Encyclopedia

Հայկական բանակը խորհրդային շրջանում

Հայաստանի խորհրդայնացումից հետո երկրում սկսեց ընթացք ստանալ «նոր» արժեքային համակարգի, չափանիշների ներմուծման գործընթացը:
Այդ տարիներին ահա թե ինչպես է բնութագրել ազգային բանակը և հայ զինվորականին լեգենդար հրամանատար, Հայկական ԽՍՀ ռազմական  գործերի ժողովրդական կոմիսար, 12-րդ կորպուսի հրամանատար Հայկ Բժշկյանցը. «Ճիշտ է, հին ազգային բանակները քայքայման ենթարկվեցին ու պարտություն կրեցին, բայց դրա մեջ ամենից քիչ հայ մարտիկն էր մեղավոր: Հայտնի է, որ հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ իր բարձրության վրա կանգնած հրամկազմ, անհրաժեշտ է պատերազմի պարզ նպատակ: Ահա այդ երկու նախապայմանները ազգային բանակներում, և մասնավորապես հայկականում, չեն եղել»: «Հայ ռազմիկը մարտիկի բազմաթիվ գերազանց հատկությունների տեր է. նա քաջ է և խանդավառությամբ է մարտի գնում, պահաջկոտ չէ, կարգապահ է, հետաքրքրասեր է և սիրում է ռազմական գործը: Հայ ռազմիկի այդ լավ հատկությունները քաջ հայտնի էին և ժամանակին հաշվի էին առնվում նախկին կայսերական կառավարության կողմից և հիմք էին ծառայել ստեղծելու հայկական ազգային զորամասեր, որոնք հիանալի դրսևորեցին իրենց անցած իմպերիալիստական պատերազմի ժամանակ»: Այս խոսքերն իրենց հաստատումը պետք է գտնեին նաև մեր ժամանակներում`   արցախյան հերոսական պատերազմի դաշտում, և այս դեպքում արդեն հայ զինվորի նշված արժանիքները պետք է գնահատվեին և գործածվեին հայազգի հմուտ հրամանատարների կողմից, և պետությունն էլ պետք է գնահատեր ու խրախուսեր  իր հայրենիքի պաշտպանության համար ելած խիզախ հայ մարտիկին: 
 
Հայաստանի խորհրդայնացումից հետո, չնայած որ հայկական կանոնավոր բանակի (հայկական դիվիզիայի) շարքերն անցան շատ նախկին սպաներ, սակայն այս կադրերը դեռևս բավարար չէին դիվիզիայի առջև դրված խնդիրների կատարման համար: Ծագեցին հրամանատարական կադրեր պատրաստելու նոր խնդիրներ, որոնց լուծման համար 1921թ.-ի հունիսի 19-ին ՀԽՍՀ հեղափոխական խորհրդի թիվ 64 հրամանով Երևանում հիմնադրվեցին առաջին հրամանատարական դասընթացները: Հուլիսի 8-ին ԽՍՀՄ հեղափոխական խորհրդի թիվ 484 հրամանով դասընթացները վերածվում են կանոնավոր եռամյա դպրոցի և կոչվում Հայկական ռազմական դպրոց: Նույն թվականի հոկտեմբերին դպրոցին տրվում է նոր անուն՝ Հայկական միացյալ ռազմական դպրոց: Այն ժամանակներում իհարկե խոսք անգամ չէր կարող լինել հրամանատարական կադրերի պատրաստման ընթացքում ազգային գաղափարախոսության, արժեքների դաստիարակության մասին: Ավելին, դեռ 1922թ. Լ. Տրոցկին փորձ արեց ազգային դիվիզիաները տարրալուծել, այսպես կոչված, Երրորդ ինտերնացիոնալի սկզբունքների համար պայքարող բանակի մեջ: Ու չնայած այդ անգամ փորձը ձախողվեց, բայց բանակը դաստիարակվում էր ինտերնացիոնալ ոգով: Արդյունքում`    բանակը սկսեց ծառայել ոչ թե անմիջականորեն ազգային, այլ «ինտերնացիոնալ» գաղափարների, և «հայրենիքի պաշտպանություն» հասկացությունը կորցրեց իր բուն նշանակությունը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.