Health Corner

Ճիշտ ընտրված մուլտֆիլմերը դաստիարակում են

Որոշ մեծահասակներ կարծում են, թե մուլտֆիլմ դիտելը դատարկ զբաղմունք է և արգելում են երեխաներին երկար ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև: Եթե մեծահասակների համար մուլտֆիլմը պարզապես հեքիաթ է, երևակայության ծնունդ, ապա փոքրիկների աչքերով դա մի ամբողջ աշխարհ է, ուր ապրում են թզուկներն ու մարդիկ, բարի կենդանիներն ու անտառի հրեշները:
Երեխաներն ազնիվ հավատով են հետևում երկնագույն էկրանից այն կողմ ապրող հերոսների՝ հրաշքներով լի կյանքին, չէ՞ որ այդ կյանքի հիմքում իրական մարդկային հույզեր են, ապրումներ, պայքար իսկական արժեքների, երջանիկ ու խաղաղ կեցության համար:
 
Մուլտֆիլմերը վերջին տարիներին ավելի ու ավելի են անդրադառնում մեծահասակների խնդիրներին՝ դրամ, պայքար իշխանության համար, հանցագործություններ և այլն: Այսչափ մերձեցումն իրականության հետ, սակայն, վտանգավոր է փոքրիկների համար:
 
Հետևաբար յուրաքանչյուր մուլտֆիլմ չէ, որ օգտակար է երեխայի համար, իսկ որպեսզի կարողանաք լավը վատից տարբերակել, անհրաժեշտ է ունենալ որոշ մանկավարժական հմտություններ:
 
Նախ ծնողն ինքը պետք է դիտի մուլտֆիլմն ու հասկանա, թե ինչ բարոյական արժեքներ կան նրա հիմքում և ինչ կարող է այն տալ երեխային: Բացի այդ, նա պետք է օգնի երեխային դիտած մուլտֆիլմն իմաստավորել հետաքրքիր խաղերով, նկարել սիրելի մուլտհերոսին, փոքրիկ պատմվածք կամ ոտանավոր գրել: Այդպես նա սովորում է վերլուծել տեսածը և դասեր քաղել տեսածից:
 
Ծնողները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նաև այն խաղերին, որոնք խաղում է երեխան մուլտֆիլմերի ազդեցությամբ: Եթե խաղալիս երեխայի մոտ ի հայտ են գալիս բացասական հույզեր և իրականի ու անիրականի շփոթ, ապա անհրաժեշտ է պարզել, թե ինչ կերպարի է ընդօրինակում երեխան:
 
Հարկավոր է միասին դիտել մուլտֆիլմը և հարցնել երեխային, թե ով է բարի, ով է խելացի, ով է խորամանկ, ինչն է կարևոր ընկերության մեջ և այլն: Ի դեպ, ծնողը կարող է իր համար մուլտֆիլմերի փոքրիկ աղյուսակ կազմել, որոնք կնպաստեն այս կամ այն խնդրի լուծմանը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company