Encyclopedia

Գուրգեն Առաքելյան

1925թ.-ի օգոստոսի 26-ին Երևանում ծնվել է հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Գուրգեն Առաքելյանը:
1944թ. ավարտել է Երևանի հատուկ ռազմահրետանային դպրոցը, 1949թ.`   Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը։ 1946-1958թթ. աշխատել է «Պիոներ կանչ» և «Ավանգարդ» թերթերում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, խմբագիր։ 
 
1958-1959թթ. եղել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը, 1959-1974թթ.`   «Պրավդա» թերթի Հայաստանի թղթակիցը։ 1974-1979թթ. աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1980թ.-ի հունվարից մինչև 1985թ.-ի դեկտեմբերը եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար։
 
1985թ.-ի դեկտեմբերից եղել է «Սովետական արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1970թ. «Գեղարվեստական գրականությունը սովետահայ մամուլում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
 
Ռուսերեն լույս են տեսել նրա «Կռունկ», «Պրավդա» թերթը Հայաստանի մասին», «Կարուսել», «Պրավդան և հայ կուլտուրան» գրքերը: Նրա գրած սցենարով նկարահանվել են «Թունելի մարդիկ», «Ապրում էր մարդը», «Արևիկ» գեղարվեստական կինոնկարները։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.