Encyclopedia

Հայկական զինվորական կազմավորումները 17-18-րդ դարերում

Պետրոս Առաջինի`   դեպի Անդրկովկաս շարժը սկսելու հետ մեկտեղ հայերի մեջ վերջապես պարսկական ծանր լուծը թոթափելու հույս հայտնվեց: Սա հնարավոր եղավ հատկապես Սյունիքում և Ղարաբաղում, որտեղ համեմատաբար ավելի թույլ էին բռնապետության դիրքերը, որ պայմանավորված էր նաև այս տեղանքների աշխարհագրական դիրքով:
Այս շրջանում Հայաստանի ինքնապաշտպանության և ազգային ինքնորոշման կռիվներում աչքի եկան մի ամբողջ խումբ հայազգի փառապանծ հրամանատարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունեցավ հայկական բանակի, ռազմարվեստի զարգացման և հրամանատարական կադրերի պատրաստման գործում: 
 
Դավիթ Բեկը, որ գտնվում էր Վրաստանում, գալով Սյունիք`   արագորեն իր շուրջը համախմբեց տեղի հայ զինվորականությանը, կարգեց զորապետներ: Սրանց շարքում էին Մխիթար Սպարապետը, Թորոս իշխանը և այլ հերոսներ, որ մարտերի ժամանակ փայլեցին իրենց հրամանատարական և կազմակերպչական բարձր ունակություններով: Դավիթ Բեկը հրամանատարի բնածին որակներ ուներ, որ հայրենիքին  նվիրվածության հետ մեկտեղ դաստիարակչական մեծ դեր կատարեցին նրա ղեկավարած զորքերում: Նրա անձնական օրինակը վարակիչ էր ենթակաների համար: 
Դավիթ Բեկը  1722–28 թթ.ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել: 
 
Դավիթ Բեկը սյունեցի էր: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվեց սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ դարձան Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 
 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը`   Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 
 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`    Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 
 
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և դրամ հատելու իրավունք տվել: 
 
Ցավոք, Դավիթ Բեկի անժամանակ մահից  հետո Սյունիքում հայկական զինված ուժերը կազմալուծվեցին և պարտություն կրեցին: Սակայն հայկական զինված զինվորականությունը պահպանվեց Արցախում և շարունակեց իր անհավասար պայքարը օտար նվաճողների դեմ`   մինչև Անդրկովկասի միացումը Ռուսաստանին: 
 
Արևելյան Հայաստանի`   Ռուսաստանին միացումից հետո հայկական զինված ստորաբաժանումները որպես ինքնուրույն միավորներ դադարեցին գոյություն ունենալ, բայց հայկական զինվորականությունը շարունակեց ծառայել իր հայրենիքին`   այս անգամ ցարական բանակին տալով այնպիսի հռչակված հրամանատարներ, ինչպիսիք էին Բեհբութովը, Մադաթովը, Տեր-Ղուկասովը, Լորիս-Մելիքովը և այլք:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.