Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Կումայրի,Գյումրի) տեղի է ունեցել 1865թ-ի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը: Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Գոգոլի «Ռևիզոր»-ը: 1866թ-ից կազմակերպվել է թատերական մասնախումբ: 1879թ-ին առաջին անգամ խաղացվել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն: 1888թ-ին իր փոքրիկ խմբով թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել նաև անվանի շատ դերասաններ: Շեքսպիրյան դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը («Համլետ», 1901թ): 1917-18թթ-ին ներկայացումներ է տվել նաև Հովհաննես  Զարիֆյանը:

1928թ-ի նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով նոր թատերաշրջանն է բացում արդեն պետականացված Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և մինչև 1938թ-ը կոչվել է նաև երկրորդ պետթատրոն: Թատրոնի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից` Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ`Թ. Սարյան, Վ. Աճեմյան, Նկարիչ` Շերիշև: Շուտով այն համալրվեց նոր ուժերով`Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց.Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավրոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Կ. Արծրունյան, Ա.Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաև` Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուրեն Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ.Կոստանյանը: Բեմադրություններ են արել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ.Փափազյանը, Վ. Վաղարշյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է Վարդան Աճեմյանի վաստակը:

    Լենինականի թատրոնում են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել ԽՍՀՄ ժող. արտիստներ` Մհեր Մկրտչյանը և Վարդուհի Վարդերեսյանը:

    1985թ-ին Խ. Աբրահամյանի մուտքով Մռավյանի անվան թատրոնում սկիզբ առավ մի նոր ժամանակաշրջան, որն հիշեցրեց աճեմյանական ոսկեդարը:

    1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո, երիտասարդ բեմադրիչ Հ.Ղազանչյանը արդեն վերանվանված Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարեց 1989-1994թթ-ին` ամբողջապես կազմավորելով թատերախումբը, ստեղծելով նոր խաղացանկ:

    1994-1998թթ-ին Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարեց կինոռեժիսոր ՀՀ ժող. արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Ալբերտ Մկրտչյանը:

    2000-2003թթ-ին թատրոնը ղեկավարեց ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Գամջյանը։

    2004-ից մինչև 2014թ-ը, թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնեց ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ ազգային ռեժիսուրայի երևելի դեմքերից մեկը։   

    2014թ.-ին թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում նշանակվեց երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ով թատրոն բերեց գեղարվեստական նոր սկզբունքներ՝ շարունակելով թատրոնի լավագույն ավանդույթները։

    Լ.Հարությունյանն իր նախորդների օրինակով թատրոնի ստեղծագործական կազմը համալրեց երիտասարդ, շնորհալի դերասաններով։ Հիրավի, այս շրջանում թատրոնում զգացվում են միտումներ՝ ստեղծագործական կյանքը թարմացնելու և առաջընթացն ապահովելու ուղղությամբ։ Սրա վառ ապացույցներից է թատրոնում Մ.Մկրտչյանի անունը կրող փոքր դահլիճի բացումը, որը խթան կդառնա նորարարական բեմադրությունների, ստեղծագործական որոնումների ու նոր բացահայտումների, որոնք իրենց հերթին կնպաստեն 153-ամյա թատրոնի վերելքին։

   Թատրոնն իր առաջընթացն ապահովելու համար անդրադարձավ հայ դասական հեղինակների ստեղծագործություններին՝ համալրելով խաղացանկն ու հարստացնելով թատրոնի տարեգրության էջերը։ Ըստ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Երեք կաթիլ բարություն» եռապատումը (ռեժ. Լ.Հարությունյան) և  Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ»  լիրիկական կատակերգությունը (ռեժ. Ա.Բաղդասարյան) հանդիսատեսի կողմից ընդունվեցին խանդավառությամբ։  Այնուհետև, բեմ հանվեց Հ.Պարոնյանի «Շողոքորթն» կատակերգությունը (ռեժ. Ա.Բաղդասարյան), Հ.Թումանյանի «Տերն ու Ծառան» (ռեժ. Հ.Հովհաննիսյան), Վ.Կրասնագորովի «Սիրո CASTING» լիրիկական կատակերգությունը (ռեժ. Ն.Ծատուրյան), Գ.Գ.Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» (ռեժ. Ռ.Ասատրյան)։

   Շուրջ մեկ տարի տևած բեմադրական աշխատանքներից հետո, 2018թ-ին հանդիսատեսի դատին հանձնվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված՝ Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» դրաման (ռեժ.Լ.Հարությունյան)։  Այնուհետև, թատրոնը մանուկ հանդիսատեսի համար բեմադրեց՝ Ուստինովի և Տոբակովի «Ձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթ-ներկայացումը (ռեժ. Հ.Հովհաննիսյան), որին հաջորդեց՝ ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի» կատակերգությունը (ռեժ. Լ.Հարությունյան) և ըստ Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» հոգեբանական դրաման (ռեժ. Հ.Քեշիշյան)։

   Գյումրու դրամատիկական թատրոնը 2018թ-ին հյուրախաղերով հանդես եկավ Վանաձորում, Գորիսում, Երևանում, Էջմիածնում, Ստեփանակերտում, ինչպես նաև Լիբանանում, իսկ 2019թ-ի հունվարի 25-ից փետրվարի 11-ը հյուրախաղերով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։