Encyclopedia

Ավտոմոտոսպորտ

Ավտոմոտոսպորտը մրցություն է բոլոր տիպերի և չափերի ավտոմեքենաներով ու մոտոցիկլներով: Ավտոսպորտում հիմնականում օգտագործվում են մրցարշավների համար հատուկ նախապատրաստած, ձևափոխած ավտոմեքենաներ, որոնք պետք է բավարարեն շարժիչներին և այլ մեքենամասերին¬ ներկայացվող տեխնիկական պահանջները:
Ավտոմոտոսպորտի հիմնական նպատակն է բարձր արագություններ զարգացնելը, վարորդների վարպետության դրսևորումը և թիմային համաձայնեցված գործողությունների ապահովումը:
 
«Ֆորմուլա -1»: Ավտոմրցարշավներից ամենահեղինակավորը «Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի մրցումներն են, որտեղ ավտոմեքենաները զարգացնում են մինչև 300 կմ/ժ արագություն: Այդպիսի մեծ արագությամբ սլացող և փոքր զանգվածով ավտոմեքենաներն ունեն շատ ցածր, աերոդինամիկ (շրջահոսելի) թափք և խոշոր ու լայն անիվներ, որոնք թույլ չեն տալիս, որ ավտոմեքենան կտրվի ասֆալտից՝ օդ բարձրանա կամ շրջվի:
Մեծ մրցանակի յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացվում են 17 մրցարշավներ, որոնց մասնակցում են 10 թիմի բաժանված աշխարհի ամենաուժեղ 30 և ավելի մրցարշավորդներ կամ, ինչպես ընդունված է նրանց անվանել, «օդաչուներ»:
 
Նրանք միավորներ են ստանում առաջին վեցյակում վերջնագիծը հատելուն համապատասխան: Մրցաշրջանում ամենաշատ միավոր հավաքած մարզիկը դառնում է աշխարհի չեմպիոն: 
«Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի յուրաքանչյուր ավտոմրցուղու երկարությունը 3–7 կմ է, իսկ մրցարշավի ընդհանուր տարածությունը՝ 300 կմ: Մեծ մրցանակի բոլոր ավտոմրցուղիներն ունեն տարբեր կորությունների շրջադարձերով բարդ եզրաձևեր, որտեղ բացահայտվում են ավտոմեքենայի շարժունակությունը և «օդաչուի» ունակությունները: Շրջադարձերը կապված են իրար ուղիղ հատվածներով, որոնք արագ հաղթահարելու համար կարևոր է նաև ավտոմեքենայի շարժիչի հզորությունը:
 
Ավտոսպորտի այլ տեսակներ: Ավտոռալլին մարդատար ավտոմեքենաներով բնական, դժվարին պայմանների հաղթահարման բազմօրյա մրցումներն են: Դրանք անցկացվում են սովորական ավտոճանապարհներով, երկար տարածություններով: Յուրաքանչյուր փուլում մրցարշավորդները մեկնարկում են հերթականությամբ՝ որոշակի ժամանակահատվածներով, և տուգանային միավորներ են ստանում հսկիչ կետեր ուշ հասնելու կամ ավտոմեքենամասեր փոխելու համար: Հաղթում է ամենաքիչ տուգանային միավորներով վերջնագիծ հասած մրցարշավորդը:
 
Ավտոմրցարշավներից ամենահայտնին Փարիզ-Դաքար ավտոռալլին է. ավտոճանապարհի մեծ մասն անցնում է Սահարայի անապատով: Մրցարշավին մասնակցում են մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և մոտոցիկլներ:
ԱՄՆ-ում ամենահայտնի ավտոմըրցումները ինդիքարների ամենամյա մրցարշավներն են: Ավտոմեքենաները հատուկ նախապատրաստում են թեք տեղանքով անցնող ձվաձև ավտոճանապարհը հաղթահարելու և բարդ եզրաձևերով ավտոմրցուղին բարեհաջող անցնելու համար: Ինդիքարների մրցարշավների օրացույցում հիմնական իրադարձությունը 300 հզ-ից ավելի հանդիսատես հավաքող «Ինդիանապոլիս-500» մրցությունն է: 
 
Լե Մանի 24-ժամյա մրցարշավի պատմությունն սկսվում է 1923 թ-ից. անցկացվում է Փարիզի մոտակայքում գտնվող 13,6 կմ երկարությամբ հատուկ կառուցված ավտոմրցուղում. մասնակցում են փակ թափքով երկտեղ մարզական ավտոմեքենաները: Ղեկի մոտ փոխարինելով միմյանց՝ 2 կամ 3 մրցարշավորդներ 24 ժամում պետք է անցնեն հնարավորինս մեծ տարածություն:
 
Մոտոսպորտ: Մոտոցիկլներով մրցարշավների աշխարհի առաջնություններն անցկացվում են ամեն տարի՝ հատուկ մոտոմրցուղիներում: Չեմպիոնը որոշվում է Մեծ մրցանակի 12 և ավելի մրցարշավների արդյունքով:
Սպիդվեյը՝ առանց արգելակի և ամրաշրջանակի (շասսի) մոտոցիկլներով մրցարշավները, անցկացվում են 400 մ երկարությամբ ձվաձև, ցեխոտ մրցուղիներում: Չեմպիոնատները լինում են թիմային և անհատական:
Մոտոկրոսն անցկացվում է կտրտված տեղանքով շատ բարդ մրցուղիներում, որտեղ մարզիկներին հարկ է լինում հաղթահարել բնական ցատկահարթակներն ու ցեխը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.