Encyclopedia

Ֆիդայական շարժում

Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի 70-ականների վերջում առաջ եկավ ֆիդայական շարժումը, որը իր մեծ ազդեցությունը թողեց հայկական սպայական կորպուսի ձևավորման գործում: Ֆիդայական կամ հայդուկային շարժումը թուրքական բռնատիրության դեմ արևմտահայութան ազգային-ազատագրական պայքարի ձևերից էր:
Հայ ֆիդայական ազգային-ազատագրական, հակաավատատիրական, ժողովրդավարական շարժումն իր բնույթով պարտիզանական էր`   նման XV–XIX դարերում թուրքական նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային պայքարին: 1878 թ. Բեռլինի կոնֆերանսից հետո հայությունը մեծ հիասթափություն ապրեց, հայկական պատվիրակությանը անգամ թույլ չտվեցին մասնակցել կոնֆերանսի աշխատանքներին: ՙՀայկական հարցի միջազգայնացումը վնասից բացի ոչ մի օգուտ չբերեց մեր ժողովրդին: Կոնգրեսի դռան վրա գրված էր`   իրավունքն ալ ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է՚,- այսպես մեկնաբանեց Խրիմյան Հայրիկը Բեռլինում կատարվածը:  Դառնացած սրտով վերադառնալով Եվրոպայից`   Խրիմյան Հայրիկը իր հիասթափությունը ներկայացրեց «բեռլինյան հարիսայի» հանրահայտ պատմության միջոցով`   պատգամելով հայ ժողովրդին`   «Թղթե շերեփով կաթսայից հարիսա հնարավոր չէ վերցնել, աղերսաթղթի փոխարեն սուր, այսինքն`   զենք, զինված շարժում»: Ուստի և կոչ արեց իր հայրենակիցներին. «Սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, երբ Հայաստան վերադառնալու կլինեք, անցեք Զեյթունով: Զեյթունում կան երկաթի հանքեր: Այդ այն երկաթն է, որից ձուլում են մաճ, արոր, բայց նաև`   հրացան: Սիրելի և օրհնյալ պանդուխտներ, Հայաստան վերադառնալիս արդեն ամեն մեկդ ձեր հարազատներին մի-մի հրացան նվեր տարեք: Մարդն ինքն իրեն պետք է աշխատի, որ փրկի»: Այս կոչ-պատգամն էր նաև, որ խթան հանդիսացավ ազգային ինքնագիտակցության նոր և սթափ հայացքի ու նոր ինքնապաշտպանական  շարժման համար: Այսպես, հայ ազգային-ազատագրական շարժումը 19-րդ դարավերջին վերաճեց բացահայտ զինված պայքարի: Այս մթնոլորտում վերելք ապրեց հայ հայդուկային ֆիդայական շարժումը: 
 
Ֆիդայականությունը առաջացել է Արևմտյան Հայաստանում 1880-ականների կեսին: Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը, հայդուկապետ Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան) և ուրիշներ: Այս շրջանում ֆիդայիների որոշ ղեկավարներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Իրականություն չի դարձել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:
 
Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար. այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 
1880–90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժումը: Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և, զենք ու զինամթերքով զինված, փորձել են անցնել Արևմտյան Հայաստան: Հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի նախաձեռնությունները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:
 
1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում դրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից ո՜րն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: 
 
1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի են հասել 1895–96 թթ-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները Արևմտյան Հայաստանում նորից ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու հույս են ներշնչել: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետերին՝ ընդդեմ հայերի:
 
Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:
 
Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Անդրանիկ և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:
1903 թ-ի գարնանը սահմանն անցած դաշնակցական մի քանի ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկե հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն: Սեպտեմբերի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին «Կայծակե հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրքական զորաջոկատի հետ: 
 
1904 թ-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել: Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան: Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր: Թշնամու հետ ընդհարվելով`   խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: 
 
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը (շուրջ 275 մարդ) Խանասորի դաշտում վերացրել է քրդական մազրիկ ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Սալմաստ–Վասպուրական–Տարոն ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:
 
1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով  հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ հաճախ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:
 
Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել հայերի ինքնապաշտպանական կռիվներին:
 
Կարևոր դեմքերից հղումով`  Աղբյուր Սերոբ
Անդրանիկ, Գևորգ Չաուշ
Հղումով`   Դուման
 
Մեկ այլ հայտնի ազատամարտիկ Նիկոլ Դումանը /Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան/ կարևոր դեր է խաղացել 1894-1896թթ. հայերի կոտորածների ընթացքում ինքնապաշտպանական աշխատանքների կազմակերպման գործում:
 Ուսուցիչ և հասարակական գործիչ Դումանը թողնում է ամեն ինչ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանությանը: Նրա կողմից ստեղծվում է հատուկ ինքնապաշտպանության ծրագիր, որով պետք է առաջնորդվեին խմբապետերը`   իրենց ջոկատներն առաջնորդելիս: 
 
Դումանը զորքի ուսուցման պրոցեսում առանձնակի տեղ էր հատկացնում որսորդական վարժությանը, քանի որ, ըստ նրա, այս վարժությունն է միայն, որ մարդուն կարող է մոտեցնել պատերազմի արհեստին՝ իր վրա կրել պաշարի ու ռազմամթերքի ծանրությունը, քայլել երկար, բարձրանալ լեռը, իջնել ձորը, շրջել ճահիճներում ու անտառներում, վարժվել քաղցին ու ծարավին, բնության խիստ պայմաններին, արագ նշանառություն և կրակելու վարժություն,  նաև սպանելու՝ կենդանի էակին դիակ դարձնելու սովորության մշակում, ինչպես կանգնած, այնպես էլ փախչող, թռչող թիրախներին խփելու վարժություն և այլն:  Նա ուսուցման ընթացքում կարևորում էր նաև յուրաքանչյուր մարտիկի և հատկապես ղեկավարի անձնական նախաձեռնությունը: «Որսորդութիւնն ունի մի ուրիշ շատ խոշոր առավելութիւն, այն՝ որ որսորդը գործում է անկախ և ինքնուրույն, և դրանով նրա մեջ զարգանում է հնարագիտութեան ոգին եւ նախաձեռնութիւնը /ինիցիատիվան/, որ չափազանց կարևոր է խաղաղ կեանքի մեջ եւ, մանաւանդ, պատերազմի ժամանակ»:
 
Հղումով`   Գևորգ Չաուշ
 
Մեկ այլ ականավոր ազատամարտիկ հայդուկ`   Գևորգ Չաուշը /Գևորգ Ղազարյան/, նույն այս շրջանում, թողնելով Առաքելոց մենաստանը, ուր նա հոր կամքով պատրաստվում էր մենակյաց դառնալ, սկսում է աշխատել զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ: Մի քանի շաբաթից վերադառնում է Սասուն և անդամագրվում Աղբյուր Սերոբի ջոկատին:  Մասնակցում է 1891-1994թ.-ի Սասունի ինքնապաշտպանության մարտերին`   հատկապես աչքի ընկնելով Տալվորիկի մարտերում: Անձամբ վրեժ է լուծում Աղբյուր Սերոբի մահվան համար պատասխանատուներից:
1900-1901թթ. Գևորգ Չաուշի խումբը հաջող մարտեր է վարում Բերդասարի, Նորաշենի մարտերում: 1906-1907թթ. գործում է Տեր-Մինասյանի հետ: Անձնական խիզախության, հրամանատարական հատուկ ընդունակությունների շնորհիվ մարտերի ժամանակ նա գրեթե միշտ հաղթանակի է հասնում:  
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.