Encyclopedia

Հերթական հրթիռահրետակոծությունից հետո. 1992-ի մարտ

1992-ի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից ԼՂՀ խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։

Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։ 1992-ի գարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։

Հաշվի առնելով Արկադի Տեր-Թադևոսյանի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, ԼՂՀ ԳԽ Նախագահությունը 1992-ի մարտի 4-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև ԼՂՀ պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վ. Բալայանը, Օ. Եսայանը, Ա. Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը (նախագահ), Սերժ Սարգըսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Մարտի 11-ին Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը ԼՂՀ կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.