Encyclopedia

Մի խումբ կամավոր ազատամարտիկներ. 1991-ի նոյեմբեր

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։

Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց ԼՂՀ-ում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է ԼՂՀ անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին, Մինսկի մերձակա Բելովեժյան թավուտում, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։ Շահումյանի շրջանը սահմանակից Կասում Իսմայիլովին միացնելու և Գերանբոյի շրջան ստեղծելու (14.1.1991) կամ ԼՂԻՄ-ը լուծարելու (26.11.1991) մասին որոշումները բացահայտել են Ադրբեջանի բուն նպատակը, այն է՝ ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետերի վերածելուց զատ, դարձնել նաև «միջանկյալ օղակներ»՝ արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրբեջանի հարակից շրջանին բռնակցելու համար։ Հետևաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Ադրբեջանի այդ նկրտումներին հակազդելն ու հաղորդակցության կարևոր ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։ Ստեփանակերտին մերձակա Ջամիլլու գյուղը վնասազերծվել է դեկտեմբերի 15-ին։

Հաջորդ օրը Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում Կրկժանի ազատագրումն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և Կրկժանից շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր Բադարա, Աստղաշեն ու Դահրավ գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։ Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ Յոթ ժամ տևած մարտերն ավարտվել են թշնամու այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22–23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։ Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել ԼՂՀ բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։

Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ ՄԻ–24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Ռազմական իրադրությունից ելնելով՝ տարբեր ժամանակներում ԼՂՀ-ի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում՝ 500-ական մարտիկ։ Գ. Դալիբալթայանի առաջարկությամբ ԼՂՀ իշխանություններն անցկացրել են նաև մասնակի զորահավաք։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.