Encyclopedia

Ռոբերտ Ֆիշերը դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն

Ռոբերտ Ֆիշերը (լրիվ անուն ազգանունը`   Ռոբերտ Ջեյմս «Բոբբի» Ֆիշեր) 20-րդ դարի ամենավառ շախմատիստներից է: 13 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն, 1957թ. հունվարի 8-ին՝ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը: Մեկ տարի անց՝ 1958թ., Ֆիշերը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը:
1972 թվականի սեպտեմբերի 1-ին ամերիկացի շախմատիստը, հաղթանակ տանելով խորհրդային շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոն Բորիս Սպասկու նկատմամբ 12,5-8,5 հաշվով, հռչակվել է աշխարհի չեմպիոն: Մինչ այս մրցամարտը, սակայն, տեղի էին ունեցել ուղղակի անհավատալի իրադարձություններ:
 
Մոտ քառորդ դար շախմատային թագի համար պայքար էին մղում բացարձակապես խորհրդային շախմատիստները, իսկ ամերիկացի Ֆիշերի շախմատային առաջընթացը կարծես աննկատ էր անցնում ԽՍՀՄ մարզական ղեկավարների համար:
 
1970 թվականին իսպանական Պալմա Դե Մալյորկայում պետք է կայանար հավակնորդների մրցաշար, որին կանոնակարգի համաձայն՝ պետք է մասնակցեին նաև ԱՄՆ-ի առաջնությունում առաջին 3 տեղերը գրաված շախմատիստները:
 
Ռոբերտ Ֆիշերը չէր մասնակցել ԱՄՆ-ի առաջնությանն ու իրավունք չուներ մասնակցելու հավակնորդների մրցաշարին: ԱՄՆ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Պոլ Բենկոը, սակայն, իր ուղեգիրը 2 հազար դոլարով վաճառում է Ֆիշերին, ով, փայլուն հանդես գալով հավակնորդների մրցաշարում, զբաղեցնում է 1-ին տեղն ու իրավունք ստանում մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող մրցամարտերին:
 
1-ին նման մրցամարտը խորհրդային հայտնի շախմատիստ Մարկ Տայմանովի հետ էր, որն ավարտվում է Ֆիշերի ջախջախիչ հաղթանակով`   6-0 հաշվով: Պարտությունից հետո Տայմանովին ԽՍՀՄ սպորտկոմիտեի ու կուսակցական չինովնիկների որոշմամբ զրկում են բոլոր մարզական կոչումներից, թոշակից, ընտանիքի անդամներին ազատում են աշխատանքից:
 
Հաջորդ մրցամարտում Ֆիշերը նույն 6-0 հաշվով հաղթանակ է տոնում դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենի նկատմամբ, որից հետո աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի պարտությունը Ֆիշերից 2,5-6,5 հաշվով, արդեն այնքան էլ ցավագին չի ընդունվում խորհրդային պաշտոնյաների կողմից:
 
1972 թվականի հուլիսի 1-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի է ունենում աշխարհի չեմպիոնի կոչման համար գործող չեմպիոն, խորհրդային շախմատիստ Բորիս Սպասկու ու հավակնորդ Ռոբերտ Ֆիշերի մրցամարտի բացման արարողությունը, որին, սակայն, չի ներկայանում Ֆիշերը:
 
Ամերիկացի լրագրող Դևիդ Էդմոնդսի «Ռոբերտ Ֆիշերը պատերազմ է գնում» գրքում հետագա դեպքերի մասին պատմել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Հենրի Քեսինջերը: «Ինձ տեղեկացրին, որ Ֆիշերն օդանավակայան ուղևորվելիս մտափոխվել է ու չի մեկնել Իսլանդիա: Զանգահարեցի նրան ու ասացի՝ Ամերիկան ցանկանում է, որ Դուք գնաք ու ջախջախեք ռուսներին»:
 
Նույն գրքում կա նաև Ֆիշերի արձագանքն այս խոսքերին՝ «Ես որոշեցի, որ երկրի շահերն ավելի բարձր են իմ անձնական շահերից»: Ամերիկացի գրոսմայստերն ուշացումով է ժամանում Ռեյկյավիկ ու առաջին պարտիայի համար նրան պարտություն է գրանցվում: Ի նշան բողոքի Ֆիշերը չի ներկայանում նաև 2-րդ պարտիային ու կրկին հաղթանակ է գրանցվում Սպասկու օգտին:
 
Հաջորդ պարտիաներում արդեն կողմերը մրցում են իրական շախմատային տախտակի առջև ու ակնհայտ է դառնում Ֆիշերի առավելությունը: Մրցամարտի վերջին պարտիայից առաջ, երբ հաշիվն էր 11,5-8,5 Ֆիշերի օգտին, խորհրդային կողմը, պատրվակ բռնելով Սպասկու առողջական խնդիրները, կարողանում է խաղադադարի հասնել:
 
Շտապ Մոսկվայից Իսլանդիա են թռչում շախմատային հայտնի մասնագետներ, մարզիչներ, հոգեբաններ ու ազգային անվտանգության կոմիտեի հատուկ ստորաբաժանումների մասնագետներ: Խորհրդային կողմի պահանջով մանրամասն ուսումնասիրվում է Ֆիշերի պտտվող բազկաթոռը, որը բերվել էր ԱՄՆ-ից:
 
Ըստ ԽՍՀՄ հակահետախուզության տվյալների՝ այդ բազկաթոռի մեջ մոնտաժված էր էլեկտրոնային հաշվիչ մեքենա, որը պարտիաների ժամանակ հուշում էր Ֆիշերին: Բնականաբար, բազկաթոռի մեջ նման համակարգ չի հայտնաբերվում:
 
ԿԳԲ-ի աշխատակիցների ջանքերն արդյունք չեն տալիս. Ֆիշերին ոչ մեկ չէր օգնում ու վերջին պարտիայի վերախաղարկմանը Սպասկին չի ներկայանում: «Պարոնայք, ինձ հենց նոր զանգահարեց Բորիս Սպասկին ու հայտնեց, որ հանձնվում է: Պատիվ ունեմ ներկայացնելու աշխարհի նոր չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին»,- այսպիսի խոսքերով է ավարտում մրցամարտը ՖԻԴԵ-ի այն ժամանակվա նախագահ Մաքս Էյվեն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.