Encyclopedia

Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է, հումանիստ, գերմանալեզու գրականության մեջ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից, «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակը: Վերֆելը ծնվել է 1890թ.-ի սեպտեմբերի 10-ին Պրահայում:
Ֆրանց Վերֆելը սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրահայում: Ծառայել է ավստրիական բանակում: Մասնակցել է 1918թ.-ի հեղափոխական իրադարձություններին: Ավստրիայի՝ ֆաշիստական բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940թ.՝ ԱՄՆ (Կալիֆորնիա): Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ, լույս է ընծայել «Աշխարհի բարեկամը» (1911թ.), «Մենք կանք» (1913թ.), «Բարեկամը բարեկամի համար» (1915թ.), «Դատաստանի օրը» (1919թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 
 
Վերֆելի բանաստեղծություններում արտահայտված են հավատը բարու և մարդու նկատմամբ, մարդկությանը ծառայելու ցանկությունը, եղբայրության ու հավասարության գաղափարները: Պատերազմի դեմ է նրա «Հեղափոխական կոչ» (1917թ.) հայտնի բանաստեղծությունը: Ադոլֆ Հիտլերի 1938թ.-ի ելույթներից մեկին Վերֆելն անդրադարձել է քաղաքական սուր պամֆլետով, քննադատել է գերմանական ֆաշիզմը: «Լավ տեղ Վիեննայում» (1938թ.) բանաստեղծության մեջ մերկացրել է անարդարությունն ու չարիքը:
 
Տագնապն անհատի ճակատագրի համար խորացել է և հետագայում մարմնավորվել «Մուսա լեռան 40 օրը» (1933թ., 1934թ. արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակի) վեպում: Այն գրելու համար գրողը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, ծանոթացել նաև Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18թթ.) վերաբերող փաստաթղթերի և զրուցել թուրքական կոտորածներից փրկված հայերի հետ:
 
Վեպի հավաքական հերոսը հայ ժողովուրդն է, մասնավորապես`   մտավորականությունը, որի ներկայացուցիչները՝ Գաբրիել Բագրատյանը, Տեր Հայկազունը, Հաբեթ Իսկենդերյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ, տառապել, պայքարել և զոհվել են հայրենիքի համար: Վեպի հիմքում Մուսա լեռան հերոսամարտն է. լեռան բարձունքներում ապաստանած փոքրաթիվ հայեր պաշտպանում էին իրենց կյանքն ու պատիվը:
 
Դատապարտելով հայերի ցեղասպանությունը՝ Վերֆելն աշխարհին ահազանգում է Գերմանիայի ռազմամոլ քաղաքականության արյունալի հետևանքների մասին, մուսալեռցիների հերոսական պայքարի օրինակով մարդկությանը կոչ է անում անձնազոհ պայքարի: «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանը սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել: 
 
Վեպը հայերեն հրատարակվել է 1935թ. Ե. Անդրեասյանի  թարգմանությամբ, 1982թ.-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան), բեմադրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում և հեռուստաթատրոնում: Վեպի հիման վրա 1957թ. չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան:
 
Վերֆելը գրել է նաև պիեսներ («Տրոյացի կանայք», 1914թ., «Մարդը հայելու միջից», 1920 թ.), որոնցում պատկերել է մարդկության տառապանքը, իրականությունից փախչող հերոսին: «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր» (1920թ.) վեպի թեման հայրերի դեմ երիտասարդ սերնդի ընդվզումն է: Հերոսը խստորեն դատապարտում է համաշխարհային պատերազմը սանձազերծողներին:
 
«Համադասարանցիներ» վեպում (1928թ.) Վերֆելը սոցիալական անարդարության աշխարհում փնտրում է մարդկայինն ու բարին: Նրա վերջին գործը «Յակոբովսկին և գնդապետը» հակաֆաշիստական պիեսն է: Հետմահու հրատարակվել է «Դեռ չծնվածների աստղը» (1946թ.) վեպը: Վերֆելի ստեղծագործությունն զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի վրա:
 
Վերֆելն արժանացել է Չեխոսլովակիայի Պետական (1927թ.), Ֆրանց Գրիլպարցերի (1926թ., Ավստրիա) և Ֆրիդրիխ Շիլլերի անվան (1930թ., Գերմանիա) գրական մրցանակների: Երախտագետ հայերը գրողի աճյունը Կալիֆորնիայից տեղափոխել են Վիեննա և նրա պատվին կանգնեցրել խաչքար: 
 
Երևանում Ֆրանց Վերֆելի անունով կոչվել է փողոց: Մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում թողարկվել է Ֆրանց Վերֆելի դիմանկարով նամականիշ: Մեծ եղեռնի հուշահամալիրի հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփված է Վերֆելի գերեզմանից բերված հողով սափորը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.