Encyclopedia

Տագոր Ռուբինդրանաթ

Քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ հնդիկ գրող, կոմպոզիտոր, նկարիչ, լուսավորիչ և հասարակական գործիչ Ռաբինդրանաթ Տագորը, մեծ ներդրում է ունեցել բենգալական և հնդկական գրականությունների մեջ:
Ռաբինդրանաթ Տագորը (Թագոր, իսկական անուն-ազգանունը՝ Թհակուր Ռոբինդրոնաթ) նախ սովորել է տանը, այնուհետև՝ մասնավոր դպրոցներում, Կալկաթայի Արևելյան սեմինարիայում, Բենգալական ակադեմիայի մանկավարժական ուսումնարանում, որտեղ ուսանել է բենգալացիների պատմությունն ու մշակույթը: Բանաստեղծություններ գրել է 8 տարեկանից: 1878թ. հրատարակել է «Բանաստեղծի պատմությունը» էպիկական պոեմը: 1878–80թթ. եղել է Անգլիայում, սովորել Լոնդոնի համալսարանի քոլեջի իրավունքի բաժնում, որը չի ավարտել: Վերադառնալով հայրենիք՝ գրել է «Վալմիկայի հանճարը» երաժշտական դրաման, որտեղ հնդկական ազգային երաժշտությունը համադրել է իռլանդական ժողովրդական երգերի հետ:
 
Լույս է ընծայել «Իրիկնային երգեր» (1882թ.), «Առավոտյան երգեր» (1883 թ.), «Պատկերներ և երգեր» (1884 թ.), «Դիեզներ և բեմոլներ» (1886թ.) բնապաշտական գաղափարներով ու կենսուրախ տրամադրություններով հարուստ բանաստեղծությունների ժողովածուները և «Բնության վրեժը» (1884 թ.) դրաման: «Բիբհիի ափին» (1883 թ.), «Իմաստուն Ռաջան» (1885թ.) պատմական վեպերում քննադատել է բռնակալությունը և քարոզել ազատության համար պայքարը:
 
1891–1900թթ. ապրել է Արևելյան Բենգալիայում՝ Շելայդեհոյի տոհմական կալվածքում: Այդ տարիներին գրած բանաստեղծությունների («Փշրանքներ», 1893 թ., «Ոսկե մակույկ», 1894թ., «Բերքահավաք», 1896թ., «Ակնթարթ», 1900թ.,  ժողովածուներ), դրամաների («Զոհաբերություն», 1890թ.), կատակերգությունների («Չամուսնացածների ակումբ», 1900թ.), պատմվածքների («Ոսկե միրաժ», 1892թ., «Քավություն», 1894թ.) հիմնական թեման բենգալական գյուղի կյանքն է: «Պատիժ» (1893թ.), «Լույս և ստվեր» (1894թ.), «Խանդի զսպում» (1895թ.) պատմվածքներում անդրադարձել է դասային անարդարությունից տուժած կնոջ ողբերգական ճակատագրին, գաղութատիրությանը, իշխանական վերնախավի կամայականություններին:
 
1901թ. Տագորը փոխադրվել է Կալկաթայի մերձակա Շանտինիկետանի ընտանեկան կալվածքը, որտեղ ընկերների հետ հիմնադրել է դպրոց: Համատեղել է մանկավարժական աշխատանքն ու գրական, հասարակական գործունեությունը. գրել է բանաստեղծություններ, վեպեր, պատմվածքներ («Պարգևներ», 1901թ., «Հիշողություն», 1902թ.,  «Քանդված բույն», 1902թ., «Ավազահատիկ», 1902թ.,  «Խորտակում», 1905թ., «Լաստանավ», 1906թ.):
 
1905թ-ին, Բենգալիայում ազգային-ազատագրական պայքարի վերելքի ժամանակ, Տագորը դարձել է այդ շարժման ղեկավարներից, գրել է հայրենասիրական երգեր, այդ թվում՝ «Իմ ոսկե Բենգալիա» բանաստեղծությունը, որը դարձել է Բանգլադեշի Հանրապետության ազգային հիմնը: Հետագայում, երբ շարժման ընթացքում բռնարարքներ են գործադրվել, հեռացել է պայքարից: «Գորա» (1907–10թթ., հայերեն՝ 1959թ.), «Տուն և աշխարհ» (1915–16թթ.) վեպերում Տագորը կերտել է առաջադիմության և ազատության համար պայքարող մարտիկների կերպարներ: «Պահպանողականության ամրոց» (1911թ.) պիեսում, «Մահմեդական կնոջ պատմությունը» պատմվածքում քննադատել է  հնդկական հասարակության հինդուիստական վատ սովորույթները, կրոնական-համայնքային մոլեռանդությունը: 1911թ. գրել է «Ժողովրդի հոգին» բանաստեղծությունը, որը դարձել է Հնդկաստանի ազգային հիմնը:
 
Տագորը 1912–13թթ. մեկնել է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ. հանդես է եկել հնդկական մշակույթին նվիրված ելույթներով: 1912թ. հրատարակել է «Զոհաբերության երգեր» արձակ բանաստեղծությունների ժողովածուն և թարգմանել անգլերեն, որի համար 1913թ. արժանացել է Նոբելյան մրցանակի: 1920-ական թվականներին շրջագայել է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում: Հրատարակել է հրապարակախոսական երկեր («Ազգայնականություն», 1922թ.), պատմվածքներ («Երկու քույր», 1933 թ., «Ծաղկանոց», 1934թ.), բանաստեղծությունների ժողովածուներ («Անտառի ձայնը», 1932 թ., «Նորից», 1932թ., «Տերևներ», 1936թ., «Իրիկնային լուսատուն», 1938թ., «Վերածնվածը», 1940թ., «Վերջին երգեր», 1941թ.):
 
Տագորի գեղագիտական հայացքները վառ կերպով արտահայտվել են նաև նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներում: Նա  իր բանաստեղծությունները թարգմանել է անգլերեն, դրանց համար գրել է երաժշտություն: Գրել է նաև բալետներ: Նրա ստեղծագործությունն ազդել է հնդկալեզու գրականությունների զարգացման վրա:
Տագորը եղել է Օքսֆորդի և Հնդկաստանի 4 համալսարանների պատվավոր դոկտոր: Վալյադոլիդ քաղաքում կանգնեցվել է նրա արձանը: Տագորի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.