Encyclopedia

Կոստա-Ռիկա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Սան Խոսե
Տարածքը՝ 51,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 4,4 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ կոլոն

 

Կոստա Ռիկան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Ափերը արևելքում ողողում են Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկանոսի ջրերը: 
Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե Գուանակաստե, Կորդիլիերա Սենտրալ, Կորդիլիերա դե Տալամանկա լեռները: Կան գործող հրաբուխներ՝ Իրասու (3432 մ), Պոաս (2704 մ): Երկրի հյուսիսը և ծովափնյա նեղ շերտերը զբաղեցնում են դաշտավայրերը: Կարիբյան ծովափը ճահճապատ է, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր: 
Կլիման մերձհասարակածային է: Գետերը (Սան Խուան, Ռիո Ֆրիո) արագահոս են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները: Բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառյուծը, հովազը, զրահակիրը: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:
 
Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր: 1502 թ-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կոստա Ռիկայի տարածքը և այն անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն): Երկրի ժամանակակից անվանումը տրվել է XVI դարի կեսին և նշանակում է հարուստ ափ: Երկիրը եղել է Իսպանիայի գաղութը: Կոստա Ռիկան անկախություն է ձեռք բերել 1821 թ-ի սեպտեմբերի 15-ին`   Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում: 
 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ:
Զարգացած են արդյունաբերության արդյունահանող (ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ), սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.