Encyclopedia

Ալբեր Քամյու

Գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն (1913թ., նոյեմբերի 7 - 1960թ., հունվարի 4) ֆրանսիական գրականության մեջ էքզիստենցիալիզմի և աբսուրդի դրամայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: Նրա փիլիսոփայության հիմնական խնդիրն իրականության դեմ գիտակցության արդարացի ընդվզումն է: Ալբեր Քամյուն 1914թ. (հոր մահից հետո) մոր հետ տեղափոխվել է Ալժիր քաղաք: 1932–37թթ. սովորել է Ալժիրի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Ուսման տարիներին հրապուրվել է սոցիալիստական գաղափարներով: 1936–37թթ. ճանապարհորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, Կենտրոնական Եվրոպայի երկրներում:
1936թ. հիմնել է «Ժողովդական թատրոնը», 1938թ. թղթակցել է ձախ արմատական ընդդիմադիր պարբերականներին, հանդես է եկել արաբների դրությունը երկրում բարելավելու առաջարկությամբ: 1937թ. հրատարակել է «Աստառ և երես» փիլիսոփայական, 1939թ.՝ «Ամուսնություններ» քնարական էսսեների ժողովածուները:
 
1940թ. տեղափոխվել է Ֆրանսիա: Մասնակցել է Դիմադրության շարժմանը, 1943թ.-ից թղթակցել, ապա խմբագրել է շարժման «Կոմբա» («Ճակատամարտ», մինչև 1947թ.) ընդհատակյա թերթը: Իր հրապարակումները հետագայում լույս է ընծայել «Հրատապ հոդվածներ» խորագրով (3 գիրք, 1950, 1953 և 1958թթ.): 
 
1942թ. տպագրել է «Օտարը» վիպակը, որի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատապարտվելով մահվան՝ նա միայն մահապատժից առաջ է ձեռք բերում հոգևոր ազատություն: 
 
«Թյուրիմացություն» (1944թ.) և «Կալիգուլա» (1944թ.) պիեսներում գրողն անդրադարձել է բարոյականության, կյանքի ու շրջապատի անիմաստությանը: Քամյուի բազմաթիվ հերոսներ հանգամանքների (կյանքին սպառնացող վտանգ, հարազատի մահ, հակադրություն սեփական խղճի հետ և այլն) ազդեցությամբ հայտնվում են հոգու նման վիճակներում:
 
Քամյուի գեղարվեստական ստեղծագործության և փիլիսոփայության հիմքն էքզիստենցիալիզմն է (գոյության փիլիսոփայություն), որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, կյանքի իմաստն ու ճակատագիրը: Անհեթեթ ու անխոհեմ իրականության դեմ պայքարը գրողը պատկերել է «Ժանտախտը» (1947թ.) վեպում, որը գրել է անանուն տարեգրի անունից:
 
Լինելով ֆրանսիացի գրող Ժան-Պոլ Սարտրի գաղափարական համախոհներից (մինչև նրանց պառակտումը՝ 1951թ.)՝ Քամյուն շնորհիվ իր «Պաշարողական դրություն» (1948թ.) միստերիայի (միջնադարյան կրոնական դրամա) և «Բարեպաշտներ» (1950թ.) աբսուրդի դրամայի (հոսանք դրամատուրգիայում և թատրոնում) դարձել է Արևմուտքի ձախ տրամադրություններ ունեցող մտավորականության «մտքի առաջնորդներից»:
 
«Ընդվզող մարդը» (1951թ.) փիլիսոփայական էսսեում անհատի ըմբոստությունը նա դիտարկել է ոչ միայն որպես ժխտում, այլև հավերժական արժեքների՝ ազատության, համերաշխության և սիրո հաստատում: Ձախ քննադատները, ինչպես նաև Սարտրը, դա դիտել են որպես Քամյուի հրաժարում սոցիալիզմի պայքարի քաղաքականությունից:
 
Քամյուն շարունակել է հետևել Եվրոպայի քաղաքական կյանքին: Օրագրերում ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի ձախերի՝ Արևելյան Եվրոպայի իշխանությունների հանցագործությունների առաջ աչք փակելու, արաբական երկրներում բռնության և ամբողջատիրության տարածումը չտեսնելու քաղաքականության համար: 
 
Ըստ Քամյուի՝ անհեթեթության բարձրագույն մարմնացումը հասարակության բռնի բարեփոխման զանազան փորձերն են՝ ֆաշիզմը, ստալինիզմը և այլն: Նման եղանակներով բռնության և անարդարության դեմ պայքարը կարող է ծնել միայն ավելի մեծ բռնություն և անարդարություն: 
 
1954թ-ին վերադարձել է թատերական գործունեությանը, բեմադրել է մի շարք ներկայացումներ: Այդ շրջանում լույս է ընծայել «Անկում» (1956թ.) վիպակը, «Արտաքսում և արքայություն» (1957 թ.) պատմվածքների ժողովածուն: 1957թ.-ին Քամյուն արժանացել է Նոբելյան մրցանակի:
 
Մրցանակաբաշխության ժամանակ «Շվեդական ճառեր» ուղերձում ասել է. «Ես շատ ամուր եմ գամված ժամանակի իմ թիանավին և չեմ կարող մյուսների հետ չթիավարել դեպի ափ ...., անգամ եթե այն սխալ ընթացքի մեջ է»: Ըստ Քամյուի՝ ստեղծագործողը պատասխանատու է իր դարաշրջանի առջև և պարտավոր է լինել ժողովրդի կամքի արտահայտիչը: 
 
Դեռևս կենդանության օրոք նրան անվանել են «Արևմուտքի խիղճը»: Քամյուն զոհվել է ավտովթարից: 2009թ. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է նրա աճյունը տեղափոխել Փարիզ:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.