Encyclopedia

ՊԲ N ստորաբաժանումը 1993-ի հակահարձակման ժամանակ

ԼՂՀ ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է ԼՂՀ արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ_Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։ Հադրութից հարավ ԼՂՀ ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել թշնամուն՝ գրեթե հասել են մինչև Իրանի սահմանը։

1993-ի հոկտեմբերի 24-ին ղարաբաղյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ Հակառակորդի Հորադիզ_Կուբաթլու_Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել նոյեմբերի 1-ին, երբ ԼՂՀ ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։ 1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է ԼՂՀ տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.