Encyclopedia

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թ. Երևանում: Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933թ. բացվեց ազգային ակադեմիական թատրոնը: 1939թ. թատրոնը կոչվեց Սպենդիարյանի անվամբ:

Թատրոնը նախապես գործել է Երևանի բանվորական դրամատիկական թատրոնի շենքում: Իսկ 1940 թ-ից՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում: 1953թ. հիմնադրվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը, որը 1972թ.-ից կոչվել է Արամ Խաչատրյանի անվամբ: Շենքը վերանորոգվել է 1978–80, 1981–83 և 2002–03 թթ-ին. փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների հարդարման շինանյութերը (մարմար, գրանիտ և այլն), շենքը երեսպատվել է գրանիտով: Ընդարձակվել են օպերային թատրոնի դահլիճը (1260 տեղ) և ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը (1300 տեղ):

1992թ. բացվել է Միքայել Թավրիզյանի անվան «Հայելապատ սրահը», որտեղ ներկայացվում են օպերային բեմադրություններ, կազմակերպվում համերգներ: 

Թատրոնն իր նախնական կազմով (օպերային`   20 և բալետի 20 արտիստներ, նվագախումբ՝ 40, երգչախումբ՝ 30 հոգի) առաջին թատերաշրջանում բեմադրել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերաները:
Թատրոնի առաջին հաջողությունները պայմանավորված են դիրիժորներ Գևորգ Բուդաղյանի, Սուրեն Չարեքյանի, Կոստանդին Սարաջևի, Միքայել Թավրիզյանի, ռեժիսորներ Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, բալետմայստեր Իլյա Արբատովի, նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, մեներգիչներ Հայկանուշ Դանիելյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Շարա Տալյանի, բալետի արտիստներ Լյուբով Վոինովա-Շիկանյանի, Զարեհ Մուրադյանի և ուրիշների գործունեությամբ: 
1935թ-ին թատրոնում բեմադրվել է հայկական ազգային առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը», ապա՝ Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար» երգիծական և «Լուսաբացին»՝ ժամանակակից թեմայով հայկական առաջին, Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս» կատակերգական և այլ օպերաներ: Կատարողական բարձր արվեստով աչքի են ընկել Շարա Տալյանն ու Տաթևիկ Սազանդարյանը: Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունից հետո թատրոնը 1935թ. կոչվել է օպերայի և բալետի, 1956թ.՝ ակադեմիական, 1994թ.՝ ազգային: 
Թատրոնում բեմադրվել են`   1939թ.`   հայկական առաջին՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն», 1940թ.՝ Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» բալետները: 1940-ական թվականներին ազգային խաղացանկն ընդլայնվել է Կարո Զաքարյանի «Մարջան», Լևոն Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» օպերաներով և «Խանդութ» բալետով (ըստ Սպենդիարյանի երաժշտության): 
Նշանակալի իրադարձություններ էին Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» (նորովի խմբագրված և ամբողջական) հայկական առաջին օպերայի և Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությունները: Թատրոնի առաջընթացին մեծապես նպաստել է Գոհար Գասպարյանը, առաջատար երգիչներից էին նաև Միհրան Երկաթը, Արմինե Թութունջյանը, Դավիթ Պողոսյանը, Ավագ Պետրոսյանը, Արշավիր Կարապետյանը, Վահան Միրաքյանը, մենապարողներ՝ Թերեզա Գրիգորյանը, Ֆրունզե Ելանյանը, Վանուշ Խանամիրյանը, Բելա Հովնանյանը, բալետմայստեր Եվգենի Չանգան և ուրիշներ: Նոր բեմադրություններ են ստեղծել ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, ավելի ուշ՝ Հրաչյա Ղափլանյանը, Տիգրան Լևոնյանը, Վահագն Բագրատունին: 
Թատերախումբը համալրել է դիրիժորների նոր սերունդը՝ Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, Յուրի Դավթյան, Հովհաննես Չեքիջյան, Օհան Դուրյան և ուրիշներ, բեմադրվել են Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ», Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաները, Գրիգոր Հախինյանի «Ախթամար», Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» և այլ բալետներ: 
Թատրոնի մեծ նվաճումներից էին Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի (սկզբնավորել է նոր փուլ) և Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերայի բեմադրությունները: 
1970-ական թվականներից թատերախմբում էին մեներգիչներ Սերգեյ Դանիելյանը, Գոհար Գալաչյանը, Էլվինա Ուզունյանը, մենապարողներ Վիլեն Գալստյանը, Էլվիրա Մնացականյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Հովհաննես Դիվանյանը և ուրիշներ: Բեմադրվել են Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր», Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (օպերա-բալետ), Մոցարտի «Դոն Ժուան», Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր», Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» և այլ օպերաներ: 
1980-ական թվականներից թատրոնի խաղացանկը հարստացել է նոր բեմադրություններով՝ Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ», Իգոր Ստրավինսկու «Օրփեոս», Ա. Խաչատրյանի «Սպարտակ», Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետները, Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս», Ջ. Վերդիի «Օթելլո», «Տրավիատա», Վինչենցո Բելլինիի «Նորմա», Անտոնիո Վիվալդիի «Տիգրան», Վոլֆգանգ Մոցարտի «Առևանգում հարեմից» (վերջին երկուսը՝ համերգային կատարումներ) օպերաները և այլն:
1990–92 թթ-ին Տիգրան Լևոնյանի ղեկավարությամբ՝ նոր խմբագրությամբ բեմադրվել են Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Ա. Տիգրանյանի «Անուշ», Ռուջերո Լեոնկավալոյի «Հտպիտներ» և այլ օպերաներ, որոնք ներկայացվել են Մոսկվայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:
Թատրոնը 2007թ.-ից ղեկավարում է գեղարվեստական խորհուրդը, 2001թ.-ից գլխավոր դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, 2009թ.-ից գլխավոր բալետմայստերը՝ Ռուդոլֆ Խառատյանը: 
Բեմադրվել են Ժորժ Բիզեի «Կարմեն», Մելիք Մավիսակալյանի և Լորիս Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Ա. Տերտերյանի «Երկրաշարժ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները, Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանք», Աստոր Պիացոլայի «Տանգո», Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետները և այլ գործեր:
Թատրոնում հանդես են եկել երգիչներ Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Էմմա Պապիկյանը, Հասմիկ Պապյանը, Հասմիկ Հացագործյանը, Անահիտ Մխիթարյանը, Օլգա Գաբայանը և ուրիշներ: Թատրոնի ստեղծագործական կազմը բաղկացած է շուրջ 300 հոգուց (2010թ.):
Օպերայի և բալետի թատրոնը հյուրախաղերով շրջագայել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, նաև Իսպանիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, բալետի մի խումբ արտիստներ՝ Արգենտինայում, Մեքսիկայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.