Encyclopedia

Ռուդաքի

Ռուդաքին համարվում է պարսկալեզու պոեզիայի հիմնադիրը: Նա դեռևս երիտասարդ տարիքում հռչակվել է երաժիշտ և երգիչ: Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, ինչպես նաև հրաշալի գիտեր Ղուրանը: Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանյան արքունիքին կից բանաստեղծների խումբը:
Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից: 
 
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933թ.) և ինքնակենսագրական`   «Ծերունական քասիդ», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլե և Դեմնե» առակագրքից (932թ. թարգմանել է արաբերենից):
 
Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով: Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով: Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը: Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը:
 
Լա՜վ իմացիր, այս աշխարհում 
հյուր ես միա՜յն աննպատակ,
Չարժե բնավ, որ աշխարհին 
ամուր կապես քո սիրտը տաք:
 
Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը:
 
Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), քասիդ, կիթա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբայի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը: Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ խորասանյան կամ թուրքեստանյան), որը պահպանվել է մինչև XII դարը:
 
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը:
 
Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.