Health Corner

Ինչպես է ազդում ալկոհոլը նյարդային համակարգի վրա

Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: Սակայն նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի`   1.45, ողնուղեղում`   1.50, իսկ ուղեղում`   1.75 միավոր:
Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երևույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում`   նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթ:
 
Ալկոհոլային ծագման պոլինևրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ և փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի և մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս:
 
Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը և ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով`   «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման:
 
Այս դեպքում սրունքների և ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է: Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): 
 
Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ`   գանգուղեղային նյարդերը: Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը`   նեղանում: Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաև քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տևական:
 
Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տևական ազդեցության հետևանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետևաբար`   նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է և սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:
 
Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների և հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ և հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company