Encyclopedia

Բուլատ Օկուջավա

Բուլատ Օկուջավա (1924 թ. մայիս 9 - 1997թ. հունիս 12), սովետական ​​բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ: Համարվում է սովետական շրջանի խոշորագույն երգագիրներից: Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է:

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում`   Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում:

 

Մայրը Վահան Տերյանի ազգականն էր: Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում: Ծնողները բռնադատվել են 1937թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955թ.:

 

Բուլատին պահել է մորական տատը: Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1942թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է:

 

Զորացրվել է 1945թ.: 1950թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում: 1954թ. աշխատակցել է Կալուգայի «Մոլոդոյ լենինեց» թերթին, 1956թ. հրատարակել բանաստեղծությունների առաջին ժողովածուն`   «Лирика» վերնագրով:

 

Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է «Մոլոդյա Գվարդիյա» հրատարակչությունում որպես խմբագիր, ապա «Լիտերատուրնայա գազետա» թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1961 թվականից չի աշխատել`   իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը:

 

Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է: Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում: Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում:

 

Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Մոսկվայում կանգնեցվել է Բուլատ Օկուջավայի 2 արձան, առաջինը կանգնեցվել է 2002թ. Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը`   2007թ. թիվ 109 կրթական կենտրոնի բակում: Երկու արձանի հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.