Encyclopedia

Բայազետը

Բայազետը Արևմտյան Հայաստանի փոքր, բայց մեր ժողովրդի պատմության մեջ հիշատակության արժանի դեր խաղացած քաղաքներից է։ Հնում այս քաղաքի տեղում Բագրատունի նախարարների ոստանն էր՝ Դարոյնք հայտնի բերդավանը:

Վերջինիս տեղում XV դարում կառուցված բերդը և հետագայում նրան կից առաջացած գյուղաքաղաքը կոչվեց Բայազետ, 1829 թվականից հետո՝ նաև Հին Բայազետ (ի տարբերություն Նոր Բայազետի, որտեղ հիմնականում բնակություն էին հաստատել Բայազետից գաղթածները), ինչպես նաև Դողու Բայազիդ։

Պաշտպանական և առևտրատնտեսական առումներով Բայազետի դիրքը նպաստավոր է։ Այն գտնվում է Մեծ Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց (Ալադաղ) լեռների հյուսիսարևելյան ճյուղերից մեկի լանջին, Դեղին (Զարգիմար) գետի Սարի-սու ճյուղի վրա։ Նրա դիրքն ու համայնապատկերը գեղատեսիլ են։ Տեղադրված է նեղ դաշտի խորքում, լերկ ու ժայռոտ լեռների արանքում ու դրանց դարավանդների վրա, ծովի մակերևույթից մոտ 1750 մ բարձրությամբ։ Ամառն այստեղ մեղմ է, ձմեռը՝ ցուրտ, գարնանը՝ անձրևոտ։ Քաղաքի համար ամենալավ ժամանակն աշունն է, որ տևում է բավական երկար։ Էրզրումի նման, Բայազետը ևս հայտնի է իր աղբյուրներով։
 
Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Բայազետի տեղում եղած Դարոյնք բերդավանը։ IV դարում այն Մեծ Հայքի հայտնի բերդերից էր և Բագրատունի նախարարների ոստանը։ Դարոյնքի տեղում, որն ամենայն հավանականությամբ ավերվել էր հարձակումների և երկրաշարժերի հետևանքով, նոր բերդ է կառուցվում հետագայում։ Այս վերջինիս կառուցումը կիսաավանդական պատմությունը վերագրում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ինին (1389—1402) և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։ Հետագայում բերդի շուրջը փռվում է քաղաքն իր թաղերով։ Հայ պատմագիրներից Բայազետն առաջին անգամ հիշատակում է Առաքել Դավրիժեցին (XVII դ.)։
 
Հնում Դարոյնք–Բայազետը Այրարատյան աշխարհի Կոգովիտ գավառի կենտրոնն էր և, ինչպես ասվեց, Բագրատունիների իշխանանիստը։ 1555 թվականի Հայաստանի բաժանմամբ անցել է Թուրքիային և դարձել համանուն սանջակի (գավառի) կենտրոնը։ XIX դ. առաջին կեսում Բայազետի գավառը Արևմտյան Հայաստանում կազմակերպված փաշայություններից մեկն էր, որտեղ իշխում էր Սլիվանի քրդական ցեղը՝ օգտվելով ներքին լայն իրավունքներից։ Բայազետի փաշայությունը, Արևմտյան Հայաստանի մյուս նույնատիպ իշխանությունների նման վերացվեց սուլթանի կողմից զենքի ուժով XIX դ. երկրորդ կեսում։ Դրանից հետո իբրև սովորական գավառ այն մանում էր Էրզրումի վիլայեթի (նահանգ) մեջ։ Բայազետն իբրև ամուր բերդաքաղաք, XIX դարում և XX դարի սկզբներին միշտ եղել է ռուս–թուրքական հարաբերությունների կիզակետում։ Այն 1828—1914 թվականների ընթացքում ռուսների կողմից չորս անգամ ազատագրվել է թուրքական լծից: Բայց նորից է հետ վերադարձվել Թուրքիային։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել 1828 թվականին, երբ ռուսական զորքերը, օգոստոսի 28-ին ջախջախելով թուրքական կայազորի պետ քուրդ Բահլուլ փաշային, գրավում են քաղաքը։ Բայազետի համար մղված այդ մարտերում քաջաբար կռվել են նաև Բայազետի Մելիք-Մարտիրոսի 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատի զինվորները։ Սակայն Ադրիանապոլսի պայմանագրով (1829 թ.) Բայազետը վերադարձվում է Թուրքիային։
 
Երկրորդ անգամ ազատագրվել է Արևելյան պատերազմի ժամանակ։ 1854 թվականի հուլիսի 17–ին Չինգլի լեռնանցքում (Մեծ Մասիսից հյուսիս–արևմուտք) ռուսական զորքերի երևանյան ջոկատը թուրքական 20000-ոց բանակը ջախջախելուց հետո անմիջապես գրավում է Բայազետը, որը հետո նորից անցավ Թուրքիային։
 
Բայազետը երրորդ անգամ ազատագրվել է ռուս-թուրքական 1877— 1878 թթ. պատերազմի ժամանակ։ 1877 թ. ռուսական բանակի հայազգի զորավար Ա. Տեր-Ղուկասովը առանց կռվի քաղաքը գրավել է թուրքերից։ Սակայն նույն թվականին, օգտվելով զորավարի բացակայությունից, թուրքական զորքն ու խառնիճաղանջ մի հսկայական ամբոխ հարձակվում և հունիսի 6 — 29–ը ավերում է քաղաքը ու նրա բերդը պահում պաշարված դրության մեջ։ Նրանք գրեթե ամբողջովին կոտորում են քաղաքի հայ բնակչությանը և ամայացնում ամբողջ թաղամասեր։ Ավազակային այդ հարձակումն է, որ այնքան վարպետությամբ նկարագրված է մեծ վիպասան Րաֆֆու «Խենթ» վեպում։ Բեռլինի 1878 թ. պայմանագրով Բայազետը դարձյալ վերադարձվում է Թուրքիային։
 
Ռուսական զորքերի կողմից այն չորրորդ անգամ ազատագրվում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ`   1914 թվականին և 3 — 4 տարի փաստորեն մտնում էր ռուսական պետության մեջ։ Սակայն 1918 թ, թուրքերն այն հետ են վերցնում տեղահանելով կամ իսպառ ոչնչացնելով նրա հայ բնակչությանը։ Ներկայումս Բայազետը թուրքերով ու քրդերով բնակեցված գավառական տիպի փոքրիկ քաղաք է, որի տնտեսության ճյուղերը կազմում են անասնապահությունը, բրդի ու կաշվի մշակությունը, կարպետագործությունը, մանրածախ տեղական առևտուրն ու մասամբ արհեստագործությունը։
 
Բայազետը երբեք բազմամարդ քաղաք չի եղել։ Նրա բնակչության թիվը համեմատաբար մեծ է եղել XVII — XVIII դարերում։ Այսպես, XVIII դարի կեսերին այն ուներ 2000 տուն՝ մոտավորապես 10—12 հազար հայ բնակիչներով, իսկ 1812 թվականին նրա ամբողջ բնակչությունը հասնում էր մոտավորապես 12 հազար մարդու, որի մեծ մասը դարձյալ կազմում էին հայերը։ 1829-ին ուներ 7000, 1840-ին՝ 4000, 1891-ին՝ 2000, իսկ 1914-ին՝ 5000 բնակիչ, որից 2000-ը՝ հայ, իսկ մնացածը թուրքեր ու քրդեր10: Հայերը, թուրքական բռնություններից նեղվելով, պարբերաբար գաղթել են Արևելյան Հայաստան։ Նրանք ամենամեծ զանգվածով գաղթել են 1829 թվականին և հիմնականում բնակություն հաստատել նախկին Գավառում, որը նրանք իրենց հայրենի քաղաքի անվամբ կոչեցին Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)։
 
Բայազետի հայ բնակչությունը զբաղվում էր առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Առևտրական առումով Բայազետի նշանակությունն առանձնապես մեծացել էր XVIII—XIX դարերում։ Այստեղից արտահանվում էին ծխախոտ, ձավար և այլ ապրանքներ։ Քաղաքի մոտ 200–ի հասնող խանութների ու կրպակների մեծագույն մասը պատկանում էր հայերին։ Քաղաքն ուներ իր շուկան և իջևանատունը։ Բայազետով էր անցնում Թավրիզ—Էրզրում-—Տրապիզոն քարավանային ճանապարհը, որն անշուշտ նպաստում էր նրա և՛ ներքին, և՛ արտաքին առևտրի զարգացմանը։
 
Բայազետը կառուցված է առանց նախօրոք մշակված հատակագծի։ Նրա շենքերը ցրված են դարավանդաձև լեռնալանջերին և արտաքնապես վատ տպավորություն չեն թողնում։ Քաղաքի հիմնական թաղերի տները կառուցված են կարմրավուն քարերով։ Երկու հիմնական մասից էր բաղկացած Բայազետը, որոնցից մեկը կառուցված է բարձր ժայռի վրա և կոչվում է Կարաբուրուն, իսկ մյուսը բլրի վրա և կոչվում է Էսկիկալա: Երկու քաղաքամասերն էլ մեծ վնասներ էին կրել 1840թ. հունիսի 20-ին սկսված և մեծ ու փոքր ընդհատումներով մինչև սեպտեմբերի 20–ը տևած երկրաշարժից։ Բայազետը չուներ կոմունալ տարրական պայմաններ։ Վատ էր քաղաքի սանիտարական վիճակը։ Այստեղ եղած երեք բաղնիքները կիսավեր վիճակում էին և գործում էին դեպքից դեպք։
 
Բայազետի հիշարժան հուշարձաններն ու հնությունները սահմանափակվում էին բերդով, եկեղեցիներով, մատուռներով և ուխտատեղիներով, երկու պալատով, մզկիթներով, մի ավերակ ընդարձակ շուկայով։
 
Քաղաքի նոր բերդը, որի կառուցումն ինչպես ասվեց, վերագրվում է սուլթան Բայազետ 1-ինին, XIX դարի վերջերին ավերակ էր։ Նրա ավերակներից բացի այստեղ Էսկիկալա բլրի վրա նշմարվում էին նաև հայկական հին բերդի՝ Դարոյնքի մնացորդներն ու նրան կից եղած ավանի հետքերը։ Պահպանվել էր մի բուրգ, պաշտպանական պարիսպների առանձին հատվածների հիմնապատեր և այլ կառուցվածքների ավերակներ։ Վաղեմի բերդի դարպասների մոտ կային զանազան քանդակներ: Այդ նույն բլրի վրա էր գտնվում նաև ս. Գրիգոր եկեղեցին:
 
Բայազետի հուշարձաններից առանձնահատուկ ուշադրության է արժանի ոմն Իսակ-փաշային վերագրվող պալատը (XVII դ.), որը կիսավեր էր և գտնվում էր Կարաբուրուն ժայռի գագաթին։ Հատկապես գեղեցիկ են դրա մուտքի դարպասը, բազմաթիվ սենյակներն ու դրանց պատերին արևելյան ոճով արված որմնանկարները, կիսավեր մզկիթը, որ վերածվել էր զորանոցի։ Մի ժամանակ այդ պալատը համարվել է թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը։ Նրա դահլիճները մարմարապատ էին և զարդարված բազմաթիվ սյուներով, իսկ պատերը ծածկված էին արաբական ոճի քանդակներով։ Ւսակ-փաշայի պալատից բացի գոյություն ուներ նաև մի այլ պալատ, որը տեղական կառավարիչների նստավայրն էր և բաղկացած էր գետնուղիներով իրար հետ միացած մի քանի դահլիճներից ու սենյակներից։
 
Մինչև 1877 թվականը Բայազետում կային 3 եկեղեցի՝ ս. Աստվածածին (VII դ.), ս. Կարապետ, որ մի քանի անգամ վերանորոգվել էր XVIII—XIX դարերում, Ծիրանավոր, մեկ ժամ`   ս. Գրիգոր անունով, որը XIX դ. վերջերին կիսավեր էր, երեք ուխտատեղի, ինչպես նաև 3 մզկիթ։ Դրանցից բացի, քաղաքի հարավարևմտյան մասում պահպանվել էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները։
 
XIX դարի երկրորդ կեսում Բայազետում կային խալֆայական մի քանի դպրոցներ։ Դրանցից բացի 70 — 80-ական թվականներից գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որը XX դարի սկզբներին ուներ 200 հայ աշակերտ-աշակերտուհիներ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.