Encyclopedia

Մեղրագետի ճակատամարտ

Մարզպանական Հայաստանում բռնկված ապստամբություն ճնշելու նպատակով Պարսից թագավորությունը 620 թ-ի աշնանը հարձակում ձեռնարկեց ապստամբության կենտրոն հանդիսացող Տարոնի ուղղությամբ:

Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (30.000 ռազմիկ), կողմնապահ ջոկատներ թողնելով Ապահունիքում, հիմնական ուժերով մտավ Տարոն և, բանակելով Ձյունակերտում, սկսեց բանակցություններ`   նպատակ ունենալով հնազանդեցնել Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը սկսած Վահան Գայլ Մամիկոնյանին: Բանակցություններում չհասնելով հաջողության և պարտություն կրելով Ծծմահովտի ճակատամարտում`   Վախթանգը Ասուրի գլխավորությամբ Հայկական բանակի դեմ ուղարկեց պարսկական մեկ այլ բանակ:

Մարտի ընթացքը
 
Ճամբարելով Մեղրագետի ափին`   Ասուրը վիրավորական տոնով հայերից պահանջեց դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան դրա Վահան Գայլ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը շարժվեց թշնամուն ընդառաջ: Մոտենալով իրար`   կողմերը մարտակարգ ընդունեցին:
  • I փուլ – Հայկական բանակն անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Սմբատը մարտադաշտում հանդիպեց Ասուրին և թրի հզոր հարվածով գլխատեց նախ հակառակորդի ձիուն, իսկ հետո`   նաև Ասուրին: Միաժամանակ 9 տապարակիրներ շրջապատեցին Վահանին և ծանր վերքեր հասցրեցին նրան: Սակայն վերջին պահին Սմբատը հասավ օգնության և, կոտորելով թշնամիներին ու սպանելով նաև Ասուրի որդուն, փրկեց հորը:
  • II փուլ – Պարսից թագավորության բանակը պարտություն կրեց և, հետապնդվելով Հայկական բանակի կողմից, դիմեց փախուստի:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին`   5.000 զինվոր: Այս պայմաններում Վախթանգը դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները`   դրանք հետաձգելով հաջորդ տարվան: Նույն տարվա ձմռանն էլ ստացած վերքերից Վահանը մահացավ, իսկ Տարոնի իշխան հռչակվեց նրա որդի Սմբատը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.