Encyclopedia

Քղի

Քղին հնում ավելի շատ հայտնի էր Կեղի, Կողոբերդ, Քեղի տարբերակներով։ Հիշատակվում է իբրև գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։

Գտնվում է Արածանիի (Արևելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, վերջինիս մի փոքրիկ վտակի վրա։ Արևելքից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված է ոչ բարձր լեռներով, իսկ հարավով հոսում է Քղի գետը։ Քաղաքը տեղադրված է գեղատեսիլ լեռնալանջի վրա դարավանդաձև։ Ոչ հեռու գտնվող Սետեխառում լեռան ստորոտից բխում է ս. Աստվածածին՝ սրբավայրի վերածված աղբյուրը։ Քաղաքի մոտ գտնվող մյուս լեռնագագաթը Քարագլուխն է, որը լերկ է ու ապառաժոտ, սրա ստորոտի քարի ու կավի հանքերը օգտագործվել են քղեցիների կողմից։ Նշված այդ երկու լեռների միջև ձգվում է Քարկաձոր կամ Քարական աղբյուրաշատ ձորը։ Քաղաքի մոտ եղած առանձին ժայռաբեկորներից նշելի է բլրաչափ Պոլոզքարը։ Ըստ ավանդության, վերջինիս տակ իբր մեծ քանակությամբ ոսկի է եղել կուտակված և իբր այդ ոսկին ձեռք կարող է բերել նա, ով մենակ կկարողանա գլորել այդ ժայռաբեկորը։ Քղին համանուն գետով բաժանված է երկու մասի, ունենալով գեղեցիկ համայնապատկեր։ Շրջակայքում կան անտառներ ու թավուտներ։ Երկու անգամ Քղին ուժգին երկրաշարժի հետևանքով խիստ ավերվել է։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 1415 թվականին, որի հետևանքներն աստիճանաբար վերացվել են, բայց քաղաքի բնակչության մի մասը ցրվել է այլևայլ տեղեր։ Երկրորդ երկրաշարժը, ինչպես երևում է, ավելի կործանիչ է եղել։ Այն տեղի է ունեցել 1616 թվականին։ Հին Քղին, որ գտնվում էր Հանգստուն գյուղի մոտ, այդ երկրաշարժից ամբողջովին ավերվել է և նրա բնակիչների մի մասը հիմնել է մեր նկարագրած ներկայիս Քղին։ Ջրառատ է Քղին ու նրա վտակը, Քարական ձորում բխող պաղ ու վճիտ աղբյուրները կարող են բավականացնել Քղիի պես մի քանի քաղաքների։

Քղիի շրջանը (գավառը) իր տարածքով հիմնականում համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին։ Այդ ժամանակներում գավառը կազմում էր Արշակունիների տան սեպուհների ամառանոցավայրը։ XVI— XX դարերում այդ գավառը կազմում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Քղիի գավառակը, որի կենտրոնը Քղին է։
 
Ըստ երևույթին Քղին մինչև նշված երկրաշարժերը բավական բազմամարդ է եղել և նրա բնակչությունն այդ ժամանակներում միատարր էր՝ բաղկացած էր զուտ հայերից։ Ինչպես ասացինք, 1415 և 1616 թթ. երկրաշարժերի հետևանքով նրա բնակիչներից շատերը տեղափոխվել են այլ վայրեր։ Գյուղաքաղաքում XVI — XIX դարերում բնակություն են հաստատել նաև քրդեր ու թուրքեր, բայց մինչև առաջին համաշխարհային պատերազմը, այնուամենայնիվ, նրա բնակչության մեծ մասը հայեր էին։ 1800 — 1830թթ. ուներ մոտ 14 հազար բնակիչ, որից 8 հազարը հայեր, 1830 — 1850թթ՝ 13,3 հազար բնակիչ, որից ավելի քան 7 հազարը հայեր։ Ըստ որոշ աղբյուրների, մինչև 1915թ. եղեռնը նրա բնակչության թիվը հասնում էր 15 հազար մարդու, որից 10 հազարը հայեր։ 1860—70-ական թվականներին պանդխտության գնացող բնակիչները բավական մեծ թիվ էին կազմում։
 
Քղիի հայ բնակչության ճակատագիրը հար ու նման է ողջ Արևմտյան Հայաստանի հայության ճակատագրին։ Թուրքական ջարդարարները երկու անգամ զանգվածային բնաջնջման ենթարկեցին նրա հայ բնակչությանը, մեկ արյունախում Աբդուլ Համիդի ժամանակ`   1895 թվականին (միայն սպանվածների թիվը հասնում էր 1000 հոգու), իսկ մյուսը նույնքան մարդակեր երիտթուրքերի՝ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ 1929 թվականի տվյալներով Քղիում հավաքվել էին 500 տարագիր քղեցի հայեր, որոնց հետագա ճակատագիրը մեզ համար մնում է անորոշ։
 
Քղին մեկուսացած գյուղաքաղաք է։ Նրա միջով անցնող ճապաղջրից դեպի Երզնկա ձգվող շատ թե քիչ բարեկարգ միակ ճանապարհը երկրորդական նշանակություն ուներ և նրա ներքին տնտեսական կյանքի վրա շատ քիչ էր ազդում։ Այնուամենայնիվ, Քղին ուներ ներքին բավական աշխույժ առևտուր։ Այստեղ ձևավորվել էր նաև բավական հարուստ վաճառականության մի խումբ, որն առևտրական գործարքներ ուներ նահանգի և հարևան քաղաքների հետ։ Քաղաքն ուներ շուկա, տասնյակ խանութներ ու կրպակներ։ Քաղաքային հասարակության կարևոր զբաղմունքներից էր արհեստագործությունը։ Առանձնապես տարածում էին ստացել և բավական զարգացած էին կաշեգործությունն ու կոշկակարությունը։ Քաղաքի բնակչության մի մասի համար կարևոր զբաղմունք էին երկրագործությունը, այգեգործությունը, մեղվաբուծությունը և այլն։
 
Քղիի տները քարաշեն են, հին տները գրեթե առանց բացառության մի հարկանի, երդիկով ու թոնիրով, իսկ նորերը՝ երկհարկ-եռահարկ։ Տները դասավորված են շարքերով, ամֆիթատրոնի ձևով։ Փողոցները նեղ են ու ծուռումուռ։ Քաղաքի հայ բնակչությունը բնակվում էր չորս թաղերում՝ ս. Հակոբ, ս. Սարգիս, ս. Լուսավորիչ և Վարի թաղ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին։ Եկեղեցիներից երկուսը՝ ս. Հակոբն ու ս. Սարգիսը քարաշեն էին։ Դրանցից առաջինն ուներ թանկարժեք սպասք և սուրբ մասունքներ, իսկ երկրորդը ավելի շքեղ էր՝ սյունազարդ, գմբեթակիր, զանգակատնով հոյակապ մի կառույց էր: Նրա երրորդ եկեղեցին, ս. Աստվածածինը, ավելի խոշոր էր՝ 40 կանգուն բարձրությամբ և 40 կանգուն լայնությամբ, բայց անզարդ ու անպաճույճ կառուցվածք էր։ Քղին ուներ նաև 3 մատուռ, որոնք նույնպես երբեմն հիշատակվում են իբրև եկեղեցիներ։
 
Քաղաքից 1 — 1,5 կմ հեռավորությամբ, ժայռոտ լեռան բարձր գագաթին կառուցված է եղել մի հին բերդ։ Ենթադրվում է, որ այն եղել է Արշակունի սեպուհների նստավայրը և կառուցված է եղել նրանց կողմից IV դարում։ Բերդի ավերակներում վիմագիր արձանագրություններ ամենևին չեն հայտնաբերվել:
 
Քղին հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ ընդօրինակվել են զանազան ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է 1464 թ. Երեմիա Սարկավագի օրինակած մի Մաշտոց և մի Գանձարան։ XIX դարի երկրորդ կեսին և ХХ-ի սկզբներին հայերն ունեին մեկ արական և մեկ օրիորդաց նախակրթարան, որ բացվել էր արական նախակրթարանից մի փոքր ուշ`   1880թ. Պոլսի Ազգանվեր հայուհյաց ընկերության ջանքերով (այդ ընկերությունը լուծարքի է ենթարկվել 1915 թ.)։ Առաջնորդարանը և աղջիկների նախակրթարանը գտնվում էին ս. Հակոբի թաղում, իսկ տղաների նախակրթարանը, որ ուներ գեղեցիկ ու հարմարավետ շենք, ս. Սարգսի թաղում։ Քղին ուներ նաև մեկ երկսեռ մանկապարտեզ։
 
Քղի ավանից էր Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը (1770 — 1779), որը հայտնի Նաղաշ Հովնաթանի ձեռքով նկարազարդել էր տվել Էջմիածնի տաճարը և Աղա Մահմեդ խանին մեծ կաշաոք տալով (100000 ռուբլու չափով) Էջմիածինն ազատել հարկից։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.