Encyclopedia

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օր

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրը նշում են մայիսի 8-ին: 1859թ. հունիսի 24-ին Հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մոտ բախվում են ավստրիական կայսրության և Ֆրանկո-սարդինյան միության զորքերը: Մի քանի ժամ անց արդեն մարտի դաշտում 40 հազար վիրավոր և զոհ կար:

Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը (1828թ. մայիսի 8 - 1910 հոկտեմբերի 30) դեպի Ալժիր ճամփորդության ճանապարհին պատահաբար այս դեպքերի ականատեսն է դառնում: Տեղաբնիկների օգնությամբ Դյունանը փորձում է օգնել վիրավորներին:

 

Ցնցված այս դեպքերից`   նա ընդհատում է ճամփորդությունը, վերադառնում Ժնև`   տպավորությունները շարադրելով «Հիշողություններ Սոլֆերինոյի մասին» գրքում: Այն մեծ արձագանք է գտնում Եվրոպայում:

 

Գրքում Դյունանն առաջարկում է յուրաքանչյուր երկրում հիմնել մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժանձնակազմին օգնող կամավորներ կպատրաստեր, պետություններին առաջարկում է համաձայնության գալ զինված ընդհարումների ժամանակ վիրավորներին օգնության մասին դրույթների շուրջ:

 

Այս գաղափարները կյանքի կոչելու նպատակով 1863թ. փետրվարի 9-ին Շվեյցարիայի հինգ քաղաքացի հիմնում են «Հինգի կոմիտեն», որն այնուհետև վերածվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Կոմիտեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է:
 
Շարժման կազմում են նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ֆեդերացիան և 186 անդամ երկրների ազգային ընկերությունները: 1963թ. Ժնևի համաժողովում որոշում է ընդունվում աշխարհի բոլոր երկրներում Կարմիր խաչի Ազգային ընկերություններ ստեղծելու մասին:
 
Սպիտակի երկրաշարժից հետո 1989թ. Ֆեդերացիան Հայաստանում բացեց իր գրասենյակը: Երկար տարիների նվիրյալ աշխատանքը մարդասիրական կազմակերպությանը բերել է մեծ համբավ ու վստահություն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.