Encyclopedia

Եփրատ

ԵփրատըԱռաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ, 673 հազար քառ. կմ ավազանով: Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար քառ. կմ, որից 40 հազարն Արածանիիջրհավաքն է:

Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը: Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու:

 
Գետը`   որպես Եփրատ,  կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)`   450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)`   670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց(3914 մ) գագաթից: Այստեղ բխում է մի աղբյուր`   (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել: (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել: Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից): Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո): Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը:
 Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Դերջանի ու Երզնկայի գոգավորություններով: Ապա մտնում է Կամախի սարահարթ`   ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին: Կամախում է գտնվում նախկին Անի բերդը: Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում Արշակունի թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը: Երզնկան համբավավոր է իբրև Անահիտ դիցուհու սրբավայր: Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը:
 
Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ: Միջին դարերի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն այցելել է Երզնկա: Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ: Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց: Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի (Քեբանի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա Մալաթիայի դաշտում բազմաթիվ վտակներ ընդունելով`   ուժ է հավաքում պատռելու Տավրոսի լեռնաշղթան: Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500 մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում: Հորձանուտի ահարկու դղրդյունը լվում է շատ հեռվից: Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ`   Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա): Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ): Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում: 
 
Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը: գետի վերին հոսանքներում`   Կամախից վեր`   Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է`   0.6: Մինչև Քեբանիջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը`   10-12 մլրդ խոր.մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ: Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ: Տարեկան հոսքը 26 խոր. կմ է: 
 
Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են`   մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում`   250-300 մգ/լ: Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 մլն տ: Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար: Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը: Դեռ շատ հին ժամանակներից Եփրատն օգտագործվել է նավարկության համար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.