Encyclopedia

Միսաք Քերովբեի Գույումճյան (Առանձար)

1877թ.-ի սեպտեմբերի 8-ին Թալասում ծնվել է հայ երգիծաբան, գրող Միսաք Քերովբեի Գույումճյանը, որն ավելի հայտնի է Առանձար կեղծանվամբ: Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Վեց տարի Կարինի Սանասարյան վարժարանում սովորելուց հետո վերադարձել է ծնողների կալվածքը՝ Բաղդադի մոտ գտնվող Ֆելուճե գյուղաքաղաք։ 3-4 տարի այստեղ սովորելուց հետո գնացել է Եվրոպա, ուսանել Մյունխենի և Ցյուրիխի համալսարաններում։
1907թ. ավարտել է Ցյուրիխի համալսարանը, մեկնել Եգիպտոս և Ալեքսանդրիայի հայկական դպրոցում մոտ մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ։ 1908թ.-ից մինչև կյանքի վերջը Ադանայի ազգային վարժարանում ուսուցիչ և տեսուչ էր։ Վախճանվել է Ադանայում 1913թ. 36 տարեկանում։
 
Գրել է ուսանողական տարիներից։ Առաջին ակնարկ-թղթակցությունը տպագրել է 1899թ. Կահիրեի «Արշալույս» լրագրում։ 1901թ.-ից աշխատակցել Է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրին, ուր և տպագրել է իր բոլոր նորավեպերը: 1905թ.-ին Թիֆլիսում առանձին գրքով հրատարակվել է Առանձարի «Վշտի ծիծաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուն։
 
Առանձարի գործերից մի մասը «Վշտի ծիծաղ» խորագրով Երևանում առաջին անգամ լույս Է տեսել 1961թ.-ին։ 1982թ.-ին «Հայ դասականների գրադարան» մատենաշարով մեկ հատորում լույս են տեսել Թլկատինցու, Լևոն Բաշալյանի և Առանձարի գործերից։
 
Հիշյալ գրքում Առանձարի գործերից զետեղված են հետևյալ պատմվածքները`   «Մորուքի սանտրը», «Բուրդի վաճառականություն», «Կախաղանեն ... ամուսնություն», «Երկու պատկեր», «Վշտի ծիծաղ», «Նորավեպին նորավեպը», «Հոսհոսն ու ինտելեգենտը», «Հոգուս համար», «Տասը տարի ետքը»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.