Health Corner

Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման տարածվածությամբ, ծանր բարդություններով, ինչպես նաև սիրտանոթային համակարգի, երիկամների, հոդերի քրոնիկական հիվանդություններով, որոնք բերում են երկարատև անաշխատունակության։
Անգինան (ango-սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներից։ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)։
 
Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը, քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չիտալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարում։ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերը։ Մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակ։
 
Անգինան հիմնականում քրոնիկական բորբոքային պրոցեսի (տոնզիլիտի) սրացման հետևանք է, որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են, ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը, մրսածությունը, զանազան սթրեսները։ Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի, քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումները։
 
Անգինային բնորոշ է կլինիկական ախտանիշների խիստ բազմազանությունը։ Նշիկների ախտաբանական փոփոխությունների բնույթը կանխորոշվում է հարուցչի տեսակային հատկանիշներով, հետևաբար անգինայի տարբերակիչ ախտորոշումը հույժ կարևոր է։ Սակայն հայտնի են նաև անգինայի այնպիսի ձևեր, որոնք առաջանում են համակարգային հիվանդությունների, լեյկոզների ժամանակ։
 
Անգինայի դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է նյարդային վերջույթների մեծ մասը, ինչով և պայմանավորված է արտահայտված ցավային ախտանիշը։ Ցավը ճառագայթվում է դեպի ականջը, քունքը, ատամները։
 
Հիվանդության ձգձգվող գործընթացը հաճախ ուղեկցվում է այլ օրգանների (սրտանոթային համակարգ, երիկամներ) ֆունկցիայի խանգարմամբ։ Անգինայի ժամանակ դիտվում են նաև օրգանիզմի ընդհանուր թունավորվածություն և գերզգայուն վիճակ, որոնք կարող են բերել մի շարք բարդությունների`   ռևմատիզմ, երիկամների սուր տարածուն բորբոքում։
 
Երեխաների մոտ ջերմության բարձրացումը կարող է ուղեկցվել ցնցումներով, փսխումով, ուղեղաթաղանթի բորբոքման երևույթներով և գիտակցության մթագնումով, հաճախ լինում են նաև փորլուծություն և փորացավեր։ Հետևաբար բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է բուժումը կազմակերպել ժամանակին և ճիշտ։
 
Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե հիվանդանում են նրանք, որոնց ըմպանի դիմադրողականությունը ցածր է, կամ ըմպանի ցանկացած ցավ անգինա է։ Սակայն իրականում հնարավոր է, որ հիվանդանա յուրաքանչյուր մարդ, այդ թվում`  բացարձակ առողջ ըմպանի առկայության դեպքում։ Կարծում են նաև, թե անգինան կարելի է հաղթահարել միայն ողողումներով։ Իրականում բուսական թուրմերով ողողումներն օգնում են միայն հիվանդության առաջին շրջանում։
 
Ջերմությունն իջնելու օրվանից ցանկալի չէ դադարեցնել հակաբիոտիկների օգտագործումը։ Անգինայի որոշ բարդություններ զարգանում են հենց առողջացման շրջանում։ Մանրէների վերջնականապես վերացման համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի կարևոր նշանակություն ունեն դեղամիջոցի ընդունման կարգը և դեղաչափը պահպանելը։
 
Ամբողջ աշխարհում աճում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է բազմաթիվ պատճառներից, այդ թվում`   դրանց անհետևողական, փոքր դեղաչափերով և ոչ տեղին օգտագործման հետևանքով։ Բուժումն ավելի արդյունավետ է լինում, երբ նախապես ըմպանից քսուք է վերցվում և որոշվում հակաբիոտիկի նկատմամբ զգայունությունը։
 
Մինչև պատասխանն ստանալը, նշանակվում են լայն ոլորտի ազդեցության հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիտամիններ, ողողումներ եղեսպակի թուրմով և այլն։ Վերջնական առողջացում դիտվում է, երբ մարմնի ջերմաստիճանը 5 օրվա ընթացքում նորմալանում է, ըմպանի ցավերը վերանում են, և պարանոցի ավշային հանգույցները շոշափելիս հիվանդը ցավ չի զգում, նորմալանում են նաև արյան, մեզի և էլեկտրասրտագրության տվյալները։ 
 
Պետք է հիշել, որ բարդությունները հաճախ առաջանում են առողջացման շրջանում տեղային և ընդհանուր ախտանիշները վերանալուց հետո՝ առաջիկա օրերի ընթացքում, և հարկ չկա շտապելու դպրոց կամ աշխատանքի գնալ։
 
Անգինայից և դրա բարդություններից խուսափելու համար ահրաժեշտ է վերացնել ատամների, լնդերի, ըմպանի, քթի և հարակից խոռոչների հիվանդությունները, զբաղվել սպորտով, կատարել մերսումներ, ինչպես նաև ճիշտ սնվել։ Անգինայի առաջին իսկ նշանների դեպքում անպայման բժշկի դիմեք։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.