Encyclopedia

Բարեգործություն

Բարեգործությունը պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց կամ զեղչով ցուցաբերվող օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին:

Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն:

Մեկենասությունն սկզբում պոեզիայի ու արվեստների հովանավորությունն էր և կոչվել է հռոմեական Օգոստոս Օկտավիանոս կայսեր մերձավոր, առաջին հայտնի բարեգործ Գայ Մեկենասի (մ. թ. ա. 74 կամ 64–8 թթ.) անունով:
Գթասրտությունը կամ ողորմածությունը հիմնականում անօգնական կարիքավորներին (հիվանդ, վիրավոր, ծեր, հաշմանդամ) ցուցաբերվող կարեկցանքն է. այն առավել բնորոշ է  եկեղեցուն:
 
Բարեգործության ձևերից են կարիքավորներին նյութական կամ դրամական միջոցներ հատկացնելը, նրանց համար անհատույց աշխատանք կատարելը, մասնագիտական հատուկ պատրաստվածություն պահանջող ծառայություններ մատուցելը, անհատների նվիրատվությունները, տարբեր նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը, խոշոր միջոցառումների կազմակերպումը, կրթական, առողջապահական զանազան դրամաշնորհների սահմանումը և այլն:
Բարեգործության տեսակ է մարդասիրական և սոցիալական օգնությունը, երբ կարիքավորներին բաշխվում են մթերք, հագուստ, դեղորայք ու անհրաժեշտ այլ պարագաներ, իրականացվում երեխաներին, ծերերին, հաշմանդամներին և ռիսկային այլ խմբերի սատարող զանազան ծրագրեր:
 
Բարեգործական հիմնադրամի գործունեության ուղղությունն ու շրջանակները սահմանվում են կանոնադրությամբ, իսկ միջոցները հայթայթվում են հիմնականում 2 եղանակով. գտնվում է հովանավոր կամ մեկենաս (հովանավոր կարող են լինել պետությունը, զանազան ընկերություններ ու կազմակերպություններ, անհատ մարդիկ և այլն), կամ հիմնադրամն ինքն է հայթայթում այդ միջոցները: Յուրաքանչյուր երկիր ունի բարեգործական գործունեությունը կարգավորող իր օրենքները:
 
Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ, ինչպես Ավետարանն է սովորեցնում, կատարվում է աննկատ,  առանց կեղծ հանդիսավորության:
Բարեգործությունը հայ իրականության մեջ նույնպես վաղ ավանդույթներ ունի: Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV–V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը:
 
Հոգևոր-կրթական և բարեգործական ընդգրկուն գործունեությամբ հայտնի էր Ներսես Մեծ կաթողիկոսը (329–373 թթ.): Նա եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ: Հետագա դարերում նույնպես Հայ եկեղեցին շարունակել է բարեսիրական գործունեությունը: Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև հայոց շատ թագավորներ, թագուհիներ, իշխաններ: Հայոց Աշոտ Գ  արքան (953–977 թթ.) հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.