Encyclopedia

Ուժեր և ճնշում

Ուժն այն վեկտորական մեծությունն է, որն արտահայտում է նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության չափը:
Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (ձգողության դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջոցով:
 
Մենք ուժ ենք գործադրում, երբ որևէ առարկա քարշ ենք տալիս կամ հրում: Ուժի ազդեցությամբ անշարժ առարկան սկսում է շարժվել, իսկ շարժվող առարկան շարժվում է ավելի արագ կամ ավելի դանդաղ կամ  փոխում է շարժման ուղղությունը: Նույն առարկայի վրա կիրառված 2 և ավելի ուժերը կարող են այն ձգել, սեղմել, կորացնել, պտտել կամ շրջել: 
                                                   
                                                            Լինում են տարբեր տեսակի ուժեր:
Ձգողության կամ գրավիտացիայի ուժ են անվանում այն ուժը, որով բոլոր մարմինները ձգում են իրար: Մեր և Երկրի միջև գոյություն ունեցող ձգողության ուժը մեր կշիռն է, և այն մեզ պահում է Երկրի վրա:
 
Շփման ուժ են անվանում այն ուժը, որը խոչընդոտում է մի մարմնի սահքը մյուսի վրայով և ուղղված է տեղաշարժին հակառակ: Օրինակ՝ օդ նետված գնդակի վրա ազդում է օդի շփման ուժը, որին անվանում են օդի դիմադրություն: Վերջինս դիմադրում է  նաև ավտոմեքենաների և փոխադրամիջոցի այլ տեսակների շարժմանը, իսկ պարաշյուտով ցատկողներին օդի շփումն օգնում է դանդաղեցնելու ընթացքը և կատարելու բարեհաջող վայրէջք:
 
Եթե ձգենք մետաղե զսպանակը, կառաջանա մի ուժ, որն անվանում են ձգման ուժ: Նույն այդ զսպանակը սեղմելիս ի հայտ են գալիս սեղմման ուժերը, որոնք հակադիր են ձգման ուժերին: 
Ուժը չափում են Նյուտոններով (Ն): Էլեկտրական անջատիչը պտտելու համար մեզնից պահանջվում է 5 Ն ուժ, իսկ պեպսիի կամ կոլայի բանկան բացելու համար՝ 20 Ն:
 
                                                                          Ուժի այլ տեսակներ
Գիտնականները գտնում են, որ Տիեզերքում գոյություն ունի ուժի ընդամենը 5 տեսակ՝ ձգողության, մագնիսական, էլեկտրական և 2 տեսակի միջուկային ուժեր: Ձգողության ուժի մասին մենք արդեն խոսեցինք: Մագնիսական ուժի ազդեցությունը մենք կզգանք, եթե մագնիսը բավականաչափ մոտեցնենք երկաթի կամ պողպատի կտորին: Էլեկտրական ուժի ազդեցությունը կտեսնենք, եթե սանրով մի քանի անգամ սանրենք մեր մազերը և սանրը մոտեցնենք թղթի կտորտանքին. դրանք կձգվեն դեպի սանրը: Էլեկտրական և մագնիսական ուժերն ավելի շատ հայտնի են էլեկտրամագնիսական ուժեր ընդհանուր անվամբ: Միջուկային ուժերն ատոմի միջուկը կազմող մասնիկների՝ պրոտոնների և նեյտրոնների միջև գործող ուժերն են, որոնք գործում են շատ փոքր հեռավորությունների (մինչև 
 
10-13 սմ) սահմաններում և 100–1000 անգամ գերազանցում են մյուս ուժերը:
 
                                                                                        Ճնշում
Ճնշումը ցույց է տալիս, թե որքանով է կենտրոնացած այս կամ այն ուժը: Եթե նույն մեծության 2 ուժեր ազդում են փոքր և մեծ մակերեսների վրա, ապա փոքր մակերեսի վրա ճնշումն ավելի մեծ կլինի, քան մեծ մակերեսի վրա: Ճնշումը չափվում է միավոր մակերեսի վրա ազդող ուժի մեծությամբ`   Ն/մ2, որը կոչվում է Պասկալ (Պ): Հեղուկներում և գազերում (օրինակ՝ օդում) ճնշումն ազդում է բոլոր ուղղություններով հավասարապես`   մեծանալով խորությանը զուգընթաց: Եթե սուզորդները ծովում փորձեն սուզվել չափից ավելի մեծ խորությամբ, ապա ջրի ճնշումը կարող է ճզմել  նրանց:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.