նեղ շրջանում նրա հայտնիությամբ։ Փորձ է արվում կառուցել վարկանիշներ այլ գիտնականների աշխատանքներից տվյալ գիտնականի աշխատանքին արված հղումների քանակով։
 
Գիտնականների միություններում բարձր է գնահատվում հատկապես մանկավարժական աշխատանքը։ Հեղինակավոր ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու իրավունքը բարձրացնում է ճանաչման մակարդակը և գիտնականի որակավորումը։ Նաև բարձր է գնահատվում գիտական դպրոցի ստեղծումը, այսինքն որոշ գիտնականների պատրաստումը, որոնք զարգացնում են մանկավարժի գաղափարը։ Մասնագիտական գիտությանը պատկանելությունը և գիտնականի որակավորման մակարդակը կարող են ֆորմալ ձևով որոշվել տեղական և ազգային որակավորման հանձնաժողովների կողմից (ատենախոսություն պաշտպանության խորհուրդ, ատեստացիոն հանձնաժողով, ԲՈՀ)։ ԽՍՀՄ – ում և Ռուսաստանում գիտնականի որակավորումը ֆորմալ ձևով հաստատվում է գիտական աստիճանով (գիտությունների դոկտոր կամ գիտությունների թեկնածու) և գիտական կոչումով (դոցենտ կամ պրոֆեսոր)։ Ինչպես աստիճանների, այնպես էլ կոչումների շնորհումը վերահսկվում է ԲՈՀ – ի կողմից։ Գիտական աստիճանները շնորհվում են ըստ գիտության ուղղվածության, օր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու և այլն։ Ներկայումս ԲՈՀ – ը ճանաչում է այդպիսի 22 ուղղվածություն։ 
 
Գիտական կոչում ստանալու համար (դոցենտ կամ պրոֆեսոր) բացի գիտական աստիճանից պահանջվում է տանել նաև մանկավարժական աշխատանք, մասնավորապես ունենալ ուսումնամեթոդական հրապարակումներ։ Գոյություն ունեն նաև որակավորման ճանաչման ավելի փոքր հատկանիշներ, օրինակ ասպիրանտների գիտական աշխատանքի ղեկավարման թույլտվությունը հանդիսանում է թեկնածուից դոկտորի անցման պարտադիր քայլ։ Ամենաբարձր աստիճանը Գիտությունների ակադեմիային անդամակցությունն է։ 
 
Առաջին գիտական ընկերությունները առաջացել են Իտալիայում 1560 - ական թվականներին։ Դրանք են «Բնության գաղտնիքների ակադեմիան» (Academia secretգrum naturae) Նեապոլում (1560), «Լինչեևների ակադեմիան» (Accademia dei Lincei — բառացիորեն «լուսանի աչքեր ունեցողների ակադեմիա», այսինքն հատուկ տեսողությամբ օժտված) Հռոմում (1603), «Փորձառու գիտելիքների ակադեմիա» («Академии опытов», 1657) Ֆլորենցիայում։ Բոլոր այս իտալական ակադեմիաները, որտեղ մասնակցում էին բազմաթիվ հայտնի մտածողներ և քաղաքական գործիչներ՝ հրավիրված պատվավոր անդամի՝ Գալիլեո Գալիլեյի գլխավորությամբ, ստեղծվել էին ֆիզիկայի ոլորտում գիտական գիտելիքների քարոզման և տարածման նպատակով, որոնք հիմնված էին պարբերաբար հանդիպումների, գաղափարների փոխանակման և փորձերի անցկացման վրա։ Անկասկած դրանք ընդհանուր առմամբ ազդել են եվրոպական գիտության զարգացման վրա։ Գիտության և տեխնիկայի արագ զարգացման անհրաժեշտությունը պահանջում էր պետությունից ավելի ակտիվ մասնակցություն գիտության զարգացմանը։ Համապատասխանաբար, երկրների շարքում, օր. Ռուսաստանում, Ակադեմիաները ստեղծվել են ըստ իշխանությունների հրամանների։ Սակայն Գիտությունների ակադեմիաներից շատերում ընդունված են դեմոկրատական կանոնները, որոնք ապահովում են պետությունից հարաբերական անկախություն։ Գիտական կազմակերպություններ՝ 
ՅՈՒՆԵՍԿՕ (Կազմակերպությունը նպաստում է գիտնականների և այլ գիտական կազմակերպությունների համագործակցությամբ ամբողջ աշխարհում)։
IUPAC (միջազգային կազմակերպություն, որը նպաստում է քիմիայի ոլորտում առաջընթացին)։
Միջազգային աստղագիտական միություն (ճանաչվել է որպես աստղագիտական հարցերի լուծման միջազգային բարձր ատյան, որը պահանջում է համագործակցություն և ստանդարտացում, ինչպես օր. աստղագիտական մարմինների և դրանց վրա դետալների պաշտոնական անվանում)։
 
Գիտական շքանշաններ և մրցանակներ
 
Գիտական ձեռքբերումների համար գիտնականներին շնորհում են գիտական մրցանակներ և շքանշաններ։
 
Նոբելյան մրցանակ՝ ամենահեղինակավոր և ամենահայտնի գիտական մրցանակն է, որը շնորհվում է մի շարք նոմինացիաներով։ Այն ունի պարոդիա (ծաղրերգություն) Շնոբելյան մրցանակի տեսքով։
Ֆիլդսի մրցանակ և շքանշան՝ մաթեմատիկայում ունեցած հաջողությունների համար։ Այն շնորհվում է Իսպանիայի թագավորի կողմից։
Ռոլֆ Նևանլինի մրցանակ՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկական տեսակետներում հսկայական ձեռքբերումների համար։
Կառլ Ֆրիդրիխ Հաուսի մրցանակ՝ մաթեմատիկայում մեծ ներդրումների համար՝ այլ գիտություններում հայտնագործությունների միջոցով։
Կրաֆուրդի մրցանակ՝ պարգևը շնորհվում է հետևյալ ուղղություններով՝ աստղագիտություն և մաթեմատիկա, կենսաբանական գիտություններ և գիտություններ Երկրի մասին։
Աբելի մրցանակ ՝ մաթեմատիկայում ունեցած ներդրումների համար։
Շաո Իֆուի մրցանակ՝ աստզագիտության, մաթեմատիկայի և բժշկության կամ կյանքի մասին գիտության մեջ ունեցած ներդրումների համար։
Տյուրինգի մրցանակ՝ ամենահեղինակավոր մրցանակն է ինֆորմատիկայում, որը շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի կողմից։
Լոմոնոսովի անվան մեծ ոսկե շքանշան՝ Ռուսական գիտությունների ակադեմիայի ամենաբարձր պարգևը։
Մենդելեևի անվան ոսկե շքանշան՝ Ռուսական գիտությունների ակադեմիայում գիտական պարգև քիմիական գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ունեցած մեծ գիտական աշխատանքի համար։
 
Գիտությունների դասակարգում
 
Մարդկային գիտելիքների ոլորտում դասակարգման փորձերը, ըստ տարբեր հիմնավորումների, ընդունված էր դեռ անտիկ շրջանում։ Այսպես, Արիստոտելը առանձնացրել է գիտությունների 3 խոշոր խմբեր՝ տեսական (ֆիզիկա և փիլիսոփայություն), գործնական (բարոյագիտություն և քաղաքագիտություն) և ստեղծագործական (էսթետիկա)։ Հռոմիական հանրագիտարանագետ Մարկ Վարոնը իր դասակարգման մեջ մտցնում է հետևյալ գիտությունները՝ քերականություն, դիալեկտիկա, հռետորություն,երկրաչափություն, թվաբանություն, աստղագիտություն, երաժշտություն, բժշկություն և ճարտարագիտություն։ Մուսուլմանական արաբական գիտնականները գիտությունները բաժանել են արաբական (պոետիկա, հռետորական արվեստ) և օտարերկրյա (աստղագիտություն, բժշկություն, մաթեմատիկա) գիտությունների։ Դասակարգման փորձերը շարունակվել են դարաշրջանի կեսերին։ Հուգո Սեն – Վիկտորսկին Դիդասկալիկոնում գիտությունը բաժանում է 4 խմբերի.
  1. Տեսական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա)
  2. Գործնական գիտություններ
  3. Մեխանիկական գիտություններ (նավագնացություն, գյուղատնտեսություն, որսորդություն, բժշկություն, թատրոն)
  4. Տրամաբանություն, որը ներառում է քերականությունը և հռետորությունը։
Ռոջեր Բեկոնը նույնպես տարանջատում է գիտությունը 4 դասերի՝ քերականություն և տրամաբանություն, մաթեմատիկա, բնափիլիսոփայություն, մետաֆիզիկա և բարոյագիտություն։ Հիմնվելով սրա վրա՝ նա բնության մասին գիտությունը համարում էր մաթեմատիկան։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.