Encyclopedia

Ռազմական շքերթ Ստեփանակերտում

Դեռևս մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհըրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, ԼՂՀ և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։

Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։ Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, ԼՂՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։ Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։

1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2012)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2012)։

ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։ ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։

ԼՂՀ տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս ԼՂՀ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.