Encyclopedia

ԱՄՆ-ում արտոնագրվեց առաջին օդորակիչը

1914թ.-ի ապրիլի 28-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց առաջին օդորակիչը: Այն նախատեսված էր փակ տարածքում անհրաժեշտ ջերմաստիճանի և խոնավության կարգավորման ու պահպանման համար:

Օդորակիչը օդափոխություն էր իրականացնում հատուկ զտիչների միջոցով: Սակայն որպես գյուտ առաջին անգամ հայտնի դարձավ միայն 1815թ.-ին, երբ ֆրանսիացի Ժան Շաբանեսն արտոնագրեց օդային հոսքի օդորակման ու շինություններում ջերմաստիճանի կարգավորման մեթոդները:

 

Չնայած օդորակման գաղափարի հեռանկարային լինելուն՝ այն գործնականում կիրառվեց շատ ավելի ուշ: Գիտակցելով տեխնիկական այս նորարության առավելությունները`   շուտով թատրոններում, խանութներում ևս տեղադրվեցին օդորակիչներ:
 
Եվ չնայած օդորակիչները թանկ հաճույք էին համարվում, սակայն ամերիկացիները գումար չէին խնայում`   իրենց բնակարաններում ևս տեղադրելով տեխնիկական այս նորարությունը, որի շնորհիվ շինության ներսում զով էր նույնիսկ ամենատոթ եղանակին:
 
Ստեղծված իրավիճակում հիանալի կողմնորոշվեցին նաև համապատասխան տեխնիկա արտադրողները: Օրինակ`   ամերիկյան «General Electric» ընկերությունը 1929թ.-ին թողարկեց առաջին սենյակային օդորակիչը`   դառնալով այն ընկերությունների «նախահայրը», որոնք դեռ նոր պետք է մուտք գործեին օդորակիչների արտադրության շուկա:
 
Այն երկար ժամանակ մնաց որպես ոլորտի առաջատար ընկերություն: Քանի որ որպես սառեցնող-զովացուցիչ միջոց կիրառվում էր ամոնիակը, որի արձակած գոլորշին վտանգավոր է մարդու առողջության համար, օդորակիչի կոմպրեսորն ու կոնդենսատորը տեղադրվեցին դրսում:
 
Սկսած 1931թ.-ից, երբ հայտնաբերված էր մարդու օրգանիզմի համար անվտանգ Ֆրեոնը, բոլոր բաղադրիչները հավաքվեցին մեկտեղ: Այսպես ի հայտ եկան առաջին պատուհանային օդորակիչները, որոնք կիրառվում են մինչ օրս:
 
Չնայած ամերիկյան ընկերությունները օդորակիչների արտադրության հարցում հավակնում էին առաջինը լինել, բայց 1950-ականների վերջին նրանք սկսեցին առաջատարի իրենց դիրքը զիջել ճապոնական ընկերություններին: Հենց ճապոնացիներն առաջին անգամ ստեղծեցին օդորակիչների անջատվող համակարգը`   այն բաժանելով արտաքին և ներքին մասերի:
 
Ժամանակի ընթացքում օդորակիչները դարձան ավելի հզոր և բազմաֆունկցիոնալ, երկարածգվեց դրանց պիտանելիության ժամկետը: Մեր օրերում արդեն օդորակիչները, զովացնելուց բացի, արտամղում են տաք հոսք, իոնիզացնում, ցամաքեցնում և մաքրում են օդը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.