Encyclopedia

Օսկար Ուայլդ

Գրող, դրամատուրգ և գրաքննադատ Օսկար Ուայլդը (հոկտեմբերի 16, 1854թ., Դուբլին - նոյեմբերի 30, 1900թ., Փարիզ)1864–71թթ. սովորել է Պորտորի թագավորական դպրոցում, 1871–74թթ՝ Դուբլինի Տրինիտի քոլեջում: 1874թ. տեղափոխվել է Լոնդոն: 1879թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը:

1881թ. հրատարակել է «Բանաստեղծություններ» առաջին ժողովածուն: 1882թ. շրջագայել է ԱՄՆ-ում, հանդես եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել խռովարարական տրամադրություններ արտահայտող «Հավատ կամ նիհիլիստներ» (1882 թ.) մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883թ.) չափածո ողբերգությունը: Վերադառնալով Լոնդոն՝ աշխատակցել է թերթերին և ամսագրերին: 1887-89թթ. խմբագրել է «Կանանց աշխարհ» ամսագիրը:

 

Ուայլդը 1895թ. դատապարտվել է 2 տարվա բանտարկության: Գրողի հոգեկան ընկճվածությունն ու տառապանքն արտացոլվել են «Ռեդինգյան բանտի բալլադը» (1897թ.) պոեմում և հետմահու լույս տեսած “De profundis” («Անդունդից», 1905թ.) նամակ-խոստովանության մեջ: Բանտից ազատվելուց հետո տեղափոխվել է Փարիզ և մինչև մահն ապրել Սեբաստիան Մելմոտ անվամբ:

 

Ուայլդը բազմաժանր (բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, վեպ, դրամաներ, տեսական-քննադատական հոդվածներ) գրող է: 1887թ.  տպագրած «Քենտրվիլի ուրվականը», «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը», «Միստր Ն-ի դիմանկարը», «Միլիոնատեր բնորդը» պատմվածքներում ծաղրել է գռեհիկ իրականությունն ու քաղաքակրթությունը:

 

«Դորիան Գրեյի դիմանկարը» (1890թ.) վեպում հեղինակի գաղափարների կրողը լորդ Հենրի Ուոտոնն է, որի կարծիքով «կյանքի նպատակը մարդու էության բացահայտումն է ու ինքնարտահայտումը»: Հետևելով «չարի գեղագիտության» փիլիսոփայությանը՝ վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, անտեսում է բարոյականության բոլոր կանոնները: Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ՝ նա ապականվում է հոգեպես:

 

Ուայլդի «Երջանիկ արքայազնը», «Եսասեր հսկան», «Վարդը և սոխակը» (բոլորը՝ 1888թ.), «Նռնաքարե տունը», «Ձկնորսը և իր հոգին», «Աստղային տղան», «Երիտասարդ թագավորը» (բոլորը՝ 1891թ.) հեքիաթների հերոսները սիրով, գթասրտությամբ և ինքնազոհաբերությամբ հաղթում են չարին:

 

Ուայլդի դրամատուրգիան զարգացել է 2 ուղղությամբ՝ ողբերգություններ և աշխարհիկ կատակերգություններ: «Սալոմե» (սկզբում գրել է ֆրանսերեն, 1893թ.) և «Ֆլորենտական ողբերգություն» (1895թ., անավարտ) ողբերգություններում փորձել է վերածնել մեծ կրքերի ու զգացմունքների թեման:

 

«Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892թ.), «Կինը, որն արժանի չէր ուշադրության» (1895թ.) կատակերգություններում գրողը ծաղրել է կեղծ բարեպաշտությունն ու ստրկամտությունը: Սոցիալ-քննադատական մոտիվներն ավելի ցայտուն են դրսևորվել նրա «Որքան կարևոր է լուրջ լինել» (1895թ.) և «Իդեալական ամուսինը» (1895թ.) պիեսներում:

 

Ուայլդի գեղագիտական, տեսական և քննադատական հայացքներն արտահայտվել են «Մտահղացումներ» (1891-95թթ.) հոդվածների ժողովածուում: Նա թեև «արվեստն արվեստի համար» անկումային գաղափարախոսության հետևորդներից էր, սակայն նրա գեղապաշտությունն ուղղված էր քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Ըստ նրա՝ գեղեցիկը «բացարձակ ճշմարտություն» է, իսկ կյանքի միակ իմաստն արվեստն է:

 

Ուայլդն ուներ սոցիալական անարդարությունների վերաբերյալ իր համոզումը, ըստ որի՝ «աղքատ մարդիկ չպետք է հաշտվեն իրենց գոյության զարհուրելի պայմանների հետ»: «Մարդու հոգին սոցիալիզմի ժամանակ» (1891թ.) աշխատության մեջ ընդգծել է սոցիալիզմի առավելությունները:

 

1878թ.-ին «Ռավեննա» պոեմի համար Ուայլդն արժանացել է Օքսֆորդի «Նյուդիգեյթ» մրցանակին: Նրա պիեսները բեմադրվել են աշխարհի շատ երկըրներում, ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ:

 

«Սալոմե» ողբերգության հիման վրա Ռիխարդ Շտրաուսը գրել է համանուն օպերան (1905թ.): Ուայլդի ստեղծագործությունները հայերեն թարգմանել են Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Կարեն Միքայելյանը, Արտաշես Կարինյանը և ուրիշներ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.