Encyclopedia

Իր դռները բացեց Բրիտանական թանգարանը

Բրիտանական թանգարանը Լոնդոնի ամենամեծ և արվեստի ու պատմության ամենանշանակալի թանգարաններից է աշխարհի ։ Թանգարանը հիմնադրվել է 1753թ.-ին Լոնդոնում, բացվել է 1759թ.-ին հունվարի 15-ին։
Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823-1847թթ.-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)`   1854-1857թթ.-ին: Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ:
 
Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից:
 
Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես`   իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ,փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ:
 
Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն: Թանգարանում կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում`   Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.