Health Corner

Հուզական խանգարումներ

Հուզական խանգարումները բարձր տարածվածություն ունեն մանկական և պատանեկան հասակներում։ Չնայած որոշ չափով հուզականությունը բնական է երեխայի զարգացման գրեթե բոլոր փուլերում, սակայն բնականոն վարքագծին և դպրոցական կամ աշխատանքային գործունեությանը խանգարող հուզականությունը կարող է ավելի լուրջ խնդրի ազդանշան լինել։ Ցանկացած 6-ամսյա ժամանակահատվածում երեխաների և պատանիների 13%-ը կարող են տառապել հուզական տարբեր խանգարումներով, որոնց ընդհանուր ախտանիշները ներառում են տագնապներ, կպչուն-սևեռուն խանգարումներ, ֆոբիաներ ևայլն...
Հայաստանի իրավիճակում առանձին ուշադրության են արժանի հետտրավմային սթրեսի հետևանքով առաջացած դժվարություններն ու խանգարումները։ Ծայրահեղ ցավալի իրադարձությունները՝ ինչպիսիք են բռնությունը, պատերազմը, բնական աղետները, հաճախ ստիպում են հոգեբանական տրավմա վերապրել, այդ թվում՝ նաև երեխաներին։ Նման հանգամանքներում տրավման բնական է և կարող է ուղեկցվել ծայրահեղ հուզականությամբ, մղձավանջներով, լացով, գրգռվածությամբ, սոցիալական մեկուսացմամբ, մեղքի զգացմամբ կամ այլ ախտանիշներով, որոնք կարող են շարունակվել որոշ ժամանակ։ Եթե, վերջիվերջո, ախտանիշները չեն մեղմանում, երեխաների մոտ կարող են զարգանալ հետտրավմային խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրավմատիկ դեպքից հետո հնարավոր երկարաժամկետ և քրոնիկ խնդիրներով։
 
Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է՝ սովորել հասկանալ այն ազդանշանները, որ երեխաներն ուղարկում են մեզ։ Սովորաբար ծնողները և ուսուցիչները առաջինն են նկատում, որ երեխան ունի հուզական կամ վարքային խնդիրներ։ 
 
Ստորև ներկայացված են մի քանի վարքագծային դրսևորումներ, որոնք էլ կարող են երեխայի մոտ բացահայտել հոգեկան կամ հուզական խնդիրների առկայությունը.
 
-փոփոխություններ քնելու կամ սնվելու սովորության մեջ,
 
-հաճախակի կամ մշտական մղձավանջեր,
 
-երեխայի վարքագծի փոփոխություն,
 
-դպրոցական առաջադիմության հանկարծակի անկում կամ վատ գնահատականներ`   դասերի պատրաստման ջանքերից անկախ, 
 
-հետաքրքրության կորուստ դեպի նախկինում զվարճություն պատճառող գործունեության տեսակները,
 
-շփման դժվարություններ, 
 
-մեկուսացման ձգտում, 
 
-տխրություն, երբեմն՝ չնչին պատճառներով պոռթկումներ կամ լաց,
 
-տրամադրության հաճախակի անբացատրելի փոփոխություններ,
 
-չափազանց անհանգիստ կամ վշտացած վիճակ՝ արտահայտված դպրոց գնալու, քնելու, իր տարիքում համապատասխան գործունեության մեջ մասնակցելու դժկամությամբ և մերժմամբ։
 
Երբեմն վերը նշված դժվարությունները արտահայտվում են նաև այլ ձևերով. 
 
-հարկադրաբար կրկնվող վարքագծերը կամ գործողությունները՝ ինչպես, օրինակ, ձեռքերն անընդհատ լվանալը կամ ինչ-որ բան կրկին և կրկին ստուգելը,
 
-չափազանց ակտիվ լինելը՝ անտեղի վազելը կամ մագլցելը, անընդհատ շարժվելը,
 
-կենտրոնացման դժվարությունը,
 
-գոռալու, բողոքի պոռթկումները, անբացատրելի գրգռվածությունը կամ լացը,
 
-հաճախակի անհնազանդությունը կամ ագրեսիան (երբեմն՝ ամիսներ տևող) և արտահայտված ընդդիմադիր կեցվածքը հեղինակությունների նկատմամբ։ 
 
Մանկության տարիներին առկա հոգեկան առողջության խնդիրները կարող են ավելի մեծ դժվարությունների հանգեցնել մեծ տարիքում, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ապագայի առողջության և վերարտադրողականության համար։
Համաձայն լայնամասշտաբ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ ամբողջ աշխարհում տարածված հիվանդությունների 
12%-ը հետևանք են մտավոր և վարքագծային խանգարումների։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company